կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-17 13:45
Քաղաքական

Դանիայի ԱԺ-ն ունի 1, իսկ Հայաստանի ԱԺ-ն՝ 83 ծառայողական մեքենա. Փաշինյանը՝ «պադավատապետության» մասին

Այսօր ԱԺ-ում շարունակվում է 2016թ. բյուջեի նախագծի քննարկումը:

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ՝ անդրադառնալով աղքատ Հայաստանում տեղ գտած անտրամաբանական զավեշտներին: Նա նշեց, որ 2016 թ. բյուջեի նախագծի վերաբերյալ երկու լուր ունի հայտնելու` մեկը՝ լավ, մյուսը՝ վատ: Վատն լուրն այն է, որ, նախորդ բյուջեի համեմատությամբ, եկամուտները պակասել են շուրջ 8 միլիարդ դրամով, այսինքն` նպաստները, կենսաթոշակները և բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերը չեն ավելանալու: Իսկ լավ լուրն այն է, որ պետական կառավարման մարմինների ծառայողական մեքենաների թիվը, նախորդ բյուջեի համեմատ, ավելացել է 83 հատով, ընդհանուր առմամբ` 1072 մեքենա: Պատգամավորը հռետորական հարց ուղղեց` շա՞տ է ծառայողական մեքենաների թիվը, թե՞ ոչ` 2,8 միլիարդանոց բյուջեի պարագայում:

Փաշինյանը հիշեցրեց մամուլի հրապարակումները Դանիայի մասին. այդ զարգացած երկրում կա ընդամենը 23 ծառայողական մեքենա: Պատգամավորը հավելեց, որ հարցում է ուղարկել Դանիայի խորհրդարան՝ պաշտոնապես պարզելու, թե Դանիայի խորհրդարանը քանի՞ ծառայողական մեքենա ունի: Փաշինյանի խոսքով` Ռիկկե Տուբորգ անունով մի պարտաճանաչ պաշտոնյա ներկայացրել է պաշտոնական պատասխան, և օ՜ զարմանք, Դանիայի խորհրդարանն ունի ընդամենը մեկ ծառայողական մեքենա, և այն Դանիայի խորհրդարանի նախագահինն է:

«Ես նրա պատասխանը կարդալիս աչքերիս չհավատացի. նորից եմ նամակ գրում, ա\'յ հարգելի Ռիկկե Տուբորգ, մի հատ սթափվեք, լրջացեք, ձեռ ե՞ք առնում, ո՞նց թե Դանիայի ցելի խորհրդարանն ունի մեկ ծառայողական մեքենա: Էս պարոն Ռիկկե Տուբորգը մնաց անհողդողդ իր դիրքերի վրա, և մինչև վերջ պնդեց, որ, այո, Դանիայի խորհրդարանն ունի ընդամենը մեկ ծառայողական մեքենա: Իսկ Հայաստանի ԱԺ-ում կա 82 ծառայողական մեքենա»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: