կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-09 18:25
Առանց Կատեգորիա

Խորհրդարանական ընտրությունների նկատմամբ միջազգային ուշադրությունը լինելու է աննախադեպ

Խորհրդարանական ընտրությունների նկատմամբ միջազգային ուշադրությունը լինելու է աննախադեպ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խումբը հրապարակել է Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ վերջնական զեկույցը, որը, նախորդների համեմատ, զգալիորեն կոշտ է։ Զեկույցում շեշտադրում է արվում վարչական և դատական բողոքարկումների բարդացված ընթացակարգերի, իշխանության ներկայացուցիչների կողմից վարչական և հանրային ռեսուրսները շահագործելու, քվեարկության և ձայների հաշվարկի ընթացքում ընտրատեղամասերում «Այո» քարոզարշավի վստահված անձանց կողմից քվեարկության արդյունքների փոփոխմանն ուղղված միջամտությունների, մարդկանց ահաբեկելու դրսևորումների վրա։

Չնայած զեկույցի զգալի կոշտությանը` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խուսափել է պատասխանել ամենակարևոր և հանրաքվեի լեգիտիմության հարցը շոշափող երկու հանգամանքի։ Առաջին՝ արդյո՞ք քարոզարշավի, քվեարկության և ձայների հաշվարկի ժամանակ արձանագրված խախտումների քանակն ու բնույթը թույլ տալիս են հստակ արձանագրել, թե որքանով էին խախտումները համակարգային և մասշտաբային, երկրորդ՝ կարելի՞ է, արդյոք, հանրաքվեն կայացած և լեգիտիմ համարել։

Չկատարելով այդ հստակեցումները, փաստացի առկախված թողնելով հանրաքվեի լեգիտիմության խնդիրը՝ ԺՀՄԻԳ-ն անուղղակիորեն վերահաստատել է հայաստանյան ընտրական համակարգի գրեթե կատարյալ խաթարվածությունը, դրա նկատմամբ հանրային վստահության բացակայությունը։ Բայց ամենակարևորը, որը նաև քաղաքական ենթատեքստ է պարունակում, ԺՀՄԻԳ-ի զեկույցը ոչ այնքան ուղղված է հանրաքվեի արդյունքների վերանայմանը, որքան հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ընտրական օրենսգիրքը դիտողությունների հիման վրա արմատական փոփոխությունների ենթարկելուն։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պարզապես ջուր է լցնում Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Հայաստանում քաղաքական նոր օրակարգի ձևավորման «ջրաղացին»։  

Հիշեցնենք, որ թե\' Վաշինգտոնը և թե\' ԵՄ-ն փաստացի ճանաչել են  2015թ․ դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքները՝ հայաստանյան իշխանությունների առջև դնելով երկու հստակ պահանջ։ Առաջին՝ ընթացք տալ հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների մասին հաղորդագրություններին և քրեական պատասխանատվության ենթարկել կեղծարարներին։ Երկրորդ՝ մինչև խորհրդարանական ընտրությունները փոփոխության ենթարկել Ընտրական օրենգիրքը՝ հիմք ընդունելով հենց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի արած դիտողություններն ու առաջարկությունները։

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝ օրերս տարածած պաշտոնական հաղրոդագրության՝ փետրվարի 5-ի դրությամբ սահմանադրական հանրաքվեի առնչությամբ հարուցվել է 67 քրեական գործ, 28 քրեական գործով, որպես մեղադրյալ, ներգրավվել է 32 անձ։ Իսկ 18 քրեական գործով 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործերն ուղարկվել են դատարան: Երկու քրեական գործով երկու անձի վերաբերյալ արդեն կայացվել է մեղադրական դատավճիռ:

«Ազատություն» ռադիոկայանին օրերս տված հարցազրույցում, անդրադառնալով իշխանությունների ձեռնարկած այս քայլերին, Հայաստանում ԱՄՆ դեսպանն ասել էր․ «Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մինչ այժմ ձեռնարկված նախնական քայլերը: Հաշվի առնելով ոչ կուսակցական դիտորդների եւ Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված արժանահավատ հաղորդումները՝ մենք ակնկալում ենք, որ դատարաններ կներկայացվեն հավելյալ գործեր, ինչը կապացուցի, որ ՀՀ կառավարության պաշտոնյաները հավատարիմ են արժանահավատ հաղորդումներով թափանցիկ ու հրապարակային մեթոդների կիրառմամբ լիարժեք քննություններ իրականացնելու վերաբերյալ հրապարակավ ստանձնած պարտավորության կատարմանը»: Այսինքն` պարզ է, որ եթե արդեն դատարան ուղարկված գործերով նոր մեղադրական դատավճիռներ լինեն, Վաշինգտոնն ու Բրյուսելն իրենց հիմնական երկու պայմաններից մեկը կատարված են համարելու։

Սա էական է նրանով, որ հստակ ահազանգ և նախազգուշացում է պարունակում` խորհրդարանական ընտրությունների նկատմամբ միջազգային ուշադրությունը լինելու է աննախադեպ։ Իսկ ընտրությունները նույն որակով անցկացնելը Հայաստանի իշխանություններին կարող է այլևս չներվել՝ թե\' հենց իշխանության, թե\' երկրի համար հնարավոր բոլոր հետևանքներով։ Ի դեպ, ԱՄՆ դեսպանը դեռ դեկտեմբերին էր բաց տեքստով նախազգուշացրել, որ այդ պահանջների չկատարումը կարող է հանգեցնել ընտրությունների կազմակերպման և արդունքների ապահովման համար պատասխանատու` իշխանության ներկայացուցիչների նկատմամբ իրենց կողմից սանկցիաներ կիրառելուն։ 

Այս տեսանկյունից իշխանությունը հարկադրված է երկու խնդիր լուծել։ Նախ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պահանջներին համապատասխան Ընտրական օրենսգիրք ընդունել, ինչը հնարավոր չէ՝ առանց զեկույցում մատնանշվող և ընդդիմության կողմից վաղուց ի վեր մատնանշվող կեղծարարության մեխանիզմները վերացնելու և այդ հարցում քաղաքական ուժերի հետ համագործակցության։ Երկրորդ՝ իշխանության պահպանման խնդիրը լուծելու համար ընտրակեղծարարության ավանդական մեթոդների փոխարեն ապավինել առավելապես քաղաքական մեթոդներին ու մեխանիզմներին։

Չի կարելի բացառել, որ ՀՅԴ-ի հետ համագործակցության գնալու և կուսակցությանն ուղղված առաջարկը ընտրություններից ավելի քան մեկ տարի առաջ ներկայացնելու` իշխանության որոշումը պայմանավորված է նաեւ դրանով։ Եթե մոտիվացիան իսկապես դա է, ապա սա ավելի նախընտրելի է, քան, ի հեճուկս միջազգային կառույցների և հասարակության պահանջների, ընտրությունները կեղծելու ճանապարհով գնալը։ Ուստի պնդումները, թե գուցե ՀՅԴ-ի հետ գործակցությունն իշխանությանն անհրաժեշտ է կայանալիք ընտրություններին լեգիտիմության ֆոն ապահովելու համար, այս պարագայում դառնում են անտեղի. եթե ընտրությունները կեղծվեն, միջազգային հանրության, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար որևէ նշանակություն չի ունենալու՝  իշխանությունը միայնա՞կ է կրում դրա պատասխանատվությունը, թե՞ համագործակցող ուժի հետ։ Վերջինս ինքն է ավելի շահագրգռված լինելու արդար և ժողովրդավարական ընտրություններ ապահովող Ընտրական օրենագրքի մշակման և ընդունման հարցում՝ այդ պատասխանատվության տակ չընկնելու համար։ Իսկ սա լիարժեք դաշտ է ստեղծում բոլոր շահագրգիռ ուժերի հետ նոր Ընտրական օրենսգրքի շուրջ համագործակցելու համար։

Գևորգ Դարբինյան