Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցանկացած նախաձեռնություն, որը կարող է նպաստել նրան, որ մենք կարողանանք հավաքականորեն բռնել Փաշինյանի ձեռքը, որ նան փաստաթուղթ չստորագրի, արժի դրան մասնակցել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Կենտրոն վարչական շրջանի նստավայրում «Հայաքվոե» նախաձեռնության ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Սա կարեւոր նախաձեռնություն է, հուսով եմ՝ մեր ժողովուրդը կստորագրի: Դա կարեւոր է եւ իշխանություններին, եւ միջազգային հանրությանը հստակ ուղերձ հղելու, որ հայ ժողովուրդը պատրաստ չէ ընդունել այն, ինչ իշխանությունները փորձում են անել: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին դեմ է, որ ԼՂ-ն ցանկացած կարգավիճակով լինի Ադրբեջանի մաս: Հակառակ դրան, իշխանությունները դա արհամարհում են: Նման նախաձեռնությունները, որ օրենքի ուժով կպարտադրեն՝ քրեականացնելով նման քայլը, շատ կարեւոր են: Կոչ եմ անում բոլորին գալ եւ մասնակցել:»,-ասաց Օսկանյանը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի նախկին իշխանությունները հիմք ընդունելով մադրիդյան սկզբունքները, նաեւ Քի Վեսթյան բանակցությունները, ըստ էության, ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի մաս, Օսկանյանն ասաց. «Հայաստանի նախկին որեւէ նախագահ, իշխանություն երբեք Արցախը Ադրբեջանի կազմում չի ճանաչել: Անկախ նրանից, թե Փաշինյանն ինչ կասի, ինչպես կմեկնաբանի, այդպիսի բան չի եղել: Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ նման բան ասել է եւ հիմա փորձում է դա ֆորմալիզացնել՝ ստորագրելով համապատասխան փաստաթղթեր: Դա պետք է թույլ չտալ, այդ արարքի համար մենք սերունդներով կզղջանք»:
Ինչ վերաբերում է այսօր ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերին, ԱԳ նախկին նախարարն ասաց. «Այսօր լրջագույն այլընտրանք կա նրան, ինչը Փաշինյանը փորձում է անել: Հիմա փորձում են ներկայացնել, թե պատերազմն անխուսափելի էր: Ոչ միայն անխուսափելի չէր, այլեւ պատերազմը բացառված էր: Պատերազմը Փաշինյանը բերել է մեր ժողովրդի գլխին իր սխալների պատճառով: Դրա փաստերը բոլորի համար ակնհայտ է: Հիմա էլ նույնկերպ ասվում է, որ այն ինչ արվում է, դրան այլընտրանք չկա, ինչն այդպես չէ»,-ասաց Օսկանյանը:
«Այսօր շրջանառության մեջ է մի ենթադրություն, որը պետք է վերանայել. Դա այն է, որ իբր այն, ինչ այսօր կատարվում է, դա նաեւ միջազգային հանրության ցանկությունն է, իրենց պարտադրանքն է եւ այս ամենն արվում է նրանց ճնշման տակ», - նշեց ԱԳ նախկին նախարարը։
«Այս ենթադրությունը պետք է ամբողջությամբ վերանայել եւ դրան տալ նոր ընկալում: Այո, միջազգային հանրության համար ցանկալի է, որ ԼՂ հարցը հանգուցալուծվի, բայց թե ինչպես կհանգուցալուծվի, հավատացեք, դա միջազգային հանրությանն այդքան էլ չի հետաքրքրում: Նրանք գնում են այն ճանապարհով, որն իրենց առաջ բացվել է: Որ ճանապարհը հեշտ է հարցի հանգուցալուծման համար, այդ ճանապարհն էլ վերցնում են:
Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ ԼՂ-ն հանձնել Ադրբեջանին: Իհարկե, միջազգային հանրությունը Նիկոլ Փաշինյանին կաջակցի, որ այդ հանգուցալուծումը լինի: Այն պահին, որ ՀՀ իշխանությունները նոր ձեւակերպում տակ բանակցությունների բնույթին, հավատացեք, միջազգային հանրության մոտ դիրքորոշման կտրուկ փոփոխություն կլինի»,-հայտարարեց Օսկանյանը:
Նրա խոսքով, եթե հայկական կողմը միջազգային հանրության առջեւ ձեւակերպի համոզիչ, տրամաբանական, առանց չափազանցությունների մեջ ընկնելու, բանակցությունների ամբողջ էությունն ու բովանդակությունը փոխվելու է: