կարևոր
1735 դիտում, 11 ժամ առաջ - 2025-01-14 21:43
Հասարակություն

Մհերը վառ անկեղծություն էր, ջիգյարով տեսակ էր, իսկական ընկեր էր. Ռուբինա Պետրոսյան

Մհերը վառ անկեղծություն էր, ջիգյարով տեսակ էր, իսկական ընկեր էր. Ռուբինա Պետրոսյան

ԵՊՀ դսախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Ռուբինա Պետրոսյանը գրում է.

«Երեկվանից արդարության հետ ներքին ու արտաքին կռիվ մեջ եմ…

Երեկ, Մհեր Սահակյան-ի մահվան մասին բոթը կարդալուց հետո, վերջին հույսից կառչած՝ սկսեցի զանգել մեր ընդհանուր ընկերներին հույսով, որ որևէ մեկը կհերքի, ցավոք…

Մհերի հետ ծանոթացել ենք 2020 թվականի նոյեմբերին, Հայրենիքի ու պետության համար ծանր ժամանակահատվածում: Իրավական մի հարց քննարկելու համար մեզ ծանոթացրեց Վահե Սարգսյանը (տարբեր առիթներով Վահեին շնորհակալ էինք լինում այդ ծանոթության, հետո ընկերության համար): Ամենաառաջին շփումից տեսա Մհերի անսահման հայրենասեր, անձնազոհ, նվիրյալ հայի ու դաշնակցականի տեսակը (իսկ էդ տեսակն անհնար է շփոթել):

Հետագայում Մհերի այդ բացառիկ հատկանիշների ականատեսն էի լինում ամենօրյա աշխատանքային գործունեության ընթացքում: Մշտապես պատրաստակամ էր օգնելու բոլորին՝ սկսած մանր տեխնիկական հարցից մինչև շատ լուրջ հարցերում, և այդ ամենը արվում էր մեծ սրտացավությամբ:

Լույս ու Սեր –ի պաշտոնական գրանցումից հետո Մհերն առաջին մարդը եղավ հասարակական ու քաղաքական դաշտից, ով ուրախացած զանգեց, շնորհավորեց, ոգևորեց ինձ գործունեությանս համար ու ասաց. «Ընկեր ջան, ասա ես ինչով օգնեմ, ինչ անենք երեխեքի համար, իմացի՝ միշտ պատրաստ եմ»: Չսպասեց էլ, որ ասեմ ինչ կարող է անել, շատ կարճ ժամանակ անց սեփական նախաձեռնությամբ, իրեն բնորոշ համեստությամբ, լուռ, բայց մեծ ոգևորությամբ արեց ու որևէ տեղ չթողեց խոսել դրա մասին:

Չորրոդ զավակի ծննդյան առթիվ երբ շնորհավորեցի, ասաց. «Թող ճիշտ մարդ մեծանա, ամենակարևորը՝ իր Հայրենիքի համար կռիվ տվող տեսակ լինի»: Անձնական մեծ ուրախության ժամանակ էլ իր համար ամենից վերն ու թանկը Հայրենիքն էր: Մհերն իր չորս զավակների համար իր ապրած կյանքի օրինակով դարձավ հայրենասիրության, նվիրումի, կարգին մարդու լավագույն օրինակը:

Մհերի հետ յուրաքանչյուր հանդիպում ու շփում ևս մեկ անգամ ապացուցում էին 2020 թվականի նոյեմբերին ունեցածս առաջին տպավորության ճիշտ լինելը, որով հաճախ էի կիսվում իր ավագ ընկերների մոտ:

Մհերը վառ անկեղծություն էր, ջիգյարով տեսակ էր, իսկական ընկեր էր…

Ընկեր ջան, շնորհակալություն հավերժ կենդանի տեսակիդ համար...»: