կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-27 09:13
Առանց Կատեգորիա

«Թևակոխել ենք մի փուլ, որը մեր երկրի համար շրջադարձային է լինելու, այլ հարց է, թե այդ շրջադարձը մեզ ուր է տանելու»․ «Փաստ»

«Թևակոխել ենք մի փուլ, որը մեր երկրի համար շրջադարձային է լինելու, այլ հարց է, թե այդ շրջադարձը մեզ ուր է տանելու»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Անցանք պատերազմի մղձավանջի միջով, շնչում ենք, ապրում՝ կարծես ուղղակի ընթանանք գետի հոսանքի ուղղությամբ: Տպավորություն է, թե մեր հասարակությունն այդպես էլ լիարժեքորեն չի ընդունում տեղի ունեցածը: Նա չի միավորվում գոնե մեկ գաղափարի շուրջ: Այո, մարդիկ կարող են տարակարծիք լինել, բայց խուսափել իրականությունից, ի վերջո, չես կարող: Ինչո՞ւ հասարակությունը միասնական չէ ամենակարևոր հարցերում: Գրող-գրականագետ Հովիկ Չարխչյանը նշում է՝ գործ ունենք ոչ թե հասարակության տարանջատվածության, այլ հասարակության առանձին խմբերի տարբեր վերաբերմունքների հետ:

«Բնական է, որ դրանք նաև տարբեր դրսևորումներ պետք է ունենան: Հասարակությունն իր առանձին խմբերով դեռ պետք է վերլուծի, գիտակցի, հասկանա այն ամենը, ինչ կատարվեց մեր երկրի հետ, որպեսզի նաև ըստ դրա կառուցի իր հետագա քայլերն ու որոշի իր անելիքները: Այդ պատճառով ներկայումս տպավորություն կա, թե հասարակությունը որոշակի անբավարարվածության և պասիվության դրսևորումներ է ունենում: Բայց ներքին խմորումներն իրականում ընթանում են: Դրանք կան և վաղ թե ուշ, անպայման իրենց դրսևորումն ունենալու են: Թե որ ուղղությամբ կընթանա, ես հիմա դժվարանում եմ ասել, բայց վստահ եմ, որ այդ դրսևորումները խոր հետք են թողնելու մեր երկրի հետագա ճակատագրի վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չարխչյանը:

Մշտապես հնչում է այն կարծիքը, որ մենք երեք տասնամյակ, կարծես թե, նույն շրջապ տույ տի մեջ ենք: Անընդհ ա տ պտտվում ենք և հայտնվում նույն կետում՝ խնդիրները չեն լուծում, պետությունը լիարժեքորեն չի կայանում, հիմա էլ եղածը ձեռքից գնում է։ Հարցնում եմ՝ արդյո՞ք մեր զրուցակիցը ևս նման զգացում ունի:

«Մենք նման բան ասելու իրավունք ունենք սոսկ այն պատճառով, որ անցած երեսուն տարվա ընթացքում մեր երկրում դեռևս ոչ մի էական տեղաշարժ չի կատարվել: Որևէ բնագավառում չկա թռիչքային այնպիսի տեղաշարժ, ինչը մեզ թույլ կտար ասել՝ տեսեք, մենք այս կամ այն ոլորտում մեծ ձեռքբերումներ ենք ունեցել: Սա է մարդկանց մոտ ձևավորել անընդհատ նույն տեղում դոփելու տպավորությունը:Իրականում, իհարկե, այս ընթացքում մեծ փոփոխություններ եղել են, բայց դրանցից որևէ մեկն առայժմ չի անդրադարձել հասարակության կենսամակարդակի, գիտակցության վրա: Սա է պատճառը, որ մեր ներսում նման կարծիք ենք ձևավորել: Երեսուն տարվա ընթացքում շատ ու շատ խոր դրվագներ կան, որոնք դրոշմվել են մեր երկրի ճակատագրի մեջ, ու այդ հետքերն անպայման իրենց ազդեցությունը թողել են հետագա զարգացումների վրա: Նույնպիսի մի փուլ մենք նաև այսօր, այս պահին ենք ապրում: Մի փուլ ենք թևակոխել, որը մեր երկրի համար անպայման շրջադարձային է լինելու, այլ հարց է, թե այդ շրջադարձը մեզ ուր է տանելու: Այս իմաստով մարդիկ, հասարակությունը, ժողովուրդը շատ մեծ անելիք ունի՝ իր վերաբերմունքն արտահայտելու իմաստով: Եթե մենք շարունակենք պասիվ դիտորդի դերում լինել, նստենք և սպասենք, թե ինչ կլինի մեզ հետ, ապա մեզ հետ ոչինչ չի լինի կամ կլինեն շատ վատ բաներ: Մենք ինքներս պետք է որոշենք մեր ճակատագիրը, մեր երկրի հետագա ուղին:

Եթե մենք այդ որոշումը չկայացնենք, այն մեր փոխարեն կկայացնեն ուրիշները, իսկ նրանք այդ որոշումը կկայացնեն իրենց ցանկություններին և նպատակներին համապատասխան։ Բայց չէ որ նրանց նպատակները կարող են չհամապատասխանել մեր նպատակների հետ: Ներկա պահին խնդիրը լուծում է ուզում, և այդ լուծումը պետք է կայացնի Հայաստանի ժողովուրդը: Հուսամ՝ մեր ժողովուրդը գիտակցության այդ բարձր մակարդակը կունենա և կգնա այդ քայլին»,-նշում է մեր զրուցակիցը:

Բայց արդյո՞ք ժողովուրդը նաև հոգեբանորեն պատրաստ է այս պահին նման որոշում կայացնելու: Հաճախ է խոսվում այն մասին, որ Արցախյան երկու պատերազմներից հետո իրավիճակը կտրուկ տարբերվում է: 90-ականներին մեր պետությունը հաղթել էր պատերազմում, իսկ 2020-ին՝ պարտություն կրեց: Իսկ սա չի կարող իր ազդեցությունը չունենալ մարդկանց հոգեբանության վրա: Արդյո՞ք մարդիկ կկարողանան հոգեբանորեն հաղթահարել այս ճգնաժամը և այնքան ուժ կգտնեն իրենց մեջ պետության համար կարևոր այս փուլում ճիշտ որոշում կայացնելու համար:

«Կարծում եմ՝ կգտնեն այդպիսի ուժ: Այո, մենք շատ ծանր պարտություն կրեցինք, բայց և՛ հաղթանակները, և՛ պարտությունները բնորոշ են բոլոր ժողովուրդներին: Այդ իմաստով մենք բացառիկ չենք: Բայց մյուս ժողովուրդները կարողանում են իրենց մեջ ուժ գտնել և կրկին ոտքի կանգնել, ձգտել նոր հաղթանակների: Նույնն էլ պետք է մենք անենք: Այլապես մեր ներսում պարտության թողած հետքերն ուղղակի կարող են կործանել: Եթե մենք տրվենք պարտվածի հոգեբանությանը, խրվենք ճահճի մեջ, մեզ համար շատ դժվար կլինի այնտեղից դուրս բերել: Այո, մենք շատ ծանր հարված ենք ստացել, մեծ կորուստներ ունեցել, բայց հիմա մեր ամբողջ գիտակցությունը պետք է կենտրոնանա հետևյալի վրա՝ ինչ անենք, որպեսզի վերադարձնենք այդ կորուստները, ինչ անենք, որ կրկին դառնանք հաղթող երկիր, հաղթող ազգ: Եթե այդ հոգեբանությամբ չառաջնորդվենք, հետևանքները կարող են շատ ճակատագրական և ողբերգական լինել»,-եզրափակում է Հովիկ Չարխչյանը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում