|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արցախցի փաստաբան Անուշ Շահրամանյանը գրում է.
«Անշարժ գույքի գները պարզապես սարսափելի են, Հայաստանում ապրող ու միջին աշխատավարձ ստացող մարդու համար՝ անհասանելի։
Պարզ է, որ կա պահանջարկ, և դա գոյացնում է այդ գինը, բայց պետությունն էլ այս պայմաններում պիտի աջակցի Հայաստանում ապրող ու հարկ վճարող մարդուն՝ տուն ձեռք բերելու հարցում։
3-4 միլիոնը մի անձի համար, այն պայմաններում, երբ եկամտահարկի վերադարձով, քաղաքի ծայրամասում, նորակառույց շենքում երկու սենյականոց բնակարանի գները սկսվում են 36 միլիոն դրամից, առանց լրացուցիչ աջակցության թույլ չի տա տեղահանված անձին դուրս գալ չափազանց մեծ վարկային բեռից։ Կառուցապատողները, բանկերը ստանում են գերշահույթ՝ բառիս բուն իմաստով մարդու ողջ կյանքի վաստակածի հաշվին:
Ու միայն պետությունը կարող է այս հարցը կարգավորել. ի՞նչու արցախցիների բնակարանային ապահովման ծրագրով չկա ցածր տոկոսով վարկ տրամադրելու բաղադրիչը:
Խնդրում ենք քննարկել ու լուծել այս հարցը: Եթե սերտիֆիկատ ստացած ընտանիքների մի մասը կարող է մարզային բնակավայրում տուն ձեռք բերել պետական աջակցության գումարի սահմաններում, ապա մյուս մեծ մասը ստիպված է առնվազն 20–30 միլիոն դրամ վարկ վերցնել՝ Երևանում կամ հարակից համայնքներում 50–60 քմ բնակարան ձեռք բերելու համար։
Մինչդեռ 13% տոկոսադրույքով, 20 տարով 20-30 միլիոն դրամ վարկ վերցնելու դեպքում՝
քաղաքացին բանկին միայն որպես տոկոսավճար վճարելու է մոտ 36-54 միլիոն դրամ։
Այսինքն՝ միայն տոկոսների գումարը մի քանի անգամ գերազանցելու է աջակցության գումարը:
Առանց տոկոսների չափի էական նվազեցման կամ պետական սուբսիդավորման՝ ընտանիքները հայտնվելու են խորը և անելանելի ֆինանսական ծուղակում։ Այս պահին արցախցիների իրավունքների պաշտպանության մասով սա ամենալուրջ խնդիրն է, որի վրա պետք է կենտրոնանալ ու լուծում գտնել՝ առանց ագրեսիայի, իրար վիրավորելու կամ պիտակավորելու»։