կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-17 17:31
Առանց Կատեգորիա

Իրանը հանում է Հայաստանը թուրք-ադրբեջանական շրջափակումից

Իրանը հանում է Հայաստանը թուրք-ադրբեջանական շրջափակումից

Թեհրանը և Թբիլիսին պայմանավորվել են Վրաստանին Հայաստանի տարածքով  200 մլն խոր. մ իրանական գազ մատակարարելու շուրջ։ Այս մասին, ըստ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության, հայտնել է գազի արտահանմամբ զբաղվող` Իրանի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամելին Թեհրանում Իրանի նավթի հարցերով նախարար Բիժամ Նամդարի և Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի միջև կայացած բանակցություններից հետո։ Քամելին տեղեկացրել է, որ պայմանագիրը կողմերի միջև կկնքվի 7 ամսով և հիմք կհանդիսանա հետագա համագործակցության համար, իսկ գազի մատակարարումները կարող են սկսվել արդեն այս տարվա մարտի վերջերից։  «Սակայն մինչ այդ Վրաստանը դեռևս պետք է ստանա Հայաստանի համաձայնությունը գազի տարանցման հարցում»,- ավելացրել է իրանցի պաշտոնյան։

Ընդամենը մեկ շաբաթ առաջ պաշտոնական Թեհրանից նշում էին, թե դեռևս քննարկվում է գազի տեղափոխման երթուղին, որը կարող է անցնել ինչպես Հայաստանով, այնպես էլ Ադրբեջանով։ Այն փաստը, որ հիմա խոսվում է մատակարարվելիք գազի կոնկրետ ծավալների մասին, որն իրականում այդքան էլ մեծ չէ՝ ընդամենը 200մլն խոր. մ (ավելի վաղ խոսվում էր 500 մլն խոր. մ-ի մասին), վկայում է, որ Իրանը և Վրաստանը, կարծես, վերջնականապես կանգ են առել Հայաստանի տարածքը գազի տարանցման համար օգտագործելու տարբերակի վրա՝ հրաժարվելով Ադրբեջանի առաջարկից։  Եթե խոսքը գնում է գազի մատակարարումներն արդեն մարտի վերջերից սկսելուն, ապա սա նշանակում է, որ Հայաստանի ենթակառուցվածքային համակարգը համարվում է պատրաստ` ցանկացած պահի ապահովելու այդ ծավալով գազի տարանցումը։ Խոսքն առաջին հերթին 288 կմ երկարությամբ և 700 մմ տրամագծով, մինչև 2մլրդ խոր. մ թողունակությամբ Իրան-Հայաստան խողովակաշարի մասին է, որով հիմա Հայաստան է մտնում ընդամենը 370 մլն խոր. մ գազ։

Այսպիսով` կարծես թե առաջին անգամ Հայաստանը, առայժմ խիստ նախնական, հաղթանակ է տանում Ադրբեջանի նկատմամբ տարածաշրջանային էներգետիկ նախագծերում։ Բաքուն ամեն ինչ անում էր ընդհանրապես Վրաստանի և Իրանի կամ Ռուսաստանի միջև հավելյալ գազամատակարարման հնարավոր գործարքները թույլ չտալու համար։ Ապա, թերևս հասկանալով, որ դա անխուսափելի է, փորձում էր կանխել այդ նախագծերում Հայաստանի  ներառումը։ Ի դեպ, այդ վտանգը դեռևս վերացած չէ։ Առաջիկայում սպասվում է նախագահ Ալիևի այցը Իրան, և ակնհայտ է, որ եթե մինչ այդ համապատասխան պայմանագրային հիմքը ստեղծված չլինի, Ալիևն այդ այցը ծառայեցնելու է Հայաստանին խաղից հանելու խնդիրը լուծելու համար։ Մինչև Թեհրան մեկնելը Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն գտնվում էր Բաքվում, որտեղ, սակայն, չկարողացավ Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ հայտարարի գալ Վրաստանին մատակարարվող ադրբեջանական գազի սակագինը նվազեցնելու և ծավալները մեծացնելու շուրջ։ Պետք է ենթադրել, որ  դրանից հետո Կալաձեն Իրան է մեկնել Բաքվի կողմից տարանցման կոնկրետ առաջարկներով, որոնք, փաստորեն, Թեհրանի կողմից մերժվել են։

Նախապատվությունը տալով Հայաստանին` Թեհրանը փորձում է հարավկովկասյան տարածաշրջանում ուժեղացնել նրա դիրքերը և Հայաստանի ու Վրաստանի միջոցով իր էներգետիկ ներկայությունն ու հավակնությունները հաստատել Հարավային Կովկասում։ Իրականում այս գործարքը Իրանին լուրջ տնտեսական դիվիդենդներ չի տալիս, որովհետև խոսքը գնում է Իրանի պոտենցիալի համեմատ չափազանց փոքր, ուղղակի սիմվոլիկ ծավալի արտահանման մասին։ Սակայն սա ստատուս քվոն խախտելուն ուղղված ճեղքում է, որին պետք է հաջորդեն  հարավկովկասյան երթուղով իրանական գազը եվրոպական շուկաներ հասցնելուն ուղղված հեռանկարային նախագծեր։

Ուշագրավ է, որ, չնայած ընդամենը մոտ մեկ ամսից Հայաստանով Վրաստանին գազ մատակարարելու հնարավորության մասին հայտարարությանը, Ալիռեզա Քամելին շեշտում է Հայաստանի համաձայնությունը ստանալու անհրաժեշտությունը։ Գուցե խոսքը վերաբերում է զուտ ֆորմալ առումով Երևանին դիմելու և համաձայնություն ստանալուն, ի վերջո, Իրանից դեռ մեկ շաբաթ առաջ էին պնդում, որ Հայաստանը տարանցման ցանկություն է հայտնել։ Սակայն չի բացառվում, որ իրանական կողմն ակնարկում է, այդ հարցում ինքնուրույն որոշում կայացնելու առումով, Ռուսաստանից Երևանի կաշկանդվածությունը հաղթահարելու խնդիրը։

Հունվարի 25-ին «168 ժամ» պարբերականին տված հարցազրույցում ռուսական «Գազպրոմ» ընկերության սեփականությունը հանդիսացող «Գազպրոմ-Արմենիա» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, պատասխանելով Հայաստանով իրանական գազի տարանցման հնարավորությանը վերաբերող հարցին, ասել էր «Մենք՝ որպես ընկերություն, շահագրգռված ենք ինքներս տարանցում անել։ Այսինքն` եթե ապագայում Վրաստանն ու Իրանը համաձայնության գան գազի մատակարարման հարցում, մենք, ինչո՞ւ ոչ, պատրաստ ենք մեր գազատարն օգտագործել տարանցումն ապահովելու՝ իրանական գազը Վրաստան հասցնելու համար»։ Դժվար է պատկերացնել, որ «Գազպրոմ-Արմենիա»-ի գլխավոր տնօրենն այս նուրբ ու քաղաքական մոտիվներ ունեցող խնդրի մասին նման պատասխանատու հայտարարություն աներ՝ առանց ռուսական կողմի տրամադրվածությանը կամ գուցե ՀՀ կառավարության և «Գազպրոմ»-ի միջև քննարկումներին տեղյակ լինելու։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ ռուսական կողմը գուցե Իրանի ծրագրերը խափանելու անիմաստ ու անհեռանկար կուրսից տեղափոխվում է այդ ծրագրերում, մասնավորապես` «Գազպրոմ-Արմենիա»-ի միջոցով ներգրավվածություն ունենալու ռացիոնալ հարթություն։ Սակայն, հաշվի առնելով Վրաստանին մատակարարվելիք գազի փոքր ծավալները, չի բացառվում նաև, որ տեղի է ունենում ընդամենը յուրօրինակ գործարք Իրանի և Ռուսաստանի միջև՝ լուծելու համար Հայաստանին մատակարարվող ռուսական գազի տարանցման վճարի շուրջ «Գազպրոմ»-ի և Թբիլիսիի միջև առաջացած թնջուկը։

Մեկ բան ակնհայտ է` Իրանի այս ճեղքումը և այստեղ Հայաստանին որպես առաջնահերթ պոտենցիալ գործընկեր դիտարկելն էականորեն ամրապնդում է Հայաստանի բանակցային դիրքերը նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Դրա վկայությունն էին օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանի բավականին թափանցիկ և զգալիորեն կոշտ ակնարկները «Գազպրոմին»՝ գազի սակագինն իջեցնելու պատճառների մասին։ Փետրվարի 4-ին, դիմելով «Գազպրոմ-Արմենիա»-ին, վարչապետը, հենվելով հենց իրանական գործոնի վրա, հայտարարեց․ «Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված` ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը»։

Եթե Հայաստանին հաջողվի դեպի Վրաստան գազի տարանցման հարցում լեզու գտնել Ռուսաստանի հետ և ցույց տալ, որ դա Ռուսաստանի շահերի համար ապոկալիպտիկ նշանակություն չունի, ինչպես պատկերացնում են Մոսկվայում, ապա հաջորդ քայլը պետք է դառնա Իրան-Հայաստան երկրորդ ու խոշոր գազատարի շինարարությունը։ Այդ ժամանակ Երևանը վերջնականապես կչեզոքացնի և կիմաստազրկի իր նկատմամբ կիրառվող` 25-ամյա թուրք-ադրբեջանական բլոկադան։ Դրան ուղղված առաջին լուրջ քայլը 2015թ․ վերջին  Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ հզոր միջանցք ստեղծելու համաձայնությունն էր։

 Գևորգ Դարբինյան