կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-23 15:40
Հասարակություն

Այսօր «լավ»-ի ժամանակները չեն, «վատ»-ն է պահանջված. «Արաբո» ջոկատի հրամանատար

Այսօր «լավ»-ի ժամանակները չեն, «վատ»-ն է պահանջված. «Արաբո» ջոկատի հրամանատար

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կողմ է, որ ազատամարտիկները, որպես բողոքի նշան, փողոց փակեն, սակայն սխալ է համարում դա անել Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին: Yerkir.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ ազատամարտիկները պետք է սպասեն` մինչև ապրիլի 24-ն էլ անցնի, նոր իրականացնեն  իրենց բողոքի ակցիաները:


«Այո, պետք է փողոց էլ փակեն, որ ստիպեն իրենց հարգել: Հետո ի՞նչ, որ այս տղաները չեն գողացել, ալան-թալանով չեն զբաղվել, որ սեփականություն ունենան, ուրեմն պետք է նրանց դահլիճ չտրամադրե՞ն»,- ասաց Մանվել Եղիազարյանը:


Խոսելով քաղաքական դաշտում բարձր պաշտոնյաների նշանակումների ու վերանշանակումների մասին` նա նախ նշեց, որ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ բացասական կարծիք ունի: Ազատամարտիկի խոսքով` Աստված պատգամում է մարդկանց ճանաչել իրենց կատարած գործերով, բայց ի՞նչ գործ է կատարել Հովիկ Աբրահամյանը, որ նրան նշանակեցին վարչապետ:

 

Դիտարկմանը, թե հնարավոր է` իշխանության ներսում կա կադրային ճգնաժամ, Մանվել Եղիազարյանն արձագանքեց, որ եթե դա այդպես է, և եթե 5-10 հոգի հայ ազգից չի գտնվի, որ կարողանան երկիրը հանել առկա ծանր վիճակից, ուրեմն այդ ժողովուրդը պետք է իսպառ ոչնչանա: «Իհարկե, շատ ու շատ լավ կադրեր կան, պարզապես այսօր այդ «լավ»-ի ժամանակները չեն, այսօր «վատ»-ն է պահանջված»,- ասաց նա:

 

Խոսելով վերանշանակումների մասին` մասնավորապես` Սեյրան Օհանյանի վերանշանակման մասին, նա նշեց. «Ո'չ լավ է, ո'չ վատ, տեղում դոփում է, կարևորը, որ վատ չի»: Էդվարդ Նալբանդյանի վերանշանակման հետ կապված` նա կարծիք հայտնեց, որ Արցախի հարցով մենք հիմա ծանր վիճակում ենք հայտվել, հետևաբար, նրան վերանշանակելն էլ տեղին չէր: