կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-11 11:46
Քաղաքական

Հայաստան-Ադրբեջան լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը գրեթե զրոյական է. քաղաքագետ

Հայաստան-Ադրբեջան լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը գրեթե զրոյական է. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ սահմանային լարված իրավիճակին:

Քաղաքագետի խոսքով` մենք անընդհատ պատճառներ ենք փնտրում, փորձում ենք հասկանալ` ինչո՞ւ ադրբեջանցիները գնացին այդ քայլին, ինչո՞ւ այս անգամ էլ տանկով խփեցին: «Նորություն չկա, նոր պատճառներ չենք փնտրում: Վաղուց ժամանակն է հասկանալու, որ այս ամենի պատճառն այն է, որ թշնամությունը մեր երկրների միջև վաղուց կա: Էսկալացիայի նոր փուլի արտահայտման առիթը մենք պետք է գտնենք»,- ասաց նա:

Մելիք-Շահնազարյանը սահմանային վերջին ակտիվության երկու պատճառ առանձնացրեց: «Առաջին պատճառը, կարծում եմ, Հայաստանում տեղի ունեցած հանրաքվեն է: Նրանք փորձում են հասկանալ` ֆորսմաժորային իրավիճակներում ինչպես է պետությունը արձագանքում: Երկրորդը նախագահների առաջիկա հանդիպումն է: Նրանք փորձում են ամեն ինչ անել, որ հանդիպում չկայանա, կամ էլ հանդիպման քաղաքական օրակարգն են փոխում, ուզում են, որ ոչ թե բանակցային գործընթացի մասին խոսվի, այլ սահմանային լարվածության»,- ասաց նա:

Քաղաքագետը նշեց նաև, որ Ադրբեջանը խուսափում է բանակցային գործընթացից, քանի որ նրա համար ցանկալի լուծումներ չեն կարող լինել:

Մելիք-Շահնազարյանն ընդգծեց նաև, որ Հայաստան-Ադրբեջան լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը գրեթե զրոյական է, քանի որ Ադրբեջանը չունի բավարար ռեսուրսներ: «Այստեղ հայկական կողմի պահանջները պետք է ուղղված լինեն միջնորդ երկրներին: Զսպելու մեխանիզմներ է պետք մշակել: Պետք է լինեն նաև քաղաքական մեխանիզմներ: Ֆրանսիային, ԱՄՆ-ին, Ռուսաստանին նոր պահանջներ է պետք ներկայացնել»,- ասաց նա:

Պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե հենց երեկ ԱՄՆ պետդեպարտամենտը դարձյալ կողմերի միջև հավասարության նշան դրեց, և այս դեպքում հայկական կողմի պահանջատիրությունն ի՞նչ կերպ պետք է դրսևորվի, եթե նրանք այդպիսի դիրքորոշում են որդեգրել, քաղաքագետը պատասխանեց, որ նոր մոտեցումներ է պետք մշակել: «Օրինակ` բանակցություններից հրաժարվել` մինչև չկատարվեն մեր պահանջները, եթե` ոչ, մենք ունենք մեր` իրականացնելիք քայլերի մի ամբողջ շարք»,- ասաց նա:

Ի դեպ, քաղաքագետը նշեց նաև, որ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը լուրջ անելիքներ ունի, և հունվարյան նստաշրջանը բոյկոտելը լավ միտք չէ: «Պետք չէ բոյկոտել, պետք է գնալ ու պայքարել: Պետք է պահանջել, որ հետ կանչվեն այդ երկու հակահայկական զեկույցները և այդ ամենը հակաադրբեջանական քարոզչությանն ուղղել: Մեծ հաշվով դժվար չէ սա անել»,- ասաց նա:

Քաղաքագետը շեշտեց նաև, որ Ադրբեջանը սահմանին անընդհատ փորձում է նոր մարտավորություն կիրառել: «Սկզբում դիպուկահարներ էին կիրառում, հետո հետախուզադիվերսիոն պատերազմի փուլն էր, հիմա էլ անցել են հրթիռակոծման: Բովանդակային իմաստով` փոփոխություն չկա, և Ադրբեջանը տեսնում է սահմանը, որից հետո կարող են անցնել լայնամասշտաբ գործողություններին: Ադրբեջանը ինչքան սրի իրավիճակը, հենց այդքան պատասխան կտա Հայաստանը»,- ասաց Մելիք-Շահնազարյանը: