կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-08 15:12
Հասարակություն

Ճանապարհները մաքրելու համար 72 ժամը շատ չէ՞. պարզաբանում է «Սանիտեք»-ը

Ճանապարհները մաքրելու համար 72 ժամը շատ չէ՞. պարզաբանում է «Սանիտեք»-ը

Այսօր «Սանիտեք» ընկերությունը ձնամաքրման աշխատանքների հետ կապված հայտարարություն տարածեց` հայտնելով, որ տեղումների դադարից հետո 48 ժամվա ընթացքում ամբողջապես մաքրված կլինեն Երեւանի գլխավոր ճանապարհները եւ 72 ժամվա ընթացքում ավարտին կհասցվեն երկրորդական նշանակության ճանապարհների մաքրման աշխատանքները: 

Yerkir.am-ի հետ զրույցում «Սանիտեք» ընկերության հանրային հարաբերությունների ղեկավար  Էլեոնորա Շխրդմյանը, պատասխանելով հարցին` արդյո՞ք շատ չէ ձյուն մաքրելու համար պահանջվող 72 ժամը, ասաց. «Աշխատանքները բոլոր վարչական շրջաններում են տարվում, դրա մեջ մտնում են բակային տարածքները, մայթերը, փողոցները: Ահռելի աշխատանքի մասին է խոսքը»:

Հարցին, թե հնարավո՞ր է` այս անգամ էլ «Սանիտեք»-ի աշխատանքները հարուցեն քաղաքապետ Տարոն Մարգարյանի դժգոհությունը, ինչպես դա եղավ հունվարի սկզբին, պատասխանեց. «Իհարկե, եթե գործը վատ անենք, կդժգոհի, բայց հուսով եմ, որ արտակարգ ռեժիմով մեր աշխատանքը, երբ մեր ամբողջ տեխնիկան և աշխատակազմը դրսում աշխատում է, դժգոհության առիթ չի տա ո\'չ քաղաքապետի, ո\'չ էլ բնակչության կողմից: Տեխնիկա ունենք, բայց հնարավոր չէ 5 րոպեում բոլոր փողոցները մաքրել ձյունից»:

Հարցին, թե արդյո՞ք դժգոհություններ չեն ստացել բնակիչներից, «Սանիտեք»-ի ներկայացուցիչը պատասխանեց, որ թեժ գծին ստացվում են ահազանգեր, որից հետո ընկերությունը մեկնում է զանգի հետքերով` փորձելով լուծել խնդիրը: «Այս պահին թեև ունենք ձյունառատ փողոցներ, բայց անանցանելի ճանապարհներ չունենք»,- ասաց նա: