Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դիարբեքիրի Սուր շրջանի նախկին քաղաքապետ, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամ Աբդուլլահ Դեմիրբաշը Վատիկանում հանդիպել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի հետ։ Հանդիպումը կայացել է Աբդուլլահ Դեմիրբաշի խնդրանքով։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում են քրդական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ Դեմիրբաշը Հռոմի Պապին խնդրել է աղոթել քրդական հարցի խաղաղ կարգավորման համար և նրան մի քրդական ստեղծագործություն նվիրել։ Բացի այդ, քուրդ քաղաքական գործիչը մի նամակ է փոխանցել Հռոմի Պապին, որում մասնավորապես անդրադարձել է քրդերի՝ պատմության ընթացքում կրած չարչարանքներին, որ նրանք ենթարկվել են քրդական ինքնությունը, լեզուն ու մշակույթը պահպանելու համար։
Դեմիրբաշը նամակում ընդգծել է, որ իր ծննդավայր Դիարբեքիրը պատմականորեն զանազան լեզուների, հավատքների և ժողովուրդների բնակավայր է եղել, և որ այստեղ ներկայում համատեղ ապրում են ասորիներ, քաղդեացիներ, քրիստոնյաներ, մահմեդականներ և հրեաներ։ Նա նաև հայտնել է, որ ինքը իր պաշտոնավարման տարիներին Դիարբեքիրում, որպես հինավուրց քաղաքակրթությունների եղբայրության առհավատչյա, իրականացրել է այնպիսի քաղաքականություն, որ եկեղեցին, մզկիթն ու սինագոգը կարողանան կողք կողքի գոյատևել։
Դեմիրբաշը հիշեցրել է «Քառասունների մեջլիս» կոչվող հաստատության մասին, որի տանիքի տակ մեկտեղվում էին ասորիները, քաղդեացիները, հայերը, մի խոսքով՝ մուսուլմաններն ու քրիստոնյաները։ Նամակի հեղինակը նաև շեշտել է, որ իր քաղաքականության առանցքում եղել է փոքրամասնությունների տարբերությունները որպես հարստություն ընկալելու գաղափարը։ Նամակի վերջում Դեմիրբաշն անդրադարձել է վերջին տարիներին քրդերի և եզդիների՝ ԻԼԻՊ-ի կողմից համակարգված կերպով հարձակումների ենթարկվելու փաստին։
Հիշեցնենք, որ երկար ժամանակ Սուրի քաղաքապետի պաշտոնում գտնված Աբդուլլահ Դեմիրբաշը հայտնի էր իր հայամետ դիրքորոշմամբ և գործունեությամբ։ Հենց նրա պաշտոնավարման տարիներին է վերանորոգվել և վերաբացվել Սուր շրջանի Գյավուր թաղում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, որն իրավամբ համարվում է Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցիներից մեկը։ Դեմիրբաշը նաև հաճախ էր այցելում Հայաստանի Հանրապետություն և մասնակցում այստեղ տեղի ունեցող միջոցառումների։ Դեմիրբաշի նախաձեռնությամբ Դիարբեքիրում հայերեն գրքեր էին հրատարակվում։
Մելինե Անումյան
Akunq.net