Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Քալաձեն նախօրեին հայտարարել է, թե ռուսական «Գազպրոմ»-ը ցանկանում է Հայաստանին գազ մատակարարելու տարանցման համար Վրաստանին վճարել ոչ թե գազով, որը կազմում է Հայաստանին վաճառվող գազի ծավալի 10 տոկոսը, այսինքն մոտ 200մլն խ/մ, այլ՝ գումարով: Քալաձեն դա մեկնաբանել է որպես ռուսական կողմից իրենց ներկայացված վերջնագիր: «Երբ նրանք առաջ քաշեցին այդ պայմանը, մենք կտրուկ մերժեցինք: Բայց մեզ ուղիղ ասվեց, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին Իրանի տարածքով գազ մատակարարել: Մենք վերլուծել ենք նրանց առաջ քաշած վերջնագրի իրատեսականությունը: Այսօր «Գազպրոմը» կարող է Իրանի տարածքով Հայաստանին մատակարարել մոտ 1 մլրդ խմ գազ: Ներդրումներից հետո նրանք կարող են ամբողջությամբ բավարարել հայկական շուկայի պահանջարկը: Դա մեզ կդնի ծանր վիճակի մեջ»,- ասել է Քալաձեն՝ տեղեկացնելով, որ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են:
Թե իրականում ինչի շուրջ են արդեն մի քանի ամիս ընթանում ռուս-վրացական գազային բանակցությունները, Քալաձեի հակասական հայտարարություններից արդեն նույնիսկ դժվար է հասկանալ: Մեկ ամիս առաջ նա ասում էր, թե ռուսական կողմի հետ բանակցում են Ռուսաստանից հավելյալ գազ ստանալու շուրջ, քանի որ ադրբեջանական գազը չի բավարարում Վրաստանի ներքին պահանջարկը: Իսկ ընդամենը մեկ շաբաթ առաջ Քալաձեն հայտարարել էր, որ Վրաստանն ինքն է «Գազպրոմ»-ից պահանջել Հայաստանին մատակարարվող գազի տարանցման դիմաց վճարել արժույթով, ինչը տրամագծորեն հակասում է նրա այս հայտարարությանը: Այն ժամանակ Քալաձեն թվում էր ավելի համոզիչ: Հասկանալով, որ Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանին վաճառվող գազի սակագինն իջեցնել էներգակիրների համաշխարհային գնանկմանը համարժեք, Վրաստանը կարող էր փորձել գազի միջազգային գների և Հայաստանին մատակարարվող գազի սակագնի տարբերությունների վրա խաղալով ստանալ հավելյալ շահույթ, կամ փորձել հասնել Հայաստանին մատակարարվող գազի տարանցման դիմաց «Գազպրոմ»-ից ստացվող գազի ծավալների մեծացմանը: Չի բացառվում, որ հենց Վրաստանի այս «շուստրիությունն» է եղել սակագինն իջեցնելու հարցով Երևանի՝ Մոսկվային դիմելու պատճառներից մեկը: Սակայն եթե իրականությանը համապատասխանում է Քալաձեի վերջին հայտարարությունը, թե գումարով վճարելու պահանջը «Գազպրոմն» է ներկայացրել, այն էլ վերջնագրային տոնով, ապա գործ ունենք ոչ թե զուտ էներգետիկ, այլև Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան-Ռուսաստան հարաբերություններն ուղղակիորեն շոշափող ավելի տարողունակ տարածաշրջանային պրոցեսների հետ:
Իհարկե դեռ պետք է հասկանալ՝ ինչո՞ւ «Գազպրոմ»-ին ավելի ձեռնտու դարձավ Վրաստանին վճարել արժույթով, այլ ոչ թե գազով: Սակայն պետք է հստակ հասկանալ, որ դա բացառապես ռուս-վրացական հարաբերությունների հարց է, որին Հայաստանի միջամտությունը կարող է հանգեցնել հայ-վրացական հարաբերությունների վատացման: Նրանց միջև խնդրի սրացման դեպքում տուժողը լինելու է Հայաստանը: Սակայն հենց այս հանգամանքը համոզում է, որ չմիջամտելով հանդերձ, որքան էլ տարօրինակ թվա, Հայաստանին ավելի ձեռնտու է, որ Մոսկվան և Թբիլիսին այս հարցում հայտարարի չգան և Ռուսաստանն անցնի Հայաստանին Իրանից գազ մատակարարելու «սպառնալիքի» իրականացմանը:
Խոսքը գնում է բարդ սխեմայով իրանական գազն իբրև ռուսական, Հայաստանին մատակարարելու հնարավոր գործարքին, որը, առնվազն երկու պատճառով, Հայաստանի համար շահեկան է ոչ թե տնտեսական, այլ տարածքաշրջանային-քաղաքական առումով: Առաջին պատճառն այն է, որ այդպիսով կչեզոքացվի Վրաստանից Հայաստանի քաղաքական կախվածությունն ապահովող երկու հիմնական տարրերից մեկը (մյուսը Հայաստանի համար արտաքին առևտրի և հաղորդակցության հիմնական և առայժմ անփոխարինելի խողովակը լինելու` Վրաստանի բացառիկ նշանակությունն է): Թե Ռուսաստանը, թե հատկապես Հայաստանը, հաշվի առնելով գազամատակարարման հարցում Վրաստանի հանգուցային դերը, վերջինիս նկատմամբ մշտապես ցուցաբերել են ընդգծված զգուշավորություն, Հայաստանի պարագայում՝ նաև զիջողականություն: Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ Վրաստանը, որպես Ռուսաստանին պատժելու, զսպելու «մտրակ», ամենատարբեր պատճառաբանություններով ընդհատել է Հայաստանի գազամատակարարումը: Սա, իհարկե, չի նշանակում, թե փոխվելու է Վրաստանի նկատմամբ քաղաքականության բնույթը: Սակայն դա կստիպի Թբիլիսիին հասկանալ, որ կորցնում է Հայաստանի նկատմամբ իր հիմնական լծակներից մեկը և զգույշ լինել նրա հետաքրքրությունների հարցում:
Երկրորդ գործոնը Հայաստանի գազամատակարարման հարցում Իրանի, այսպես ասած, «տեսակարար կշռի» ավելացումն է: Եթե Ռուսաստանը որոշի, անցնել այդ սխեմային, Իրան-Հայաստան գազամուղը գործարկվելու է իր թողունակության ողջ ծավալով: Դա և կդառնա էներգետիկ ոլորտում Իրան-Ռուսաստան գործակցության առաջին նախագիծը՝ ստեղծելով փոխադարձ ընկալման որոշակի մակարդակ:
Ամենաէականն այն է, որ կապող օղակի դերում հանդես կգա Հայաստանը՝ ստեղծելով տարածաշրջանում Իրան-Հայաստան-Ռուսաստան էներգետիկ, հաղորդակցային և քաղաքական առանցք ձևավորելու նախադրյալներ: Սա նաև կարևոր կլինի այն առումով, որ Ռուսաստանը գուցե ավելի ընկալողունակ կդառնա Իրանից-Հայաստան գազամատակարարման հեռանկարի հանդեպ՝ այն չընկալելով որպես իր շահերի հանդեպ դավադրություն:
Բացի դրանից, Ռուսաստանը գուցե նաև կհասկանա, որ ավելի շահեկան է ոչ թե Իրանին խանգարել իր էներգակիրները Հայաստանով դեպի արևմտյան շուկաներ հասցնելու նպատակնրում, ինչը, միևնույն է, Իրանն փորձելու է կենսագործել Ռուսաստանի համար գործականում անվերահսկելի Թուրքիայի կամ Ադրբեջանի միջոցով, այլ, օգտագործելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, Հայաստանում իր դուստր կազմակերպության՝ «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով մաս կազմի այդ հնարավոր նախագծերին:
Ի վերջո դա ավելի նախընտրելի է, քան վերահսկողության և դերակատարման որևէ լծակից զրկվելը:
Գևորգ Դարբինյան