կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-25 13:35
Քաղաքական

Եթե ԵԽԽՎ-ն գնա այդ արկածախնդրությանը, ցույց կտա իր ծախված լինելը. Արտաշես Գեղամյան

Եթե ԵԽԽՎ-ն գնա այդ արկածախնդրությանը, ցույց կտա իր ծախված լինելը. Արտաշես Գեղամյան

Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի օրակարգում միանգամից երկու հակահայ զեկույցների քննարկում և քվեարկություն կա: Զեկույցների հեղինակներն են Ռոբերտ Ուոլթերը և Միլիցա Մարկովիչը:

Yerkir.am-ի հետ զրույցում իր անկնալիքների ու կանխատեսումների մասին խոսեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Նրա խոսքով՝ խնդիրը հայկական պատվիրակության աշխատանքի մեջ չէ, այլ` ԵԽԽՎ-ում տիրող մթնոլորտի: Ըստ Գեղամյանի` ԵԽԽՎ-ն, ցավոք, իր կազմում ունի այնպիսի պատգամավորներ, որոնք պարզապես քաղաքական պատվեր են կատարում:

Պատգամավորը հիշեցրեց, որ ՄԽ համանախագահները 3 օր առաջ հստակ հայտարարությամբ նշեցին, որ ԼՂ հիմնախնդրի լուծումը միայն ԵԱՀԿ ՄԽ իրավասության շրջանակում է:

«Եթե դրանից հետո, եթե այդ բարոյական ապտակից հետո ԵԽԽՎ-ում կգտնվեն արկածախնդիր մարդիկ, ովքեր, այնուամենայնիվ, կգնան այդ արկածախնդրությանը, ապա հասկանալի է, որ եթե անգամ այդ հակահայ զեկույցն ընդունվի, դա ոչ մի ազդեցություն չի ունենա, բայց մեկ անգամ ևս ի լուր աշխարհի կասի, որ ավաղ, ԵԽԽՎ-ն, որը կոչված է արդարություն և միջազգային իրավունքի նորմեր պաշտպանել,  կարող է ծախսված լինել»,- ասաց Գեղամյանը:

 Պատգամավորի խոսքով՝ հայկական պատվիրակության անդամները բավական փորձառու և պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ են և ընդամենը պետք է ԵԽԽՎ պատվիրակներին տեղ հասցնեն այդ երկու զեկույցների բովանդակությունն ու ասեն, որ հակառակ պարագայում, եթե ականջալուր չլինեն ԵԱՀԿ ՄԽ հայտարարություններին, ապա հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հղվող արյունն այդ մարդկանց խղճի վրա է, որովհետև նման որոշումները, ըստ Գեղամյանի, ոչ այլ ինչ են, եթե ոչ` սադրանք և ուղերձ  Ադրբեջանին, որ նա շարունակի իր դավադիր գործունեությունն ու արյունահեղությունը:

Արտաշես Գեղամյանի խոսքով՝ այդ զեկույցների ընդունումը ապտակ կլինի  ԵԱՀԿ ՄԽ-ին, քանի որ այդ կառույցն է վերջին 6 տարիների ընթացքում 5 անգամ համատեղ հայտարարությամբ հանդես եկել, որոնցում հստակ նշվում են ԼՂ հակամարտության  կարգավորման երեք հիմնադրույթները, որոնք մաս են կազմում Հելսինկյան  եզրափակիչ ակտի 10 հիմնադրույթներին:

«Եթե մի կառույց, անունը թող լինի ԵԽԽՎ, արհամարհում է հիմնարար փաստաթուղթը, արհամարհում է ՄԱԿ-ի կողմից հավանության արժանացած ԵԱՀԿ 57 պետությունների կողմից լիազորություններով օժտված ինստիտուտի՝ ՄԽ համանախագահների կարծիքը, սա արդեն ԵԽԽՎ-ի բնութագիրն է»,- ասաց Արտաշես Գեղամյանը:

Մեր հարցին, թե ի՞նչ կարծիք ունի պատգամավորը երկու զեկույցների հեղինակների մասին, Արտաշես Գեղամյանը նշեց` այն, որ Ռոբերտ Ոոլթերը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլիից ստանում է թուրքական անձնագիր և հիացած ժպիտով լուսանկարվում, մեկնաբանություն չի պահանջում:

«Իսկ հակահայ երկրորդ զեկույցի հեղինակը՝ Միլիցա Մարկովիչը, ավելի մանրադրամային պատվեր կատարող է»,- ասաց պատգամավորը: