|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սեպտեմբերի 25-ին Երևանում անհայտ անձը կամ անձինք թալանել են Աջափնյակ վարչական շրջանում գործող «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնների մեկը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 08:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում՝ Մարգարյան 19/3 հասցեում գործող «Վիվա Արմենիա» սպասարկման կենտրոնից գողություն է կատարվել։
Պարզվել է նաև, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 20:00-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են մուտքի դուռը, ապա մտել ներս և այնտեղից հափշտակել մոտ 25 տարբեր տեսակի բջջային հեռախոսներ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ սպասարկման սրահի աշխատակիցը հայտնել է, որ իրենց պատճառվել է 4 միլիոն 500 հազար դրամի վնաս։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված սպասարկման կենտրոնը հսկվում է «Քինգ Մարշալ» ընկերության կողմից։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։