կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-02 01:46
Տնտեսական

Թանկացել է յուղը, միսը, միրգը

Թանկացել է յուղը, միսը, միրգը

Այս տարվա մայիսին, ի համեմատություն նախորդ ամսվա, սպառողական շուկայում պարենային մթերքների գնային փոփոխություններ գրեթե չեն եղել: Սակայն այս պայմաններում որոշ ապրանքատեսակների գներն ունեցել են աճման, իսկ որոշ ապրանքատեսակների գներ` նվազման միտում: 

Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 7-ում արձանագրվել է 0.1-1.3% գնաճ, 3-ում` 2.1-0.2% գնանկում,  իսկ մյուս 3-ում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ:

Այսպես` կենդանական եւ բուսական յուղը թանկացել է 1.1 տոկոսով` արեւածաղկի ձեթ 0.7%,  եգիպտացորենի ձեթ 1.0% կարագ` 0.9%:

Հանրապետության դիտարկված 9  քաղաքներում յուղերի գներն աճել են 0.4-2.7%-ով, մեկում գրանցվել է 0.3% գնանկում, իսկ մյուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: 

Մրգերի ապրանքախմբում տանձը թանկացել է 3.6 տոկոսով, նարինջը` 4.4%, խաղողը` 10.4%,  մանդարինը`11.8%:  Միաժամանակ ,ելակի գինը նվազել է 10.6, ադամաթզինը` 2.2,  խնձորինը` 1.3, կիտրոնինը` 0.1 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, հանրապետության դիտարկված 10 քաղաքներում մրգի գներն աճել են 0.2-5.8 տոկոսով, իսկ Վաղարշապատում արձանագրվել է 3.1% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 0.7 տոկոսով: 

Մսամթերքների ապրանքախմբում գրանցվել է 0.5%  գնաճ:  Սա հիմնականում պայմանավորվել է խոզի մսի 3.7 տոկոս թանկացումով: Տավարի մսի գինն աճել է 0.1 տոկոսով, իսկ ոչխարի մսի գնի մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկված 9  քաղաքներում արձանագրվել է մսամթերքի 0.1-3.3%  գնաճ, մեկում` 0.7 տոկոս գնանկում, իսկ մյուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.4 տոկոսով: 

Կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 0.5 տոկոս գնաճ: Սա մեծապես պայմանավորվել է   մածունի, թթվասերի, կաթնաշոռի 0.6 տոկոս, «Չանախ», «Լոռի» և  «Չեդեր» պանիրների համապատասխանաբար  1.1, 1.1 եւ 1.7 տոկոս գնաճով:

Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում գրանցվել է 0.2-4.9 տոկոս գնաճ, 3-ում` 0.5-0.3 տոկոս գնանկում, իսկ մյուս 3-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Սուրճը,  թեյը,  կակաոն եւ հրուշակեղենը թանկացել են համապատասխանաբար 0.1 և 0.2 տոկոսով, իսկ բանջարեղենն ու կարտոֆիլը  2.1 տոկոսով:

Շաքարավազը թանկացել է 1.3 տոկոսով:  Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում շաքարավազի գինն աճել է 0.4-3.7%-ով,  ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Հրազդան, Չարենցավան քաղաքներում: Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է  0.7%-ով: