կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-18 08:04
Քաղաքական

ՀՀ Նախագահի ելույթը Կիպրոսի ներկայացուցիչների պալատում

ՀՀ Նախագահի  ելույթը Կիպրոսի ներկայացուցիչների պալատում

Պետական այցով Կիպրոսում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ:

 

Հանդիպման ժամանակ Նախագահը և Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդն անդրադարձել են հայ-կիպրական դարավոր բարեկամությանը, պատմականորեն երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությանը, ինչպես նաև պետականության կորստի դժվարին ժամանակներում մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում հայ և կիպրացի ժողովուրդների կյանքում եկեղեցու ունեցած դերին և նշանակությանը:  


Նախագահ Սարգսյանը Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ  խոսել է նաև կիպրահայ համայնքի մասին, որը Կիպրոսի իշխանությունների և նաև եկեղեցու շնորհիվ հաջողությամբ ինտեգրվել է այդ երկրի հասարակությանը` պահպանելով իր ազգային ինքնությունը։
Այնուհետեև Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ և Ներկայացուցիչների պալատում հանդես եկել ելույթով: Նա մասնավորապես ասել է.


Մեր ժողովուրդների բարեկամությունն իսկապես անկեղծ է և ամուր: Այն դիմակայել է թե՛ ժամանակների փորձությանը, թե՛ պատմության վայրիվերումներին: Պատմությունը հաճախ դաժան փորձությունների է ենթարկել մեզ` սասանելով մեր պետականությունը և դահիճներին հանձնելով հազարամյա մշակույթ կրող մեր ժողովուրդներին: Մեր ազատասեր ժողովուրդները օտար լծից ազատվելու համար ընդհանուր թշնամու դեմ տևական մաքառումների և անդառնալի կորուստների գնով վերականգնել են անկախ և խաղաղ ապրելու իրավունքը:


Մեծ դժվարությունների բովով անցած մեր ժողովուրդներն այսօր էլ զերծ չեն խնդիրներից: Դժբախտաբար, թերևս մարդկության ամենաքաղաքակիրթ այս դարաշրջանում դեռևս կան ուժեր և պետական գործիչներ, որոնք չեն ձերբազատվել հնամաշ մտածելակերպից և նվաճողի հոգեբանությունից, որոնք առաջնորդվում են «ուժեղն է թելադրումե մոտեցմամբ: Այդ իսկ պատճառով մենք պարտավոր ենք այսօր կրկնապատկել և բազմապատկել մեր ընդհանուր ջանքերը` մեր խնդիրներին արդարացի լուծում տալու և մեր ժողովուրդներին խաղաղություն ապահովելու նպատակով:
Այս առումով կցանկանայի խոսել Հայաստանի և ամբողջ հայության համար կենսական մտահոգության խնդիրների` Լեռնային Ղարաբաղի և փակուղում գտնվող Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին: Կարևոր եմ համարում այս խնդիրների շոշափումը, քանզի տեղեկատվական տեխնոլոգիաների ներկա դարաշրջանում ապատեղեկատվությունը հաճախ շատ արագ ստվերում է ճշմարտությունը:
Տոտալիտար ռեժիմի կողմից Ադրբեջանին բռնակցված Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի հաշտվել իրեն պարտադրված կարգավիճակի հետ: Նրա աչքի առաջ են եղել մեկ այլ բռնակցված տարածքի՝ Նախիջևանի հայերի ճակատագիրը, որոնք չդիմանալով Ադրբեջանի իշխանությունների բռնաճնշումներին, ստիպված էին լքել այն հողը, որի վրա ապրել էին հազարամյակներ: Ուստի պատահական չէր, որ խորհրդային շրջանի ողջ ընթացքում, և հատկապես` ազատականացման գործընթացներին զուգընթաց Լեռնային Ղարաբաղի բնակչությունը  պարբերաբար բարձրացնում էր իր անկախության հարցը: Իսկ 1991թ. հաստատեց այն հանրաքվեի միջոցով, որը լիովին համապատասխանում էր Խորհրդային Միության գործող օրենսդրությանը: Ադրբեջանը փորձեց բացահայտ էթնիկական զտումների և զինված ագրեսիայի միջոցով խեղդել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Չկարողանալով հաղթել իր իսկ կողմից սանձազերծած պատերազմում` Ադրբեջանը ստիպված եղավ 1994 թվականին ստորագրել հրադադարի եռակողմ համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ: Ցավոք, տևական խաղաղություն հաստատելու այդ բացառիկ հնարավորությունը, որը  կարող էր սկիզբ դառնալ տարածաշրջանային ժողովուրդների խաղաղ գոյակցության և զարգացման համար, Ադրբեջանի կողմից մինչև այսօր օգտագործվում է նոր ռազմական ագրեսիա նախապատրաստելու նպատակով:
Ակտիվ պետական հովանավորչությամբ Ադրբեջանում մոլեգնող` Հայաստանի և հայերի դեմ ուղղված թշնամական քարոզչությունը և պատմության ակնհայտ կեղծարարությունը, այդ երկրի սպառազինումն ու սպառազինությունների մրցավազքի հրահրումն  ապացուցում են, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղության: Բանը հասնում է նրան, որ Ադրբեջանի իմ գործընկերը հայտարարում է, թե իբր մեր երկրի մեծ մասը նվիրաբերվել է Հայաստանին Ադրբեջանի կողմից, իսկ մայրաքաղաք Երևանը ադրբեջանական քաղաք է: Համոզված եմ, որ պատմության խեղաթյուրման այսօրինակ զավեշտի հետ առնչվել է նաև Կիպրոսը:
Ադրբեջանի հայատյաց և ագրեսիվ վարքագիծը հաստատում է մեր այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ ապագա չունի Ադրբեջանի կազմում: Ավելին, Ադրբեջանը չունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնությունների ո́չ իրավական, ո́չ քաղաքական և ո́չ էլ բարոյական հիմքեր: Ճիշտ է, մենք վճռական ենք խնդիրը լուծել բացառապես խաղաղ և բանակցային ճանապարհով, բայց եթե Ադրբեջանը դիմի արկածախնդրության, ապա մեր պատասխանը վճռական է լինելու:
Ցավալին այն է, որ մեր առանց այն էլ խոցելի տարածաշրջանում որոշ երկրներ, գայթակղվելով էներգետիկ շահերով, վարում են կարճատես, օրվա շահից բխող քաղաքականություն: Դա ամենևին չի նպաստում տարածաշրջանային կայունությանը: Ավելին, պարզ տրամաբանությունը հուշում է, որ տարածաշրջանային կայունության խախտման դեպքում առաջին հերթին վնասվելու են հենց այդ նույն տնտեսական շահերը։
Հարգելի՛ գործընկերներ,
Գտնվելով Կիպրոսի բարեկամական հողի վրա` չեմ կարող շրջանցել նաև կիպրական հիմնախնդիրը: Այնպես է ստացվել, որ Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հակամարտությունների կարգավորման շուրջ մենք ապավինում ենք միջազգային իրավունքի տարբեր սկզբունքների, քանի որ տարբեր են նաև երկու հակամարտությունների բնույթն ու հանգամանքները, պատմությունն ու հարակից փաստերը։ Այս հակամարտություններից յուրաքանչյուրն ունի իր տրամաբանությունն ու կարգավորման իր բանալին։


Այո, շատերն են փորձում մեզ գցել միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների մակերեսային մեկնաբանությունների ծուղակը: Բայց իրավունքի հիմքը արդարությունն է, և մենք պետք է միասնական լինենք արդարության վերականգնման մեր սկզբունքային պայքարում։
 Հայերը երբեք չեն վարանել սատարել եղբայր կիպրացիներին, ինչու՞ չէ` նաև պայքարել Կիպրոսի տարածքային ամբողջականության համար: Մենք իսկապես մտահոգված ենք Կիպրոսի խնդրի կարգավորմամբ, չէ՞ որ Կիպրոսի նման բաժանված է նաև Կիպրոսի հայկական մշակութային ժառանգությունը: Կիպրոսի պես` այն վերամիավորման է կարոտ, ուշադրության և հոգատարության է կարոտ, քանի որ մեր եղբայրական երկրի տարածքը զավթողներն իրենց բացարձակապես նեղություն չեն տալիս` հոգալու քրիստոնեական մշակութային ժառանգության մասին:
Հայաստանը երբեք չի ընդունել և չի ընդունի եղբայրական Կիպրոսը մասնատելու որևէ փորձ: Մենք երբեք չենք համակերպվել և չենք էլ համակերպվելու մեր այս բարեկամ երկրի հյուսիսի գրավման հետ: Մենք ձեզ հետ միասին հիշում ենք Ֆամագուստայի և Թուրքիայի գրաված այլ տարածքների մասին: Հիշում ենք, քանի որ չհիշել` կնշանակի հաշտվել ստեղծված իրավիճակի, այս երկրի հանդեպ գործադրված բռնության հետ: Մենք իրերն անվանում ենք իրենց իսկական անուններով, որպեսզի հանցագործությունը չկոծկվի, իսկ Կիպրոսի խնդիրն էլ գտնի իր արդարացի և իրավական լուծումը:


Հայերն ու կիպրացիները ոչ միայն բարեկամներ և եղբայրներ են, այլև բնական դաշնակիցներ, և մենք հավատարիմ ենք այդ դաշինքին: Հավատացնում եմ, որ դժվար է երկրագնդի վրա գտնել գեթ մեկ հայ, որն ամենայն անկեղծությամբ չուրախանա Կիպրոսի հաղթանակներով և հաջողություններով, բարեկեցությամբ, կայունությամբ,  առաջընթացով և խաղաղությամբ:
Հարգելի՛ գործընկերներ,

Մեր տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատումը Հայաստանի գլխավոր նպատակներից է: Սակայն, այդ ճանապարհին մեր հետևողական փորձերը հայտնվում են փակուղում: Կասկած չունեմ` Կիպրոսում ուշադրությամբ հետևել եք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:


Թուրքիայի հետ հարաբերությունները նույնիսկ փոքր քայլերով հարթելու մեր անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց: Իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով և գործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն: Թուրքիան հետ կանգնեց իր պարտավորություններից և ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլև վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին: Նախապայմանների պատին դեմ առան մեր և գործընթացում ակտիվորեն ներգրավված մեր գործընկերների ջանքերը:
 Եթե տուրք պետք է տայինք նախապայմաններին, ապա մենք առավել քան բարոյական և իրավական հիմքեր ունեինք նախապայմաններ առաջ քաշելու։ Բայց մենք ուժ գտանք հաղթահարելու հոգեբանական բոլոր արգելքներն ու առաջ շարժվել։ ԱյոԲ, մենք շատ խնդիրներ ունենք Թուրքիայի հետ, առաջին հերթին` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Սակայն նախապայմանների առաջադրման փոխարեն մենք գերադասեցիք խնդիրների կարգավորման քաղաքակիրթ մոտեցումը՝ երկխոսություն կայացնելու միջոցով։ 
Հարգելի՛ գործընկերներ,


Մենք պետք է բաց աչքերով նայենք իրականությանը: Այսօր Թուրքիան հավակնում է տարածաշրջանային առաջնորդության, հավակնում է վարել այսպես կոչված «նոր օսմանականությանե քաղաքականություն: Բայց տարածաշրջանային առաջնորդությունը ենթադրում է պատասխանատու մոտեցում, պատասխանատու մտածելակերպ և ոչ թելադրելու կամ պարտադրելու գործելաոճ: Ի՞նչ է Օսմանյան կայսրությունը բերել իր լծի տակ գտնվող ժողովուրդներին կոտորածներից, բռնակալությունից, կեղեքումներից բացի: Ո՞վ է հասցրել կարոտել օսմանականությանը, որ որոշ մարդիկ փորձում են ծնել «նոր օսմանականությունե:


Եվ ինչպե՞ս է ընկալվում «հարևանների հետ զրո պրոբլեմե ուղեգիծը: Որպեսզի բոլոր հարևանները հլու կատարեն Թուրքիայի հորդորները և բավարարեն նախապայմաննե՞րը: Գուցե կան հարևաններ, որոնց համար դա նույնիսկ շահավետ է, բայց վստահորեն մենք դրանց թվին չենք պատկանում:
Մի երկիր, որը Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր պատրվակներով փակել է մեր սահմանը և փորձում է շանտաժի ենթարկել իմ ժողովրդին, չի՛ կարող հավակնել տարածաշրջանային առաջնորդության:
Մենք մեզ համարում ենք եվրոպական արժեքների կրող և եվրոպական ընտանիքի մաս: Այսօր Հայաստանը իրականացնում է լայնամասշտաբ բարեփոխումներ եվրոպական կառույցների սերտ աջակցությամբ: Մենք առաջինն ենք ցանկանում ունենալ ժողովրդավար և եվրոպական արժեքներին դավանող հարևաններ, հարևաններ, որոնք խնդիրները լուծում են երկխոսությամբ և բանակցություններով և ոչ թե սպառնալիքներով: Հուսով ենք, որ Թուրքիան կհասկանա և կգնահատի նույն այդ արժեքների կարևորությունն իր իսկ կայուն զարգացման և բարեկեցության համար:


Կիպրոս կատարած պետական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև հայկական «Նարեկե դպրոց, ծանոթացել ուսումնական այդ հաստատության պայմաններին, գործունեությանը և դպրոցին  անհրաժեշտ գրքեր նվիրել:
Նախագահը մայրաքաղաք Նիկոսիայում այնուհետև այցելել է հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի, հանդիպում  ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: