Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու տարի առաջ այս օրերին Զովունի-Քանաքեռավան տանող ճանապարհին ակտիվ որոնողական աշխատանքներ էին տարվում Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվող Մովսես Ներսիսյանի (Մոսո) դիակը հայտնաբերելու ուղղությամբ: Դիակն այդպես էլ չհայտնաբերվեց: Այն ժամանակ նախաքննական մարմինը քննչական փորձարարություն էր կատարել, մասնավորապես` սատկած խոզ էին գցել Քանաքեռավանում գտնվող դիտահորը՝ պարզելու` արդյո՞ք այն կհայտնաբերվի, թե՞ ոչ:
Այսօր արդեն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործում առկա ապացույցները հետազոտելիս մեղադրող դատախազ Փանոսյանը հայտնեց, որ, ըստ քննչական փորձարարության, խոզի մարմինը պետք է հասներ Աերացիայի մաքրման կայան, սակայն դա տեղի չի ունեցել:
Գործով միակ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը, սակայն, հայտարարեց, որ փորձարարության համար 120 կգ-անոց խոզ են գցել, որը ջրմուղի աշխատակիցները հայտնաբերել են, սակայն այդ փաստը, չգիտես` ինչու, գործում առկա չէ: Ըստ նրա՝ դա արվել է նրա համար, որպեսզի պատճառաբանեն, թե ինչու չեն գտնում Մոսոյի դիակը:
Նշենք, որ, համաձայն հետազոտված ապացույցների, «Մագնում» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկի աստիճանների, սանհանգույցի դռան բռնակի վրա հայտնաբերվել են արյունանման հետքեր: Փորձաքննության արդյունքներով հաստատվել է` միայն մեկ հետքն է համընկել Մոսոյի արյան խմբին, իսկ մյուս հետքերի կազմությունը որոշել չի հաջողվել: Այս կապակցությամբ ամբաստանյալի պաշտպան Հեկտոր Սարդարյանը նշեց, որ եթե անգամ արյան հետքերը լվացած լինեին, հնարավոր էր այն փորձաքննության միջոցով պարզել, սակայն չի պարզվել, և ըստ նրա՝ աննշան հետքը հայտնաբերելը հանցագործության իմիտացիա է:
Ի դեպ, Yerkir.am-ի տեղեկություններով, արյան հայտնաբերված հետքերը համեմատելու համար, որպես փորձանմուշ, վերցվել է Մովսես Ներսիսյանի որդու՝ Կարեն Ներսիսյանի արյունը, քանի որ, ըստ փորձաքննության, երկուսն էլ արյան նույն խմբին են պատկանել:
Այսօրվա դատական նիստում հետազոտվեցին նաև Մոսոյի որդու՝ այս գործով վկա Կարեն Ներսիսյանի և Իսրայել Սարգսյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումները: Ըստ այդ խոսակցությունների՝ Կարենը մի քանի անգամ զանգահարել է Իսոյին և հետաքրքրվել` արդյո՞ք տեղյակ է, թե որտեղ է գտնվում իր հայրը: Իսոն էլ ասել է, որ չգիտի, որ նրա հետ ուշ-ուշ է հանդիպում: Նշենք, որ այս գործով ցուցմունք տված վկաներից մեկը՝ Աշոտ Բոլյանը, դատական նիստերից մեկի ժամանակ կարծիք էր հայտնել, որ իրականում Մոսոն ողջ է, որ նրան ձեռնտու էր ինչ-որ կլորիկ գումարի դիմաց երկրից հեռանալ: Նշենք, սակայն, որ նրա` ողջ լինելու վերաբերյալ վարկածը քննության առարկա չի դարձել, հակառակ դեպքում` նրան հայտնաբերելու համար կհայտարարվեր միջազգային հետախուզում:
Այսօրվա դատական նիստում Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանն ասաց, որ, համաձայն քննության տվյալների, տուժող Արթուր Սաֆարյանը հիմնականում կապված է եղել ՌԴ-ի հետ, սակայն քննությունը որևէ քայլ չի ձեռնարկել՝ պարզելու` արդյո՞ք ՌԴ-ում կան մարդիկ, ովքեր կարող էին իրագործել այդ հանցագործությունը:
Դատարանում հետազոտվեցին նաև Իսրայել Սարգսյանի, այս գործով նախկին մեղադրյալ Տիգրան Ասատրյանի, Արթուր Սաֆարյանի եղբոր՝ քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի հեռախոսային խոսակցությունները: Ըստ այդ խոսակցություններից մեկի՝ Թևոս Սաֆարյանը հայտնել է, որ շրջանառվող քննչական վարկածը, թե իբր իրեն թուլացնելու համար են Արթուրին սպանել, ճիշտ չէ: Խոսակցություններից մեկում էլ նշվում է սպանության պատճառի և 1 մլն 200 հազար «վազվրատի» մասին: Մի քանի խոսակցություններից երևում է, որ նախկին ոստիկան, գործով նախկին մեղադրյալ Տիգրան Ասատրյանը դժգոհ է Թևոս Սաֆարյանից. ոմն Եղիշի հետ խոսակցության ընթացքում Տիգրանն ասում է .«Արթուրն էր մեր կապը, թե չէ` ես իրա հետ վաղուց թթված եմ (խմբ. ըստ Իսոյի՝ նկատի ունի Թևոսին)»: Եղիշն էլ ասում է. «Դառան 0-0, քվիթ եղան»: Թե ի՞նչ նկատի ունի զրուցակիցը` «քվիթ եղան» ասելով, պարզ չէ: Այնուհետև Տիգրանն ասում է. «Ապե\'ր, գիտե՞ս սատանեն ով ա` 66 թվին ծնված սատանի թվերով մի հատ սատանա ա, ասում են` մի հատ աչքերից արցունք դուրս չի էկե»: Ոմն Ռաֆոյի հետ խոսակցության ժամանակ էլ Տիգրանն ասում է. «Գլխակեր ա, կերավ սաղի գլուխը, ես զարմանում եմ դրա հետ ո՞նց ենք շփվում, խի՞ ենք շփվում, ո\'չ իրա ընտանիքի, ո\'չ էրեխեքի, ո\'չ էլ մեր համար, ոչ մեկիս համար մի լավ բան չի արել, ինքն իրա համար չի ապրում, իրա ապրելու արժեքն էն ա, որ էսքան մարդիկ են վարի էթում»:
Ի դեպ, Թևոս Սաֆարյանը ծնվել է 1966-ին, և ըստ Իսրայել Սարգսյանի՝ խոսակցությունը հենց նրա վերաբերյալ է: Խոսակցությունների հրապարակումից հետո ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանն ասաց. «Այդ հրապարակումները բերում են այն համոզմունքին, որ տուժող կողմի մոտ՝ Թևոսի և նրա շրջապատի, որևէ համոզմունք, մանավանդ` լիարժեք համոզմունք, թե կատարողն ով է կամ ինչ նպատակով կամ պատճառով, չկա, թեև շրջանառության մեջ Իսրայել Սարգսյանն արդեն կա՝ որպես իբր կատարող»:
Նշենք, որ այս գործով վկա Աշոտ Բոլյանը, ով ՌԴ-ում ուժային կառույցներում է աշխատում և պաշտոնի բերումով գործի նախաքննության ընթացքում տիրապետել է գործի շատ փաստական տվյալների, դատարանում հայտարարել էր, որ կասկածներ է ունեցել, որ սպանությունը կարող էր պատվիրած լինել Տիգրան Ասատրյանը, քանի որ նա դրա համար շարժառիթներ է ունեցել: Մասնավորապես, ըստ նրա, Տիգրանն ասել է, որ Թևոս Սաֆարյանն իրեն ֆինանսապես «քցել է» և նրանից վտանգ է զգացել: Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է: Ըստ վկայի՝ Թևոս Սաֆարյանն ու Տիգրան Ասատրյանը մինչ օրս թշնամական հարաբերություններ ունեն:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ