Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն անդրադարձավ ԵԽԽՎ հակահայ զեկույցների քվեարկությանը և դրանց ազդեցությանը:
Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ-ն քննարկեց երկու հակահայ զեկույցներ, որից մեկը՝ բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հեղինակած` «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցը մերժվեց, մյուսը՝ բոսնիացի Մելիցա Մարկովիչի հեղինակած` «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցն ընդունվեց:
Կիրո Մանոյանի խոսքով՝ երկու օր առաջ կային նախանշաններ, որ հնարավոր է նույնիսկ` այդ զեկույցները չքննարկվեն և վերադարձվեն քաղաքական հանձնաժողով, սակայն ԵԽԽՎ-ն նիստի ընթացքում այդպես չորոշեց ու նպատակահարմար գտավ, քննարկելով, մերժել Ուոլթերի զեկույցը:
Երկրորդ զեկույցի վերաբերյալ նա նշեց, որ այդ զեկույցի նպատակը հայտարարվեց թե մարդասիրական է, այնինչ` այն շատ քաղաքականացված էր, և կարծես կար հավասարակշռություն պահելու ցանկություն, բայց ստացվեց անհեթեթ բանաձև:
«Մինչ այդ հայկական կողմն առաջարկել էր բարեփոխել զեկույցը, սակայն հանձնաժողովը դրան չգնաց: Այո, ԵԽԽՎ-ն գնաց կեղծ բալանսի, բայց արդյունքում` երկրորդ բանաձևը անհեթեթ ձևակերպումներով ընդունվեց»,- ասաց Կիրո Մանոյանը:
Անդրադառնալով քվեարկության պատկերին` նա նշեց, որ հիմնականում հայկական տեսակետներին կողմ քվեարկեցին ԵԽԽՎ-ում ներկայացված սոցիալիստական ուժերը, մինչդեռ` Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, որի անդամ են ՀՀ ԱԺ-ում ներկայացված երեք ուժեր՝ Հանրապետական, ՕԵԿ և «Ժառանգություն» կուսակցությունները, և Քրիստոնեա-դեմոկրատական խումբը դեմ քվեարկեցին հայկական տեսակետներին:
«Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ են ԱԺ-ում ներկայացված երեք քաղաքական ուժեր, ինչը նշանակում է, որ բավական մեծ աշխատանք պետք է տարվի, դա պարզ է: Պետք է նկատել, որ երկրորդ զեկույցի քվեարկման ժամանակ պատգամավորների թիվը հանկարծ ավելացավ 20-30 պատգամավորով, որոնք կողմ քվեարկեցին այդ զեկույցին: Նրանք նույնպես Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ էին: Մեծ Բրիտանիան ներկայացնող պատգամավորները մեծ մասամբ անսացին ՄԽ համանախագահների կոչին և երկու պարագայում էլ դեմ էին հակահայ զեկույցներին: Ֆրանսիայի պատվիրակների մեծ մասը ևս հօգուտ հայկական կողմի քվեարկեց երկու բանաձևերի դեպքում էլ: Վրաստանն ու Ուկրաինան Հայաստանին դեմ քվեարկեցին երկու դեպքում էլ»,- տեղեկացրեց Կիրո Մանոյանը և հավելեց, որ լայն աշխատանքներ են տարել Հայ դատի գրասենյակները՝ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գլխավորությամբ:
Նրա կարծիքով՝ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում ակտիվ աշխատանք է տարել: «Ասել, որ բավարար է եղել հայկական պատվիրակության աշխատանք, չեմ կարող, որովհետև երկրորդ զեկույցի դեպքում չհասանք արդյունքի, բայց հայկական պատվիրակությունն աշխատել է ակտիվ, քան երբևէ: Նաև Հայաստանի արտաքին դիվանագիտությունն էր ակտիվ աշխատել: ԵԽԽՎ ընդհանուր մոտեցումն այն էր, որ հավասարակշռություն ապահովեն, բայց անհեթեթ երևույթ ստացվեց»,- ասաց Կիրո Մանոյանը: