Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ թուրքական «Բեշիկթաշ» ակումբը հաստատեց, որ պայմանագիր է ստորագրել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ: Արասի այս քայլն, իհարկե, մեծ արձագանք ստացավ ոչ միայն հայ երկրպագուների, այլև ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչների շրջանում:
Սպորտն ու քաղաքականությունը, մասնավորապես` հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների դաշտում առաջին անգամ չէ, որ բախվում են միմյանց: Այսպիսի խնդիրներ են առաջանում հատկապես, երբ հարևան երկրները հյուրընկալում են մարզական խոշոր մրցաշարեր:
Օզբիլիսի տեղափոխությունը թուրքական ակումբ կարելի է դիտարկել 2 տեսանկյունից` զուտ մարզական և քաղաքական համատեքստում: Նախ նշենք, որ, որպես ֆուտբոլիստ, այս պահին, իհարկե, լավագույն տարբերակն էր լքել մոսկովյան ակումբը, քանի որ մեր հավաքականի առանցքային խաղացողներից մեկը ծնկի խաչաձև կապանների վնասվածքից հետո «Սպարտակ»-ի հիմնական թիմում չէր ստանում խաղաժամանակ: Ֆուտբոլիստի կարիերան այնքան էլ երկար չէ, և 26 տարեկան հասակում զրկվել խաղային պրակտիկայից` կնշանակեր գնալ կարիերայի անկման: Իսկ Արասին, ինչպես ինքն է նշում, այս պահին պետք էր միայն մեկ բան` ֆուտբոլ խաղալ: Այս պարագայում թերևս լավագույն տարբերակը թուրքական թիմ տեղափոխվելն էր, որը պայքարում է չեմպիոնության համար, իսկ Արասը, անհրաժեշտ խաղաժամանակ ստանալով և մարզավիճակ ձեռք բերելով, մեծապես կարող է օգնել նաև Հայաստանի հավաքականին: Չմոռանալ նաև, որ Արասը ծնվել է Ստամբուլում, այսինքն՝ պոլսահայ է և, անկախ ամեն ինչից, ֆուտբոլիստի համար անհամեմատ ավելի հեշտ կլինի հարմարվել Թուրքիայում: Ամեն դեպքում` Արասը մեկ անգամ չէ, որ նշել է և հպարտացել իր` հայ լինելով: «Ինձ հաճախ են անվանում թուրք, քանի որ ազգանունս Օզբիլիս է, բայց ես ասել եմ, որ ես հայ եմ, և այս հարցը փակված է»,-հարցազրույցներից մեկում ասել էր նա:
Ուշագրավ է, որ Արասի տեղափոխությանն անդրադարձել էր ֆուտբոլիստի նախկին գործակալ Դմիտրի Սեյլուկը, ով սուր քննադատության էր ենթարկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին` ասելով, որ նա գումարի համար է ընտրել Հայաստանի հավաքականը և հիմա էլ դրա համար տեղափոխվեց Թուրքիա, սակայն ֆուտբոլիստը News.am-ի հետ զրույցում հակադարձել է նախկին գործակալին:
Այնուամենայնիվ, մինչև մրցաշրջանի ավարտը Արասը վարձավճարով հանդես կգա «Ռայո Վալեկանո»-ում, այնուհետև կվերադառնա «Բեշիկթաշ», իսկ թուրքական թիմում արդյունավետ հանդես գալով` մեծապես օգտակար կարող է լինել Հայաստանի հավաքականին, որը, կարծում եմ, այս պահին ավելի կարևոր հարց է, քան թուրքական ակումբում հայ ֆուտբոլիստի ներկայության փաստը:
Սոցիալական ցանցերում էլ թեման թեժ քննարկումների առարկա է: Այստեղ էլ կարծիքները բաժանվել եմ երկու մասի: Մի մասի կարծիքով` Արասը պետք է հրաժարվեր թուրքական ակումբի առաջարկից, մյուս մասը հակառակն է պնդում՝ դա միակ ճիշտ որոշումն էր: Ինքը՝ Արասը, անդրադարձել է այս հարցին և հստակ ասել, որ ուրիշ ակումբից խելամիտ առաջարկ չի եղել: Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ եթե ինքը գումարի համար խաղար, դեռ երկուս ու կես տարի կարող էր մնալ «Սպարտակ»-ում և, չխաղալով հանդերձ, ստանար իր աշխատավարձը, բայց ինքը որոշեց ընտրել խաղալու տարբերակը: Այս բացատրությունից հետո ինքնըստինքյան պարզ է դառնում, որ եթե անգամ Արասը «Բեշիկթաշ»-ում ավելի քիչ էլ վարձատրվի, միևնույն է` նախընտրում է խաղալու հնարավորությունը: Այսինքն` զիջել՝ հանուն խաղային պրակտիկայի, որը ոչ միայն իրեն է պետք` որպես ֆուտբոլիստի, այլ նաև մեզ՝ որպես Հայաստանի հավաքականի երկրպագուների:
Եվ արդյո՞ք այսքանից հետո արժե աղմկել…
Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ