կարևոր
5380 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-23 16:54
Քաղաքական Հասարակություն

Ցավոք, ամեն ինչ նախապես որոշված էր. «Փյունիկ»-ը՝ ՀՖՖ նախագահի ընտրության մասին

Ցավոք, ամեն ինչ նախապես որոշված էր. «Փյունիկ»-ը՝ ՀՖՖ նախագահի ընտրության մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետո Երևանի «Փյունիկ»-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

Ակումբի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, որ անցնող տարվա վերջին շաբաթներին մեզ հետ կիսեցիք հայկական ֆուտբոլի ապագայի վերաբերյալ ունեցած ապրումները: Մենք միասին հարցեր էինք տալիս, փաստերով քննարկում ֆեդերացիայի գործող ղեկավարության թերացումները, անում էինք հայտարարություններ և անտարբեր չէինք։ Մենք ուրախ ենք` վերջնական արդյունքում հույս ձեռք բերեցինք` ի դեմս Արաս Օզբիլիսի, որին աջակցել է ոչ միայն ֆուտբոլային հանրության մեծ մասը, այլև ամբողջ աշխարհում հայտնի հայ մարզիկները, ինչպիսիք են` Հենրիխ Մխիթարյանը, Կարեն Խաչանովը և Լևոն Արոնյանը, մարդիկ, ովքեր առաջին ձեռքից գիտեն, թե որքան կարևոր է երկրի համար պրոֆեսիոնալ մոտեցումը, ինչպես նաև ուժեղ ու պատասխանատու ֆեդերացիա ունենալը: Ցավոք, ամեն ինչ նախապես որոշված էր։ Ընտրությունները վերածվել են աթոռակռվի: Քվեարկության արդյունքները մեզ համար անակնկալ չեն։ Աշխատանքի արդյունքները, ինչպես նաև հանրության կարծիքը, հերթական անգամ անամոթաբար անտեսվեցին։ Բայց վերջին շաբաթները մեզ վստահություն տվեցին, որ միասին կարող ենք ազդել ապագայի վրա և հայկական ֆուտբոլը վերադարձնել զարգացման ու առաջընթացի ուղի: Ամեն դեպքում մենք շարունակելու ենք պայքարը մեր երկրի ամենասիրված մարզաձևում` մաքրություն հաստատելու և բարգավաճում ապահովելու համար: Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք խաղադաշտում և դրա սահմաններից դուրս` հայկական ֆուտբոլը արժանի մակարդակին վերադարձնելու համար: Ֆուտբոլը միավորում է մարդկանց ամբողջ աշխարհում, և մենք այս մեծ ընտանիքի մի մասն ենք»:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 23-ին կայացած ՀՖՖ նախագահի ընտրությունում առաջադրված երկու թեկնածուներից` Արմեն Մելիքբեկյան և Արաս Օզբիլիզ, քվեարկողների 3 / 20 ձայների հարաբերակցությամբ` ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։