կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-10 14:50
Առանց Կատեգորիա

Քաղաքական ահաբեկչությունների ժամանակները վերադառնո՞ւմ են

Քաղաքական ահաբեկչությունների ժամանակները վերադառնո՞ւմ են

Առավոտյան սեփական բնակարանի մոտ հարձակման և ծեծի է ենթարկվել «Դաշտային ազատամարտիկներ» միավորման անդամ Սուրեն Սարգսյանը: Նա արդեն հաստատել է կատարվածը` հայտնելով, որ բռնության է ենթարկվել 4 դիմակավորված անձանց կողմից: Ազատամարտիկին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

 

Ավելի վաղ տեղեկություն տարածվեց, որ դեկտեմբերի 8-ին երևանյան պանդոկներից մեկի տարածքում հարձակման են ենթարկվել ազատամարտիկներ` «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Վերջինս «Հայկական ժամանակ» օրաթերթին տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Երանոսյանի հետ հանդիպումից հետո,  իրենց վրա են հարձակվել մոտ 10 անհայտ անձինք, և իրենք ստիպված են եղել դիմելու ինքնապաշտպանության, թեև ծեծ, որպես այդպիսին, չի եղել:

 

Երեք օրվա ընթացքում ազատամարտիկների նկատմամբ նույն սցենարով իրականացված այս հարձակումները պատահականություն լինել չեն կարող: Ինչպես Սուրեն Սարգսյանը, այնպես էլ Ռազմիկ Պետրոսյանն ու Մանվել Եղիազարյանը խիստ ընդդիմադիր և անվերապահորեն իշխանափոխության պահանջ ներկայացնող` «Ազատամարտիկների դաշինք»-ի ղեկավար մարմնի ակտիվ անդամներ են: Մամուլին Մանվել Եղիազարյանի տված պարզաբանումներից հասկանալի է դառնում, որ նրանց փորձել են ծեծել հենց քաղաքական հայացքների և գործունեության համար: Մասնավորապես` նա ակնարկել է, որ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանը Ռազմիկ Պետրոսյանի հետ հանդիպել է, որ հորդորի չխառնվել քաղաքական գործընթացներին, իսկ իրենց վրա հարձակված երիտասարդները փորձել են «հաշիվ պահանջել» երկրի նախագահին հեռացնելու մասին արտահայտած մտքերի համար: Այլ կերպ ասած` բռնությունների այս շարքն ուղղված է ոչ միայն առանձին ազատամարտիկների, այլև, ընդհանրապես, «Ազատամարտիկների դաշինք»-ի դեմ: Երեկ դաշինքը հայտարություն է տարածել` կատարվածը որակելով որպես «ապօրինությունների դեմ ձայն բարձրացնող ազատամարտիկներին ահաբեկման միջոցով լռեցնելու փորձ»:

 

Հիմնադրվելուց անմիջապես հետո` ամռանը, 42 հրամանատարների նախաձեռնությամբ ստեղծված այս դաշինքը հայտարարեց, որ իրենց նպատակը Հայաստանում լեգիտիմ իշխանությունների ձևավորումն է և փոփոխություններ կատարելու հարցում սեփական ուժերի նկատմամբ հավատը հասարակության մոտ վերականգնելը: Ավելի ուշ դաշինքը նախնական որոշում ընդունեց միանալ ոչ իշխանական եռյակի կողմից նախաձեռնված համաժողովրդական շարժմանը` պահանջելով հստակ դնել օր առաջ գործող իշխանությունների հեռացման խնդիրը: Այսինքն` առավել քան ակհայտ է դառնում, որ անհայտ խմբավորումների կողմից այս դաշինքի անդամների նկատմամբ իրականացվող հարձակումներն ունեն քաղաքական ենթատեքստ և բնույթով քաղաքական ահաբեկչության դրսևորումներ են: Դրանց նպատակը իշխանության և վերջինիս կցորդի վերածված  «Երկրապահ» կամավորականների միության վերահսկողությունից ամբողջությամբ դուրս եկած ազատամարտիկներին զսպաշապիկ հագցնելն է:

 

Եվ այս իմաստով`  կատարվածի ֆոնին այլևս կասկած չի առաջանում, որ նույն շարժառիթներն ունեին նաև նոյեմբերի վերջին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամներին պատկանող ավտոմեքենաներն այրելու դեպքերը, ինչը խոսում է կատարվող հանցագործությունների` խիստ պլանավորված և հետևողական բնույթ կրելու, ուստի նաև շարունակական լինելու հնարավորության մասին: Սա ոչ միայն նշանակում է, որ իսկական որս է սկսվել «անհնազանդ» ակտիվիստների նկատմամբ, այլև` որ Հայաստանում վերադառնում են բանդաների միջոցով քաղաքական հարցեր լուծելու, հաշվեհարդարների` «հին ու բարի» ժամանակները:

 

Թերևս խիստ օրինաչափ է, որ բռնությունների այս շղթան ծավալվում է իրավապահ մարմինների քթի տակ, որի արձագանքը, մեղմ ասած, խիստ անհամարժեք է: Թեեւ ավտոմեքենաների հրկիզման դեպքերի առնչությամբ ոստիկանությունում քրեական գործ հարուցվել է, սակայն այն որևէ արդյունք դեռևս չի տվել: Ոստիկանությունը որևէ ձևով չարձագանքեց Եղիազարյանի և Պետրոսյանի նկատմամբ բռնություն կիրառելու մասին` մամուլի, ազատամարտիկների հայտարարություններին` պատճառաբանելով, թե այդ մասին ահազանգ չի ստացել: Դեռևս հայտնի չէ, թե ի՞նչ է ոստիկանությունը նախատեսում ձեռնարկել նաև Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու փաստի շրջանակում, որը շրջանցել, թերևս, չի հաջողվի` հաշվի առնելով Սարգսյանին հիվանդանոց տեղափոխելու հանգամանքը:

 

Բայց, անկախ դրանից, ինքնին այն փաստը, որ 15 օր շարունակ ինչ-որ խմբավորումներ Երևանի փողոցներում մեքենաներ են այրում, մարդկանց ծեծում, տեռորի ենթարկում, արդեն իսկ խոսում է ոստիկանության կատարած աշխատանքի որակի կամ, ավելի ճիշտ, դրա կատարյալ բացակայության մասին, ինչը տվյալ դեպքում հավասարազոր է այդ բանդայի կամ բանդաների «բեսպրեդելը» խրախուսելուն: Բայց քանի դեռ ոստիկանապետն զբաղված է` իր ենթականերին օրումեջ հումանիզմի դասեր տալով, նրանց հավաքելով ու բարոյախրատական ելույթներ ունենալով, այս ամենը նույնիսկ բնական պետք է համարել: Ճառ լսե՞ն, թե՞ զանգ կախեն:

 

Գևորգ Աղաբաբյան