Փոխարժեքներ
23 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Նախագահի ելույթը կարելի է որպես զենք օգտագործել իշխանության ներկայացուցիչների դեմ՝ ամեն առիթով հիշեցնելով, թե ինչպես պետք է գործել և ինչին պետք է ձգտել. այսօր լրագրողներին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին ծրագրային ելույթին:
Նրա համոզմամբ՝ նախագահի ելույթը կարելի է դարձնել հղման կետ, և առիթի դեպքում հիշեցնել հանրապետականներին իրենց գործողությունները` ասելով. «Մի՞թե չեք հարգում ձեր ղեկավարի խոսքը»:
Թևան Պողոսյանի համար ելույթում երկու նորություն կար: Առաջինը` նախագահը հորդորում է իր թիմակիցներին՝ բավ է ամեն ինչ բարդել վերևի վրա, և թող ամեն պաշտոնյա իր տեղում կատարի իր գործը և պատասխանատվություն վերցնի: Երկրորդ նորությունը այն գաղափարի արտահայտումն էր, որ հայրենիքը սիրել կարող են ոչ միայն հանրապետականները, այլ նաև այլ քաղաքական ուժեր, որոնք ունեն փայլուն մասնագետներ և կարող են կառավարել:
«Նախագահի ելույթում կար գաղափար` ժամանակ է եկել՝ այնտեղ, որտեղ հանրապետականը չի կարողանում, պետք է համալրել այլ մասնագետներով: Եվ եթե այդ մոտեցումը կյանքի կոչվի, ուրեմն շատ դրական փոփոխություններ կլինեն: Ընդ որում` մեկ ամիսը շատ բավարար կլինի, որ ելույթը կյանքի կոչվի»,- ասաց Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ փոփոխությունները մեր երկրում դարձել են օրհասական անհրաժեշտություն, քանի որ տնտեսությունը չի աշխատում, առաջացել են լուրջ խնդիրներ բոլոր ոլորտներում՝ արտագաղթ, ծնելիության նվազում: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի երկու մարզ անցել է ծերացող համայնքի վտանգավոր շեմը, և երկու տարի հետո դա ամբողջ Հայաստանին է սպառնալու: Ուստի օր առաջ պետք է գնալ փոփոխությունների:
Թևան Պողոսյանը նաև բնական է համարում պատասխանատու պաշտոններում երիտասարդ կադրերի նշանակումն ու սերնդափոխության վերաբերյալ ակնարկները նախագահի ելույթում. որքան իշխանությունները հանգիստ անցնեն սերնդափոխությանը, այնքան դա միայն դրականորեն կազդի:
«Դա տեսլականի ելույթ էր: Եթե իշխող կուսակցությունն ունի այս տեսլականը, ապա թող դա լինի ուղեցույց և հաշվետվություն` ի՞նչ եք արել, որ արտագաղթը կանգնի, արդարադատությունը վերականգնվի: Սկսվում է ԱԺ քառօրյան, տեսնենք, թե ընդդիմության քանի նախաձեռնությունների ականջալուր կլինի իշխանությունը, և արդեն մեկ ամսից կարող ենք ասել՝ իրականում ինչին էր ուղղված այդ ելույթը»,- ասաց Թևան Պողոսյանը: