կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-16 16:57
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում տարածվել է շրջափակումից դուրս եկող հայ զինծառայողների տեսանյութը

Twitter–յան ASB News/Military էջը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են շրջափակումից դուրս գալիս Հադրութի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը պաշտպանող հայ զինծառայողները։ Ըստ էջի՝ նրանց հաջողվել է դուրս գալ հայկական հատուկջոկատայինների օգնությամբ։

News.am–ի հետ զրույցում այդ շրջանում դիրքեր պահած պահեստազորային Սամվել Աֆինյանը նշել է, որ տեսանյութն արվել է դեկտեմբերի 12-ին։

«Տեսանյութում մեր վաշտն է, Հին Թաղերից գալիս ենք դեպի Խծաբերդ, Խծաբերդ չհասած տարածքում է տեսանյութն արված»,- նշեց նա։

Սամվել Աֆինյանը հայտնեց, որ 120 հոգուց 83-ին հաջողվել է դուրս գալ  ադրբեջանցիների հետ բանակցելուց հետո։ Նրանց թվում վիրավորներ կան՝ 6-ից 7 հոգի, զոհեր չեն եղել։

10 հոգանոց մի ջոկատ մարտի բռնվելուց հետո գերի է ընկել Հին Թաղերի ուղղությամբ։

Սամվել Աֆինյանը նշեց, որ իրենց վաշտը պահել է Հին Թաղերի դիրքերը, որի ուղղությամբ հարձակում է եղել դեկտեմբերի 11-ին։ Խծաբերդի ուղղությամբ դիրքը պահել է ՄՈԲ-ի այլ խումբ՝ Շիրակի մարզից։ Նրանցից որեւէ տեղեկություն, Սամվել Աֆինյանը նշեց, որ չունեն։