Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայտնի է, որ Թուրքիան Վատիկան է ուղարկել նախորդ տարվա ապրիլին ետ կանչված իր դեսպանին։ Թուրքիայի ԱԳՆ-ն իր այս որոշումը պատճառաբանել է Վատիկանի պաշտոնական մի հաղորդագրությամբ, որում նշվում է, թե փետրվարի 3-ին պատմաբան Ռինալդո Մարմարայի հետ հանդիպման և նրանից 1667թ․ Դարդանելի նեղուցում Օսմանյան Թուրքիայի և պապական նավատորմերի միջև տեղի ոեենցած ճակատամարտի մասին գիրքը ստանալու ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 20-րդ դարասկզբին հայերի հետ տեղի ունեցածը որակել է որպես «1915 թվականի ողբերգական իրադարձություններ»: Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Թանյու Բիգլիչը հայտարարել է, թե Սուրբ աթոռը բարձր է գնահատել արխիվները բացելու և անցյալի դեպքերն ուսումնասիրելու համար համատեղ հանձնաժողով ստեղծելու` Թուրքիայի առաջարկը, ինչը Անկարան գնահատում է որպես Հռոմի պապի կողմից նախկինում արված հայտարարություններից հետքայլ։
Հիշեցնենք, որ 2015թ․ ապրիլի 12-ին սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագի մատուցման ժամանակ Ֆրանցիսկոսը հայտարարել էր, թե հայերի կոտորածները 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է և ավելացրել․ «Չարիքի կոծկումը կամ դրա ժխտումը նման է առանց վիրակապի բաց վերքի, որը շարունակում է արյունահոսել»։
Ֆրանցիսկոս պապի նոր հայտարարությունները Ցեղասպանության հարցում Վատիկանի քաղաքականության վերանայում որակելու` պաշտոնական Անկարայի մեկնաբանությունը ՀՀ արտգործնախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում համարել է ամբողջական կեղծիք։ Սակայն թե ինչի՞ վրա է հիմնված Բալայանի այս բնորոշումը, այնքան էլ հասկանալի չէ։ Իրականում Անկարան ունի Վատիկանի այդ հաղորդագրությունը նման կերպ մեկնաբանելու իրավունք։ Եթե Հռոմի պապը նման հայտարարություններ է արել, ապա դա իսկապես այլ կերպ, քան նախնական դիրքորոշումից նահանջ հնարավոր չէ որակել։ Բացի այն, որ «ցեղասպանություն» եզրի փոխարեն հաղորդագրության մեջ կիրառվել է «ողբերգական իրադարձություններ» բառակապակցությունը, շեշտվում է այդ «իրադարձություններն» ուսումնասիրելու համար պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքական նախաձեռնությունը Հռոմի պապի կողմից արժևորելու հանգամանքը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնին Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու միտում։ Այլ հարց է՝ Հռոմի պապն իսկապե՞ս նման բաներ ասել է, թե՞ ոչ։
Խնդիրն այն է, որ Անկարան հղումը կատարում է ոչ թե մտացածին ինչ-որ հայտարարությունների, այլ պաշտոնական հաղորդագրության վրա՝ անկախ այն բանից, որ որևէ մեկը, փաստացի չի հաստատում կամ հերքում Հռոմի պապի կողմից ամբողջությամբ թուրքական այս տեսակետը պաշտպանող արտահայտություններ արած լինելու փաստը։ Քանի դեռ պաշտոնական Վատիկանը հանդես չի եկել Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանությունների հերքմամբ, պետք է համարել, որ Անկարայի պնդումներն ունեն հիմքեր։ Իսկ որպեսզի Վատիկանը հանդես գա հերքմամբ կամ հաստատի, նախևառաջ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հրապարակայնորեն, թեկուզ` դիվանագիտական խողովակներով հանդես գար նրանից պարզաբանում խնդրելու (պահանջելու) նախաձեռնությամբ՝ ֆեյսբուքյան գրառումների միջոցով կատարվածին հընթացս արձագանքելու փոխարեն։ Ընդ որում՝ ՀՀ ԱԳՆ-ի ներկայացուցիչը կեղծիք է համարում ոչ թե անցած տարի արած հայտարարություններին Ֆրանցիսկոսի հակադրվող նոր հայտարարությունների հնչած լինելու պնդումները, այլ դրանք Թուրքիայի կողմից Վատիկանի քաղաքականության «ետքայլ» որակելը, ինչը, կամա, թե ակամա, հաստատում է հաղորդագրության բովանդակության իսկությունը։
Իրավիճակը, սակայն, ավելի տրիվիալ է, քան թվում է առաջին հայացքից։ Անկարան և Վատիկանը քաղաքական որոշում են ունեցել` վերականգնել նախորդ տարի Ֆրանցիսկոսի հայտարարությունների պատճառով խաթարված դիվանագիտական հարաբերությունները, և դրա համար ընտրվել է միջանկյալ, երկու կողմերին ձեռնտու կոմպրոմիսային տարբերակ։ Անձամբ Հռոմի պապը հանդես չի գալիս 1915թ․ իրադարձությունները Ցեղասպանություն որակելու` իր սկզբունքային դիրքորոշումից հրաժարվելու հրապարակային հայտարարությամբ, բայց փոխարենը ինչ-որ երկրորդային մակարդակի հաղորդագրության մեջ նրա անունից արվում են այնպիսի ձևակերպումներ, որոնք հնարավորություն կտան Անկարային հիմնավորելու կամ պատճառաբանելու դեսպանին կրկին Վատիկան ուղարկելու որոշումը։ Եվ իտալացի պատմաբանի հետ Ֆրանցիսկոսի հանդիպումը հարմար առիթ և պատրվակ է ծառայել, որովհետև, ըստ էության, դատելով այդ հանդիպման առարկայից, որն առնչվում է միայն Վատիկանի և Թուրքիայի պատմական հարաբերություններին, Հռոմի պապը որևէ տրամաբանական պատճառ չպետք է ունենար հենց այնպես խոսելու Հայոց ցեղասպանությունից, այն էլ՝ իտալացի պատմաբանի հետ։
Ի սկզբանե պարզ էր, որ Թուրքիայի և Վատիկանի հարաբերությունները հավերժ սառեցված չէին մնալու, և վաղ, թե ուշ կողմերից մեկն ընդառաջ գնալու քայլ էր կատարելու։ Այստեղ իրականում որևէ արտառոց բան չկա, և դա միայն Վատիկանի և Անկարայի ներքին թեման է։ Այլ հարց է՝ արդյո՞ք այդ հարաբերությունների վերականգնումն իսկապես տեղի է ունենում Հայոց ցեղասպանության հարցում Վատիկանի դիրքորոշման վերանայման հաշվին կամ գնով։ Այս հարցի պատասխանը, անկախ նրանից՝ մինչ այդ ՀՀ ԱԳՆ-ն որևէ քայլ կկատարի՞, թե՞ ոչ, գուցե հնարավոր լինի ստանալ ընդամենը 2 ամսից։
Դեռ նախորդ տարի ապրիլի 12-ին սուրբ Պետրոս տաճարում մատուցված աննախադեպ պատարագից հետո էր հայտարարվում, որ Հռոմի պապը պլանավորել է 2016թ․ այցելել Հայաստան։ Մի քանի օր առաջ կրոնական հայտնի World Religion News տեղեկատվական ռեսուրսը հրապարակեց Հռոմի պապի` այս տարվա հնարավոր շրջագայությունների գրաֆիկը, որտեղ նշում էր նաև, թե ապրիլի 24-ին նա կարող է լինել Երևանում՝ նշելու Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը։ Եթե այդ այցը տեղի ունենա, կլինի ամենախոսուն պատասխանը Ցեղասպանության հարցում Վատիկանի քաղաքականության փոփոխության մասին Անկարայի ներկայիս պնդումներին։ Մնում է հասկանալ՝ ի՞նչ է անում Երևանն այցը գլուխ բերելու ուղղությամբ։ Այս կապակցությամբ, սակայն, դեռևս որևէ պարզաբանում չի հնչել։
Գևորգ Դարբինյան