Փոխարժեքներ
27 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում ավարտվել է քննիչին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Դեպքն արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով. մեղադրյալը գործը քննող քննիչին իր իսկ աշխատասենյակում առաջարկել է կաշառք՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու դիմաց, ինչի մասին քննիչն անմիջապես զեկուցագիր է ներկայացրել։
Այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչի վարույթում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով Արարատի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի), իսկ որպես խափանման միջոց՝ ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով քննություն է տարվել՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
2015թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 17:07-ին, մեղադրյալը զանգահարել է ՀԿԳ քննիչին և, քրեական գործով կարևոր տեղեկություններ հայտնելու պատրվակով, խնդրել ընդունել իրեն: Քննիչը վերջինիս հրավիրել է իր աշխատասենյակ։
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ մեղադրյալը քննիչի թույլտվությամբ մուտք է գործել Երևան քաղաքի քննչական վարչության վարչական շենք, բարձրացել քննիչի աշխատասենյակ, որտեղ քննիչին առաջարկել է կաշառք՝ իրեն քրեական պատասխանատվությունից ազատելու դիմաց՝ պատրաստակամություն հայտնելով գումարը տալ նույն պահին։ Քննիչն անմիջապես նրան դուրս է հրավիրել իր աշխատասենյակից և կատարվածի վերաբերյալ ներկայացրել գրավոր զեկուցագիր։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քննիչի զեկուցագրում մատնանշված հանգամանքների ուղղությամբ քննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, հարուցվել առանձին քրեական գործ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով որպես մեղադրյալ ներգրավված Արարատի մարզի բնակչին ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով (խոշոր չափերով կաշառք առաջարկելը)։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: