կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-16 14:30
Առանց Կատեգորիա

Թուրքիան համաշխարհային պատերազմ է հրահրում

Թուրքիան համաշխարհային պատերազմ է հրահրում

Փետրվարի 13-ին` բավականին թեժ բանակցություններից հետո, Սիրիայի աջակցության միջազգային խումբը ծրագիր էր մշակել, որով նախատեսվում էր մեկ շաբաթից դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում։ Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան հանդես էր եկել Սիրիայում հրադադար հաստատելու առաջարկով՝ պայմանով, որ դա չի վերաբերելու Հալեպի շրջակայքում ահաբեկչական խմբավորումների դիրքերին հասցվող հարվածներին։

Երլու օր առաջ Սպիտակ տան նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Հեռախոսազրույցի բովանդակության մասին Սպիտակ տան տարածած պաշտոնական հաղրոդագրության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները սիրիական ճգնաժամի շրջանակներում անդրադարձել են նաև Սիրիայի օգնության միջազգային խմբի կողմից ձեռք բերված համաձայնություններին։ Սա գործնականում նշանակում է, որ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնությունն առաջին հերթին հաջողվել է ձեռք բերել Մոսկվայի և Վաշինգտոնի պայմանավորվածությունների շնորհիվ։

Չնայած դրան՝ Սիրիայի հյուսիսային շրջաններում իրավիճակը պայթյունավտանգ է։ Թուրքիայի զինված ուժերը հրետանային հարվածներ են հասցրել Լաթաքիայում դեպի թուրքական սահմանն առաջադիմող սիրիական կառավարական ուժերին, իսկ դրանից առաջ ՝ նաև Հալեպին մոտ գտնվող Աըզազ քաղաքի ուղղությամբ հարձակում ձեռնարկած քրդական Դեմոկրատական միասնական կուսակցության դիրքերին։ Պաշտոնական Անկարան հաստատել է քուրդ զինյալներին հարվածներ հասցնելու փաստը, իսկ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե երբեք թույլ չեն տալու Աըզազի անկումը՝ սպառնալով ոչնչացնել «Միննեք» օդանավակայանը։

Մեկ օր առաջ տեղեկատվություն տարածվեց այն մասին, թե մի քանի տասնյակ ռազմական ավտոմեքենաներով հարյուրից ավելի թուրք զինվորականներ ներխուժել են Սիրիայի տարածք և հասել ընդհուպ Հալեպ քաղաքին։ Թեև պաշտոնական Անկարան հերքել է այս լուրը, սակայն ակնհայտ է, որ այն պատահական չի դրվել շրջանառության մեջ և հետապնդում է նման զարգացման հավանականության, այնպես էլ դրա վերաբերյալ միջազգային հանրության ռեակցիան ստուգելու նպատակներ։

Ուշագրավ է, որ Սիրիա Թուրքիայի ներխուժման մոդելավորումն արվում է Սաուդյան Արաբիայի կողմից Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազա ռազմական կոնտինգենտ և օդուժ ուղարկելուց հետո։ Էր Ռիադը հայտարարել է, թե լիովին աջակցելու է Թուրքիային, եթե Անկարան որոշի ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում, և սպասում է ընդամենը հակաահաբեկչական կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ի համաձայնությանը։

Իր հերթին, ՌԴ վարչապետ Դմիտի Մեդվեդևը անվտանգության հարցերով մյունխենյան միջազգային համաժողովին մասնակցելու մեկնելուց առաջ գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում զգուշացրել է, որ Սիրիայի տարածք օտարերկրյա ցամաքային զորքեր մտցնելը կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի՝ շատ պարզ ակնարկելով, որ Ռուսաստանը չի հրաժարվելու պաշտպանել Բաշար ալ Ասադին, չի երկմտելու միջամտել ցամաքային այդ հնարավոր գործողություններին և հնարավոր է՝ իր հերթին ևս դիմի Սիրիայում զորամիավորումներ տեղակայելու քայլին։ Փաստորեն, անկանխատեսելի հետևանքներով հղի այս բախումներից խուսափելուն էր ուղղված ինչպես հրադադար հաստատելու` Մոսկվայի առաջարկը, այնպես էլ Օբամա-Պուտին պայմանավորվածությունների կայացումը։

Հրետանային հարվածներ հասցնելով Սիրիայի կառավարական զորքերին և քրդական զինյալների դիրքերին այն ժամանակ, երբ գերտերությունների  ղեկավարները փորձում են ստեղծված իրավիճակից քաղաքական ելքեր գտնել, Թուրքիան փաստացի անիրագործելի է դարձնում այդ պայմանավորվածությունները՝ սադրելով թե\' քրդերին և թե\' Ասադի բանակին՝ հետագայում դա Սիրիա ներխուժելու պատրվակ դարձնելու համար։ Անկարան հերթական անգամ փաստացի ձախողում է սիրիական հարցը քաղաքական ճանապարհով լուծելու և ահաբեկչական խմավորումների դեմ Ռուսաստան-Արևմուտք միասնական ճակատ ձևավորելու փորձերը։ Ընդ որում՝ այս արկածախնդիր քայլերին նա գնում է, գոնե արտաքուստ, ի հեճուկս Վաշինգտոնի ցանկությունների և նրանց կողմից հնչող զսպվածության կոչերի։ Չի բացառվում, իհարկե, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի այս միացյալ դեմարշը տեղի է ունենում ԱՄՆ-ի գիտությամբ և թույլտվությամբ։ Սակայն, հաշվի առնելով սիրիացի քրդերի հարցում Վաշինգտոնի և Անկարայի հակադրվող տեսակետները, հնարավոր է, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան իրենց սեփական խաղն են տանում՝ Սիրիայի նկատմամբ քաղաքական ազդեցության վերջին պատառիկները չկորցնելու և հատկապես ուղղակի կազմաքանդվող «Իսլամական պետության» և սուննի ջիհադականների գործոնի վերջնական չեզոքացումը թույլ չտալու նպատակով։

Անկարան ակնհայտորեն կրակի հետ է խաղում՝ միաժամանակ այդ կրակի մեջ ներքաշելով իր արևմտյան դաշնակիցներին և Ռուսաստանին՝ օգտագործելով իր անվտանգության ապահովման հարցում նրանց ունեցած պայմանագրային պարտավորություններից կախվածությունը։ Թուրքիան իր կայսերական նկրտումներով դառնում է անկառավարելի նույնիսկ ոչ թե տարածաշրջանային, այլև արդեն համաշխարհային ընդգրկման կոնֆլիկտի հրահրման առումով, և սա հղի է ծանր, չափազանց ծանր հետևանքներով։

Գևորգ Դարբինյան