կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-22 13:00
Հասարակություն

Գրիպի ցանկացած տեսակ կարող է մահվան հանգեցնել. համաճարակաբան

Գրիպի ցանկացած տեսակ կարող է մահվան հանգեցնել. համաճարակաբան

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում գրիպով և սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված իրավիճակին: Բժիշկը խոսեց նաև Իրանում բռնկված H1N1 վիրուսի կամ խոզի գրիպի համաճարակի ընդգրկման ծավալների ու հնարավոր ազդեցությունից խուսափելու եղանակների մասին: Լիանա Թորոսյանի խոսքով`հենց այս սեզոնին է, որ խնդիրը գլուխ է բարձրացնում:

«Հայաստանում իրականացվում է շնչառական վարակների մոնիթորինգ, և ահազանգելու, ահաբեկելու հիմքեր չկան: Անցած տարիների համեմատ` առանձնապես փոփոխություն չկա: Անցյալ շաբաթվա ընթացքում Հայաստանի ողջ տարածքում արձանագրվել է գրիպի 2300-2400 դեպք: Արձանագրվել են գրիպի տարբեր ենթատեսակներ, այդ թվում` խոզի գրիպի, գրիպի B տեսակի և այլն»,- ասաց բժիշկը և ազգաբնակչությանը խորհուրդ տվեց լինել զգոն:

«Մենք ունենք գրիպի A տեսակով մահվան դեպք, բայց պետք է նշենք, որ այլ`սրտի հիվանդություն է ունեցել այդ մարդը, սակայն, գրիպը նպաստել է, որ հիմնական հիվանդությունը գլուխ բարձրացնի: Գրիպի ցանկացած տեսակով կարող են մահվան դեպքեր արձանագրվել»,- նշեց նա` հավելելով, որ հոկտեմբեր ամսից գրիպի սեզոնը սկսվել է և խոցելի խմբերի շրջանում պատվաստումներ կատարվել են` կամավոր սկզբունքով:

Թորոսյանի խոսքով`ցանկացած տեսակի գրիպ որևէ առանձնահատկություն չունի, սակայն, կոնկրետ տեսակը որոշվում է, որպեսզի բժիշկներն իրենց բուժման ռազմավարությունը մշակեն:

«Գրիպը մի\' դիտարկեք որպես թեթև հիվանդություն: Գրիպը կարող է նպաստել, որ օրգանիզմի խնդիրը գլուխ բարձրացնի: Ինքնաբուժությամբ պետք չէ զբաղվել, պետք է դիմել մասնագիտական օգնության: Հակաբիոտիկներ պետք չէ անհարկի օգտագործել. հակաբիոտիկները կարող են հիվանդի վիճակը բարդացնել: Միայն բժշկի նշանակմամբ պետք է լինի դեղորայքի օգտագործումը: Անհրաժեշտ է հետևել անձնական հիգիենային: Պետք է հագնվել եղանակին համահունչ, պետք է անընդհատ օդափոխել փակ տարածքը: Եթե տարածքում ունեք հիվանդ, գոնե երկու մետր հեռու պետք է մնալ նրանից: Վիտամիններով հարուստ սնունդ է հարկավոր օգտագործել, շատ հեղուկ, եթե, իհարկե, հատուկ հակացուցումներ չկան` հեղուկի հետ կապված»,- ընդգծեց բժիշկը:

Ըստ նրա` եթե արդեն կան գրիպանման երևույթներ, երեխաների պարագայում պետք չէ ուղարկել դպրոց կամ մանկապարտեզ: Եթե տանը հիվանդ կա, պետք չէ անհարկի դեղորայք տալ նրան: Պետք է մեկուսացնել այդ մարդուն, և նրան պետք է խնամի մեկ մարդ: Նախընտրելի է, որ հիվանդը կրի դիմակ, որը չորս ժամը մեկ պետք է փոխել և գցել աղբամանը: