կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-19 12:42
Իրավական

Ի՞նչ կտա վարորդներին ԱՊՊԱ-ների հետ կապված նոր փոփոխությունը

Ի՞նչ կտա վարորդներին ԱՊՊԱ-ների հետ կապված նոր փոփոխությունը

2016-ի մարտի 1-ից Հայաստանում գործելու է ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից լրացվող՝ համաձայնեցված հայտարարագրի ձևը: Նոր նախագծով` եթե ավտոպատահարների արդյունքում մեքենային հասցված ընդհանուր վնասի չափը չի գերազանցում 50 հազար դրամը, մասնակից վարորդները կարող են չսպասել ապահովագրական ընկերությունների մասնագետներին և հեռանալ պատահարի վայրից՝ լրացնելով համապատասխան հայտարարագրի ձևը և լուսանկարելով պատահարի մանրամասները:

Հայաստանի ապահովագրողների բյուրոն բոլոր վարորդներին և ավտոմեքենաների սեփականատերերին հորդորում է նշված փաստաթղթից մի քանի օրինակ մշտապես պահպանել ավտոմեքենայում:

Եվրոպական դատական փորձաքննությունների ինստիտուտի Կովկասյան տարածաշրջանի նախագահ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով՝ սա լուրջ փոփոխություն է, ինչի արդյունքում էականորեն կնվազի մայրաքաղաքում և մարզերում ավտոպատահարների հետևանքով առաջացած խցանումների թիվը, բացի այդ` կարագանա պատահարի արդյունքում հասցված վնասի հատուցման գործընթացը, կտարանջատվի ոստիկանության գործառույթը և այլն:

«Մարդիկ այսուհետ ստիպված չեն լինի երկար սպասել, որպեսզի տարբեր փորձաքննություններ նշանակվեն, այլ փորձագիտական եզրակացությունները կստանան մոտ մեկ շաբաթում, այսինքն` վարորդի մեղքը կորոշվի 7 օրվա ընթացքում: Այսինքն` ոստիկանությունը հավաքելու է ելակետային տվյալները, փորձաքննություն է նշանակվելու, իսկ ապահովագրական ընկերությունները միայն փոխհատուցելու են հասցված վնասը»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Բաղդասարյանի խոսքով՝ հետխորհրդային երկրներից Հայաստանն առաջիններից է, որն ապահովագրական ոլորտում նման քայլ է կատարում: Այս ստանդարտները կիրառվում են և’ Եվրոպայում, և’ ԱՄՆ-ում:

Դիտարկմանը, թե արդյո՞ք այս փոփոխությամբ չեն ավելանա շինծու դեպքերը, նա պատասխանեց. «Վերջին շրջանում մեծացել է շինծու պատահարների թիվը, և, որպես կանոն, շինծու դեպքերը կապված են խոշոր վնաս առաջացրած պատահարների հետ, իսկ այս դեպքում խոսքը վերաբերում է 50 հազար դրամը չգերազանցող վնասին: Ապահովագրական ընկերությունները զրկված չեն ստուգելու հնարավորությունից` արդյո՞ք պատահարը շինծու է, թե՞ ոչ. փորձագետները եղած ելակետային տվյալների հիման վրա, կարող են փաստել՝ դեպքը շինծու է, թե՝ ոչ»:

Նոր նախագծով բավականին պարզեցված է հայտարարագրի ձևը: Դրանում ընդամենը պետք է նշել ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի որոշ մանրամասներ, պատահարին մասնակից ավտոտրանսպորտային միջոցների և վարորդների որոշ տվյալներ, տրանսպորտային միջոցի վնասված դետալը (ները), մեղավոր և անմեղ վարորդների ստորագրությունները:

Իրականում դժվար է պատկերացնել, թե ինչպես են հայ վարորդները վթարից հետո խելք խելքի տալու` որոշելու, թե իրենցից ով է մեղավոր, լրացնելու համապատասխան հայտարարագիրը և, ի վերջո, լուսանկարելու, չէ՞ որ այսօր ոչ բոլորը ձեռքի տակ ունեն լուսանկարչական սարք կամ լուսանկարելու հնարավորություն ունեցող բջջային հեռախոս:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, սակայն, եթե այդ գործընթացը կարող է կատարել ցանկացած եվրոպացի կամ ամերիկացի, ինչո՞ւ պետք է Հայաստանի քաղաքացին դժվարանա, մանավանդ, որ մերոնք շատ ավելի գրագետ են եվրոպացիներից կամ ամերիկացիներից:

Ինչևէ, փորձը ցույց կտա, թե ինչպես հայ վարորդները կկիրառեն այս նորամուծությունը, սակայն այն, որ այս բեռը փաստացի ընկնելու է պատահարի վայր ժամանած ճանապարհային ոստիկանների վրա, ակնհայտ է, իսկ արդյունքում շահելու են ապահովագրական ընկերությունները, թերևս գոնե՝ ժամանակի տեսանկյունից: