կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-07 17:40
Իրավական

Դատարանը մասնակի բավարարեց պաշտպանության նախարարի կնոջ հայցը

Դատարանը մասնակի բավարարեց պաշտպանության նախարարի կնոջ հայցը

Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջով «Հրապարակ» օրաթերթի դեմ հայցով որոշումը: Դատարանը մասնակի բավարարեց Ռուզաննա Խաչատրյանի հայցը` պարտադրելով լրատվամիջոցին` հերքել Ռուզաննա Խաչատրյանին վերաբերող տեղեկությունները և էլեկտրոնային կայքից հեռացնել նրա պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները, իսկ պատասխան հրապարակելու մասով ներկայացված պահանջը մերժվեց:

Yerkir.am-ի հետ զրույցում Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչ Կարեն Մեջլումյանը նշեց, որ նյութը կայքից հեռացնելու որոշումը նախադեպային էր. նախկինում նման պահանջ որևէ լրատվամիջոցի նկատմամբ չի ներկայացվել:

Հիշեցնենք, որ մայիսի 21-ին «Հրապարակ»-ը տպագրել էր «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը, որում անդրադարձ կա hzham.am կայքում տեղադրված` Սեյրան Օհանյանի և Ռուզաննա Խաչատրյանի ծանոթության պատմությանը, նաև 2002 թվականին տեղի ունեցած մի վթարի, որի արդյունքում, ըստ նույն կայքի, մահացել է Ռուզաննա Խաչատրյանի մտերիմ ընկերը, իսկ ղեկին հարբած Ռուզաննա Խաչատրյանն է եղել: Նախարարի կինը հերքել է այս տեղեկությունը, ինչը ևս տեղ է գտել հոդվածում:

Սակայն Ռ. Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը համարում է, որ «Հրապարակը» զրպարտել է իր վստահորդին և չի ճշտել նրանից այս տեղեկությունը:

Նշենք, որ 2015-ի նոյեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնությունը):

ՀՀ դատախազությունը նշել էր, որ hzham.am՝ (Հայկական ժամ) ինտերնետային լրատվական կայքում Հովհաննես Հայրապետյանի մահվան հանգեցրած վթարին Ռուզաննա Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում, և հիշյալ գործով նախաքննություն իրականացնելու համար գործի նյութերն ուղարկել էր ՀՀ Քննչական կոմիտե: