կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-02-29 13:20
Քաղաքական

Միշտ բաց ենք համագործակցության համար. ԲՀԿ-ական

Միշտ բաց ենք համագործակցության համար. ԲՀԿ-ական

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը չի ցանկանում «ավանսով» գնահատել ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցությունը, քանի որ դրա արդյունքները, ըստ նրա, «կյանքը ցույց կտա» կամ «կապրենք, կտեսնենք»: Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց. «Ես արդեն անցել եմ այն ժամանակները, երբ ավանսով կամ նաղդով կարծիք էի հայտնում: Ես իմ աչքի տեսածին եմ հավատալու: Ցանկանում եմ, որ այդ համագործակցությունը ստացվի: Որ ստացվի, ուրախ կլինեմ»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ իշխանությունների համագործակցության հավանականությանը, Խաչատրյանը նշեց. «Մենք միշտ բաց ենք համագործակցության համար ցանկացած ուժի հետ, եթե որևէ դրական տեղաշարժ տեսնենք: Հիմա էլ մենք համագործակցում ենք՝ չխանգարելով, վատ գնահատականներ չտալով, աչքով չտալով: Հաշվեք, որ արդեն օգնում ենք: Լավը կլինի, լավը կասենք, վատը կլինի, վատը կասենք: Բայց մենք այսօր այլ տեսակի համագործակցության ցանկություն չունենք, որովհետև այդ փորձն անցել ենք, երբ բոլորը բոլորի հետ համագործակցել են, բայց արդյունքում ունենք այն, ինչ ունենք, այսինքն` չունենք ոչինչ»:

Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի կողմից այդ համագործակցությանը խանդով մոտենալու հարցին, Լյովա Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ եթե դա բարի նախանձ է, ապա ողջունում է. ԲՀԿ-ի դռները բաց են` թե\' դուրս գալու, թե\' ներս գալու համար:

Պատգամավորը շեշտեց, որ պատասխանատվությունը կիսելու մասին հայտարարեցին, թե\' ՀՀԿ-ն, թե\' ՀՅԴ-ն, և եթե այդ ուժերը վստահ են, որ կարող են ինչ-որ բան ուղղել, իսկ ուղղել արդեն պետք է սկսեին երեկվանից, ուրեմն ամեն օր հասարակությունը պետք է տեսնի այդ քայլերը: Խաչատրյանը ուշադիր է լինելու այդ համագործակցության արդյունքներին, եթե տեսնի լավը՝ ասելու է: