կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-27 13:07
Հասարակություն

Գրեթե վերացել էր բանակում դիպուկահարից խոցվելու հավանականությունը, բայց... Արծրուն Հովհաննիսյան

Գրեթե վերացել էր բանակում դիպուկահարից խոցվելու հավանականությունը, բայց... Արծրուն Հովհաննիսյան

Թող ոչ մեկին չթվա, թե պաշտպանության նախարարությունը հակառակորդի ակտիվությամբ փորձում է սրբագրել իր թերությունները, սխալները, նման բան չկա և չի կարող լինել. այսօր՝ «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով 2015-ին բանակում արձանագրված` զինծառայողների մահվան դեպքերի մասին:

«Այո, նախորդ տարի բանակում արձանագրված 57 մահերն էլ այս կամ այն կերպ հակառակորդի գործողությունների հետևանք են, բայց ասել, որ սա է իրավիճակը, ամեն ինչ արդարացված է, չի կարելի: Չկա մի զինվորական, որ մտածի կամ ասի, որ այս մահերն արդարացված են, իհարկե` ոչ»,- ասաց նա և հավելեց, որ ծառայության հետ անմիջական կապ ունեցող մահվան դեպքերի թվերը սխալ է ընդհանրացնել և հակառակորդի գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների թվի հետ ներկայացնել:

Նշենք, որ 2013-ին բանակում զինծառայողների մահվան դեպքերը համեմատաբար քիչ են եղել, քան դրան հաջորդած 2 տարիներին:

«Պաշտպանության նախարարության գործունեության շնորհիվ` վերջին երկու տարիներին միջանձնային հարաբերություններով պայմանավորված դեպքերը չեն ավելացել, աճել է հակառակորդի գործողությունների հետևանքով զոհերի թիվը»,- ասաց Հովհաննիսյանը և նշեց, որ նվազել են նաև դիպուկահարի կրակոցից մահվան դեպքերը:

«Կարելի է զինվորի համար այնպիսի բլինդաժ, այնպիսի կրակադիրք ստեղծել, որով գրեթե կարելի է վերացնել դիպուկահարից խոցվելու հավանականությունը, ինչին մենք գրեթե հասել էինք 2014-ին, սակայն հաջորդ տարի հակառակորդը հրետանի կիրառեց, և ստացվում է, որ դիպուկահարի կրակոցից զինվորների չզոհվելու` ամբողջ տարվա կատարած աշխատանքը ոչինչ չի տալիս»,- ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը: