Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սանիտեք» ընկերության սեփականատեր, գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլն այսօր մի քանի լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց իրենց ընկերության ծավալված գործունեության մասին, արձագանքեց իրենց աշխատանքի թերացման վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի զգուշացումներին:
Թավիլը նշեց, որ իրենց ընկերությունը պրոֆեսիոնալ է աշխատել: ««Սանիտեք»-ը 2014 թվականից սկսեց աշխատել Երևանում և մեկ տարում ապացուցեց, որ պրոֆեսիոնալ է: Մենք պատասխանատվությամբ կատարել ենք մեր աշխատանքը, ինքս էլ որոշակի դժգոհություններ ունեմ մեր աշխատանքից և ամբողջությամբ պատասխանատվություն եմ կրում: Հունվարին տեղումները բավական շատ էին և մեծածավալ: Մենք միջազգային չափանիշներին համապատասխան ենք աշխատում, բայց դժվար է բնության դեմ պայքարել: 2016 թվականին մի փոքր այլ կերպ կաշխատենք»,- ասաց տնօրենը` հավելելով, որ թեև ինքն էլ ընդունում է, որ առատ ձյան օրերին իրենք թերացել են իրենց աշխատանքում, բայց, ընդհանուր առմամբ, ինքը, որպես տնօրեն, գոհ է:
Պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են խոսակցությունները, որ Երևանի քաղաքապետարանն իրենց ընկերությանը չի փոխանցել գումար, Թավիլը նշեց. «Բամբասանքները զվարճալի են: Քաղաքապետարանը փոխանցել է փողը, դրամի խնդիր չի կարող լինել. դեկտեմբերի 28-ին արդեն բոլորի աշխատավարձերը վճարված են եղել, իսկ ձյունը եկել է դեկտեմբերի 30-ին»,- ասաց նա:
Թավիլը հավելեց, որ իրենք չեն փախչում պատասխանատվությունից:
Հարցին, թե ընդունո՞ւմ է Տարոն Մարգարյանի` իրենց ուղղված խիստ նկատողությունն այն դեպքում, երբ ինքն ասում է, որ իրենք լավ են աշխատել, ընկերության տնօրենը պատասխանեց. «Մինչև դեկտեմբեր ամիսը շատ փայլուն աշխատել ենք, իսկ դեկտեմբեր ամսվա աշխատանքից ես էլ եմ դժգոհ: Սովորելու ճանապարհ է. «Սանիտեք»-ը նոր է Երևանում: Ես ընդունում եմ դիտողությունը, որովհետև կար պրոբլեմ: Բայց Տարոն Մարգարյանը բավական լուրջ կերպով է կատարել նկատողությունը: Չկա մեկը, ով սխալներ չի գործում: Կային սխալներ Նոր տարվա ժամանակահատվածում, մենք պատասխանատվություն ենք կրում, և 98 տոկոսով վերացված են խնդիրները: Մենք մեր սխալների վրա սովորեցինք»:
Թավիլը նշեց նաև, որ Տարոն Մարգարյանի նկատողությունից հետո «Սանիտեք»-ում ներքին որոշումներ են կայացվել, որոնք ներքին խոհանոցին են վերաբերում: «Եղել են մարդիկ, ովքեր պատասխանատվության են ենթարկվել»,- ասաց նա` չցանկանալով բացել փակագծերը:
Պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե կոնկրետ ի՞նչ կերպ են արտահայտվել դրական տեղաշարժերը «Սանիտեք»-ում, և արդյո՞ք խոսքը նոր մեքենաների, տեխնիկայի ձեռք բերման մասին է կամ նոր մարդկային ռեսուրսների ներգրավման, Նիկոլաս Թավիլը նշեց. «Փոքր խնդիրների կուտակում էր տեղի ունեցել, կային կազմակերպչական խնդիրներ, որոշակի մեխանիկական խնդիրներ ունեինք` կապված սարքավորումների հետ: Ամենափոքր խնդիրը եղանակն է եղել: Այդ ուղղությամբ ենք բավականին աշխատել: Ավելի շատ ներդրումներ պետք է ունենանք»:
Տնօրենը խոսեց նաև իր և Տարոն Մարգարյանի հարաբերությունների մասին և ասաց, որ դրանք գործնական են, և եթե լինեին ընկերական, այդպիսի նկատողություն Տարոն Մարգարյանը չէր անի: