Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ վաղ առավոտյան հակառակորդը հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, որը ետ մղելիս հայկական կողմը մեկ զինվոր է կորցրել: Բացի դիվերսիոն ներթափանցման փորձից, հակառակորդը, երեկվանից կտրուկ ավելացրել է հրաձգային զինատեսակներից, ականանետներից, նռնականետներից և ռեակտիվ հրթիռահրետանային կայանքներից հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցները, որոնք, փաստորեն, շարունակվել են առնվազն մինչև օրվա կեսերը: Կարելի է արձանագրել, որ Ադրբեջանը վերջին շրջանում սահմանագծին պահպանվող հարաբերական խաղաղությունից հետո կրկին վերադառնում է ակտիվ ռազմական գործողությունների ռեժիմին: Դատելով տարածաշրջանում ստեղծված նոր իրադրությունից` չի բացառվում, որ Բաքուն գնալով ավելի է խորացնելու այդ միտումները:
Ադրբեջանը սահմանային սադրանքների գնաց Բելգրադում կայացած ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների գագաթաժողովի ավարտից անմիջապես հետո: Այդ գագաթաժողովում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դիմել էր ԵԱՀԿ ՄԽ-ի եռանախագահների նկատմամբ ակնհայտ դեմարշի: Նա ոչ միայն հայտարարել էր թե ԼՂ խնդիրը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում և հայկական զորքերը պետք է դուրս բերվեն բոլոր շրջանններից, այլև սպառնացել էր, որ դա չարվելու դեպքում Բաքուն խնդիրը լուծելու է այլ, հասկանալի է, ռազմական ճանապարհով: Իրենց դեմ ուղղված այդ դեմարշին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Հարլեմ Դեսիրը պատասխանեցին համատեղ աննախադեպ կոշտ հայտարարությամբ, որով Ադրբեջանին ուղղակի մեդադրեցին խաղաղ կարգավորումը վիժեցնելու մեջ: Գործընթացն այլ հարթակներ տեղափոխելու, ՄԽ-ին անարդյունավետության մեջ մեղադրելու վերջին դրսրոևումները նկատի ունենալով՝ պատվիրակությունների ղեկավարները հայտարարության մեջ նշել էին. «Ցանկացած մեղադրանք հանդիսանում է փորձ՝ թաքցնելու այն փաստը, որ Ադրբեջանում ու Հայաստանում քաղաքական կամք չի դրսևորվում հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար»: Պարզ է, որ խաղաղ կարգավորման քաղաքական կամք չունենալու մեղադրանքը տվյալ դեպքում ուղղված է Ադրբեջանին, քանի որ հենց նա է հանդիսանում թե ՄԽ-ին ուղղված մեղադրանքների հեղինակը, և թե պրոցեսն այլ հարթակներ տեղափոխելու փորձեր անողը:
Սակայն այս հայտարարությունում Բաքվին ավելի ցավոտ մեկ այլ հարված է պարունակում: «Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ մեր ընդհանուր նպատակն է հանդիսանում տևական խաղաղության ձեռքբերումը»,- նշել են հայտարարության եհղինակները՝ փաստորեն ակնարկելով, որ այս փուլում համանախագահողները ոչ թե հակամարտության կարգավորման, այլ հակամարտության գոտում տևական խաղաղություն հաստատելու կամ որ նույնն է՝ առկա ստատուս-քվոն պահպանելու նպատակ են հետապնդում: Սա այլ բան չէ, քան նախազգուշացում Բաքվին, որ ներկայիս ապակառուցողական քաղաքականությունը շարունակելու հետևանքը կարող է լինել ներկա ստատուս-քվոն անժամկետ կամ երկարաժամկետ դարձնելը: Չի կարելի բացառել, որ դրանով ՄԽ համանախագահող երկրները հենց Ադրբեջանին են մեղադրում դեկտեմբերի 1-ին Փարիզում նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպման չկայացման մեջ ու փորձում են այսկերպ ճնշում գործադրել այդ հանդիպումը գլուխ բերելու նպատակով:
Ըստ էության՝ կարելի է ասել, որ ադրբեջանական դիվերսիան ԼՂ հատվածում իրականացվեց՝ որպես ՄԽ-ի այս հայտարարությանը և որդեգրած կուրսին հուսահատ դիմադրության փորձ և ավելի շատ դիվանագիտական փակուղուց դուրս պրծնելու հուսահատ քայլ: Ադրբեջանը հերթական անգամ կրակում է ՄԽ համանախագահող երկրների դեմ:
Բայց ռազմական նոր բախումների գնալու ադրբեջանական կողմի որոշման ամենակարևոր պատճառը թաքնված է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Բաքու կատարած պաշտոնական այցի տակ: Դիվերսիան իրականացվեց հենց այն օրը, երբ նա դեռ Բաքվում էր: Դրանից ժամեր անց Դավութօղլուն չափազանց լուրջ երկու հայտարարություն արեց: Նախ՝ նա կոչ արեց Հայաստանին հանել զորքերը «ադրբեջանական տարածքներից»՝ վստահեցնելով ադրբեջանցիներին, որ այդ տարածքները «սուրբ» են իրենց համար, հետևաբար Անկարան ամեն ինչ է անելու՝ դրանք Ադրբեջանին հանձնելու համար: Գուցե Դավութօղլուի հայտարարությունն ընդամենը Բաքվին սիրաշահելու ձև է՝ որպես շնորհակալություն այս շրջանում՝ իր կողքին լինելու և աջակցելու համար: Բայց էականն այստեղ հայտարարության չափից դուրս կոշտ տոնն է` Հայաստանի նկատմամբ:
Դավութօղլուի երկրորդ հայտարարության հասցեատերը Մոսկվան էր՝ ենթատեքստում պարունակող թաքնված սպառնալիքներով: «Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն անհրաժեշտ են ոչ միայն երկու երկրներին, այլև՝ Կովկասին, Բալկաններին, Մերձավոր Արևելքին, Սև և Կասպից ծովերի տարածաշրջաններին։ Ռուս-թուրքական լավ հարաբերություններն էական ներդրում ունեն ողջ տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար»,- ասել է Դավութօղլուն՝ շատ պարզ հասկացնելով, որ եթե Ռուսաստանը չփոխի Սիրիայի սահմանին ռազմական ինքնաթիռի կորստով պայմանավորված իր քաղաքականությունը, Անկարան կարող է այդ տարածաշրջաններից յուրաքանչյուրը գլխացավանք դարձնել Մոսկվայի համար: Այնքանով, որքանով հայտարարությունն արվեց Բաքվից և արվեց հենց ԼՂ սահմանին իրավիճակի լարման ֆոնին, Դավութօղլուն փաստացի հասկացնում է, որ իր թիրախում առաջինը հենց Հարավային Կովկասն է:
Նախօրեին Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բաքուն բոլոր հարցերում պաշտպանում է Անկարային՝ անթաքույց դարձնելով, որ Ադրբեջանը և Թուրքիան ոչ ֆորմալ դաշինք են ձևավորում Ռուսաստանի դեմ՝ որը դրսևորվում է իրավիճակն այս տարածաշրջանում լարելու միջոցով և անկախ Երևանի կամքից՝ Հայաստանին, ԼՂ գործոնով միջնորդավորված, ռուս-թուրքական առճակատման մեջ ներքաշելով:
Նման իրավիճակում առավել քան էական է դառնում Մոսկվայի արձագանքը, որին հասկացնում են, որ նրա դեմ Հր. Կովկասից Բաքվի ձեռքով երկրորդ ճակատի բացումն այնքան էլ անիրատեսական չէ:
Գևորգ Դարբինյան