Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-12-12 11:00
Տարածաշրջան

Դինքի սպանության մասին ամեն ինչ նախապես հայտնի է եղել

Դինքի սպանության մասին ամեն ինչ նախապես հայտնի է եղել

Դինքի սպանության գործով մեղադրական եզրակացության մեջ դատախազությունը հստակեցրել է, որ սպանությունը, դրա համար նախապատրաստական աշխատանքներ իրականացնող հանցավոր կազմակերպությունն ու դրա անդամները, մինչև անգամ` սպանության գործում հրաձիգի դեր ստանձնած «Օգուն»-ի անունը նախապես հայտնի են եղել. տեղեկացնում է «Ակօս»-ը:

Պարտավոր էին կանխել սպանությունը

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ պատկան մարմինները, որոնք, ըստ իրենց լիազորությունների  և պարտականությունների, պետք է կանխեին Դինքի սպանությունը, չեն արել դա, թեև սպանության և հանցավոր գործողությունների մասին նախապես տեղյակ են եղել:

Նշվում է, որ պատկան մարմինները սպանությունն իրականացրած խմբի ղեկավար կամ անդամ չեն, սակայն տեղյակ են եղել, որ սպանությունն իրականացվելու է: Այս անձինք գործողություններ չեն իրականացրել սպանությունը պլանավորող հանցավոր խմբի նկատմամբ, չեն ապահովել Հրանտ Դինքի անվտանգությունը, ուստի, ըստ մեղադրական ակտի, նրանց գործողությունները պետք է որակավորվեն որպես զինված հանցավոր խմբին օժանդակություն:

«Տեղյակ են եղել սպառնալիքներից»

Եզրակացության մեջ նշվում է, որ Տրապիզոնի ոստիկանությունը, Ստամբուլի ոստիկանությունն ու ոստիկանության հետախուզության վարչությունը նախապես տեղյակ են եղել Դինքի սպանությանը նախորդած զարգացումներից և սպառնալիքների մթնոլորտից: 

«Միտումնավոր կերպով թերի հաշվետվություն է ներկայացվել»

Հրանտ Դինքի սպանության նախապատրաստությունների մասին տեղեկություն ձեռք բերելու նպատակով կասկածյալներ Էրհան Թունջելի, Յասին Հայալի և նրանց ղեկավարած խմբի կողմից մի շարք գաղտնի հանդիպումներ են իրականացվել: Մեղադրական եզրակացության համաձայն՝ այս հանդիպումների ընթացքում ձեռք բերված տեղեկությունները ոչ ամբողջովին են ներառվել հանդիպման հաշվետվությունների մեջ:

Մինչև վերջին պահը հետևել են Օգյուն Սամասթին

Եզրակացությունում նշվում է, որ Հրանտ Դինքի սպանության կանխման գործում կենսական նշանակություն ունեցող տեղեկությունները չեն ներկայացվել հաշվետվություններում և միտումնավոր կերպով թաքցվել են:

Մեղադրական ակտի համաձայն՝  Յասին Հայալը և նրա ղեկավարած հանցավոր կազմակերպությունը Հրանտ Դինքի սպանության իրականացման հարցում վճռական են եղել, և Հայալը սպանությունն իրականացնելու հնարավորությունների տեր է եղել: Մեղադրականում նաև ընդգծվում է, որ Տրապիզոնի ոստիկանության պաշտոնյաները տեղյակ են եղել Դինքի սպանության իրականացման որոշմանը և այն մասին, որ Հայալն ի զորու է  իրականացնելու սպանությունը: