Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց 3000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող ավագ քննիչ Միքայել Զադոյանի պաշտպան Սիմոն Ամիրխանյանի միջնորդությունը և Զադոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողեց անփոփոխ:
Պաշտպանը միջնորդել էր Զադոյանի նկատմամբ ընտրված կալանավորումը վերացնել կամ նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառել: Ամիրխանյանի խոսքով՝ իր պաշտպանյալը մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, երբևէ չի փորձել խոչընդոտել քննության ընթացքին: Նա հայտնեց, որ Զադոյանը խնամքին ունի երկու անչփահաս երեխա, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամ ծնողներ:
Նշենք, որ նախքան կալանավորվելը Զադոյանն աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում: Նա արդարադատության կապիտան է, որպես քննիչ աշխատել է 9 տարի: Զադոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Միքայել Զադոյանի հայրը՝ Արթուր Զադոյանն էլ է նախկինում հայտնվել քրեական պատմությունների մեջ: Տարիներ առաջ նրա վերաբերյալ քրեական գործ է քննվել Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Զադոյանը մեղադրվում էր 2009 թվականի հոկտեմբերին Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու, սպանության սպառնալիքներ տալու և ապօրինի զենք կրելու համար: Թեև այն ժամանակ վիճաբանության արդյունքում Զադոյանը հրազենային վնասվածքներ էր ստացել, սակայն ինքն էր հայտնվել ամբաստանյալի կարգավիճակում:
Հիշյալ դեպքի վերաբերյալ դեռևս 2014-ին Արթուր Զադոյանը մանրամասներ էր պատմել Yerkir.am-ին: 2016թ. նոյեմբերի 15-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանի վճռով՝ Արթուր Զադոյանը մեղավոր էր ճանաչել մեղսագրվող արարքներից մեկով, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը) և 137-րդ հոդվածի 1-ին (սպանության սպառնալիք տալը) մասերով մեղսագրվող արարքների կատարման մեջ Զադոյանն արդարացվել էր: