կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-03 17:43
Հասարակություն

Եթե ստեղծենք վեթինգ իրականացնող պետական մարմին, ապա ո՞վ պետք է այդ մարմնի օրինականությունն ու իրավական լինելը ստուգի. սահմանադրագետ

Եթե ստեղծենք վեթինգ իրականացնող պետական մարմին, ապա ո՞վ պետք է այդ մարմնի օրինականությունն ու իրավական լինելը ստուգի. սահմանադրագետ

Այսօր Հայաստանը սահմանադրականության խորը ճգնաժամի մեջ է` «գործող Սահմանադրությունը չի համապատասխանում իրական սահմանադրության չափանիշներին, որն էլ բխեցնում է մնացած՝ ավելի ցածր մակարդակի հակամարտությունները». այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը։

Նրա կարծիքով` մենք ունենք քաղցկեղածին ուռուցք՝ ի դեմս դատական համակարգի, և պետք է որոշենք՝ ինչպե՞ս բուժել՝ դիմել բժիշկների՞ն, թե՞ հեքիմական կիսագրագետ բուժման: Քաղաքացիներն առաջնահերթությունը տալիս են հեքիմներին, որոնք էլ կեղծ բուժում են իրականացնում։

Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանն ու վեթինգին, ապա Վարդան Այվազյանը նշեց. «Եթե մենք ստեղծեցինք պետական մարմին, որն էլ իրականացնելու է վեթինգ, ապա ո՞վ պետք է այդ վեթինգ իրականացնողների օրինականությունն ու իրավական լինելը ստուգի: Այսինքն` մենք նոր խնդիր ենք ստեղծելու, որը լինելու է հավի ու ձվի պատմությունը»:

Ըստ նրա` արդարադատությունը չի կարող գործել սահմանադրա-իրավական կարգավորումից և տրամաբանությունից դուրս: «Արդարության չափանիշները չեն կարող լինել անորոշ, հետևապես` արդարադատությունը չի կարող լինել անորոշ: Արդարադատությունը չի կարող լինել անցումային, որովհետև արդարադատությունը պետք է իրականացվի բացառապես արդարության չափանիշի հիման վրա։ Իսկ այդ չափանիշները պետք է լինեն որոշակի, ոչ թե անորոշ»,- շեշտեց Այվազյանը:

Բանախոսը նաև անդրադարձավ ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը: Նա մասնավորապես նշեց, որ, ըստ Սահմանադրության, ՀՀ նախագահը պետք է ներկայացնի ՍԴ դատավորի թեկնածու: «Ընդ որում` եթե ներկայացված թեկնածուն 3/5-ի հավանությանը չի արժանանում, պետք է ներկայացնի նոր թեկնածու: Նոր թեկնածուի առումով` սա օրենքի խախտում է, քանի որ նոր թեկնածու պետք է լինի»,- ասաց նա:

Այվազյանի խոսքով` խնդիրն իրավական հարթությունից տեղափոխվել է քաղաքական հարթություն: «Սահմանադրական դատարանը քաղաքականացնելն իրական սպառնալիք է մեր երկրի իրավական անվտանգության համար»,- շեշտեց սահմանադրագետը` ավելացնելով. «Եթե օրենքն ասում է, որ պետք է ներկայացնի նոր թեկնածու, դրա տակ միանշանակ հասկանում ենք  նոր թեկնածու»:

Այվազյանը նաև շեշտեց, որ երկրում իրավիճակն այնպիսին է, որ գործում է «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքը:

«Մասնագիտական գնահատմամբ` ճիշտ կլիներ, որ նախագահի առաջադրած թեկնածուներին հենց նախագահն էլ նշանակեր, որպեսզի ՍԴ դատավորի պաշտոնի քաղաքական բաղադրիչը բացառվեր»,- եզրափակեց նա: