կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 13:20
Քաղաքական

Պադավատապետության դեմ պայքարողները երկիրը վերածել են պադավատապետության

Մեզ ներկայացված 2022 թվականի պետական բյուջեն այն մասին է, թե ինչպես են գործող իշխանությունները փող աշխատելու, ինչպես են մսխելու պետական գումարները, ինչպես են ապահովելու իրենց անվերջ գործուղումները, ինչպես են սերտաճեցնելու իշխանությունն ու բիզնեսը, ինչպես են կառուցելու պադավատապետություն, ինչպես չեն ապահովելու իրենց հեղափոխական խոստումներն ու ինչպես են հարցականի տակ դնելու մեր երկրի անվտանգությունը։
 
Ասածիս համար հիմք են ծառայում 2021 թվականի ընթացքում արձանագրված մի քանի երևույթ։ Այսպես, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանի պատգամավոր աներորդի Հրաչյա Հակոբյանը, ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը մեկնել էին հունական ամենաթանկարժեք համարվող կղզիներից մեկում՝ Միկոնոսում, զվարճանալու։ Եվ դա այն դեպքում, երբ մեկնումից մեկ օր առաջ Ալեն Սիմոնյանը գերիների ու անհետ կորածների հարազատների հետ հանդիպմանը հավաստիացնում էր, թե իբր իրենք գիշերները չեն կարողանում քնել, տանջվում են և իրենց տեղը չեն գտնում․ մտածում են միայն գերիների մասին։ Իսկ կուլիսներում ասում է, որ գերիներն իր համար այլևս չկան և նրանք դասալիքներ են։ Փաստորեն, նրա նախկին ասածները ձև էին։ Կեղծավորություն։ Բայց դե հերոս Աբաջյանի կեղծ պապիկի օգնությամբ մարդկանցից էմոցիա խլողներից այլ բան չէր էլ սպասվում։
 
Սա հարցի բարոյական կողմն է ու թվում է, թե կապ չունի պետբյուջեի հետ, սակայն դա միայն առաջին հայացքից է թվում։

Բանն այն է, որ սույն պատգամավորները հունական կղզի էին մեկնել հայաստանյան խոշոր գործարար և, ըստ տարածվող տեղեկությունների, իշխանական ֆեյքերի ֆաբրիկան աշխատացնող օղակներից մեկի՝ Վիվառոյի տիրոջ հետ։ Իսկ սա կասկածի տեղիք է տալիս, թե ինչո՞ւ է գործարարը իշխանական պաշտոնյաներին տանում հունական կղզիներում տժժալու։
 
Իշխանական քարոզիչների սիրած հարցադրման ձևն օգտագործեմ՝ բա խի՞ Սերժի վախտ Վիվառոյի տերն այդ նույն մարդկանց չէր տանում Միկոնոս՝ դիսկոտեկային զվարճություններ անելու համար։ Պատասխանը կարծում եմ ակնհայտ է՝ «Սերժի վախտ» Ալեն Սիմանյանին, Նիկոլ Փաշինյանի աներորդուն ու նրանց կցված մյուս պատգամավորին Միկոնոս տանելու իմաստ ու ժողովրդական լեզվով ասած՝ քյար չկար։ Իսկ հիմա կա՛։ Այդ «քյարն», օրինակ, իշխանական բարեհաճությունը վայելելն է, սեփական բիզնեսի ծաղկմանը նպաստող օրինագիծն, ըստ որոշ փաստերի, Ալեն Սիմոնյանի ու մյուսների միջոցով անցկացնելն է։ Ահա՛ ձեզ իշխանության ու բիզնեսի սերտաճման կոնկրետ օրինակ։ 
 
Մի խոսքով՝ Միկոնոսում արձանագրվել է առերևույթ կոռուպցիայի դեպք։ Իսկ դա ուղղակիորեն հարվածում է բյուջեին, բյուջեի միջոցով էլ՝ ՀՀ քաղաքացիներին։
 
Ինչպե՞ս այդ դեպքում կողմ լինել մի բյուջեի նախագածի, որը ներկայացրել է մի կառավարություն, որը անում է այն, ինչը նախկինում քննադատում էր կամ չի անում այն, ինչ նախկինում խոստանում էր անել։
 
Գամ մյուս օրինակին, որը թվում է, թե մեծ խնդիր չէ, սակայն կրկին դա թվում է ընդամենն առաջին հայացքից։ Խոսքը Ալեն Սիմոնյանին բաժին հասած տխրահռչակ BMW-ի մասին է։ Պետբյուջեի՛ հաշվին։ Ի դեպ, չմոռանամ ասել, որ նոփ-նոր ու շատ թանկարժեք «պադավատ» ձեռք բերեց նաև Նիկոլ Փաշինյանը, ով առերևույթ քարոզում էր հեծանիվապետություն։
 
Եվ այսպես, Ալեն Սիմոնյանի նոր «պադավատը» գնվել է բյուջեի հաշվին, այսինքն՝ հարկատուների հաշվին։ Այն հարկատուների, որոնց մի մասի ծնողներին, եղբայրներին կամ որդիներին այս իշխանություններն ուղարկեցին կրակի բերան՝ չփակելով օդը, դավաճան չընկալվելու համար չկանգնեցնելով մահաբեր մեքենան։ Այն հարկատուների հաշվին, որոնց ծնողների կամ տատիկ-պապիկների թոշակները չեն բարձրացնում՝ մերժելով ընդդիմության առաջարկը։ Այն հարկատուների, որոնց իբր սիրում են, որոնցով իբր հպարտանում են և որոնց առաջ իբր խոնարհվում են։
 
Պադավատապետության դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը պադավատապատել է իրեն ու իր շրջապատին։ Այդքան մեծ շարասյուններով Հայաստանում ու Երևանում չի շրջել ոչ մի ղեկավար։
 
Սաշիկի մասին բազմաթիվ պատումներով սրտից թույլ լսարանի մոտ միավորներ վաստակող Նիկոլ Փաշինյանը մի ժամանակ խոսում էր պետական ձևական տենդերներից։ Հիմա չի խոսում։ Չի խոսում, քանզի այդ տենդերներն, ըստ օդում կախված լուրերի, արդեն շահում են ի՛ր մերձավորները։
 
Օդում կախված արդեն բազում լուրեր կան նաև այն մասին, որ ասֆալտի գործի վրա դոլարային միլիոնատերեր են դարձել նախարարից փոխվարչապետ, փոխվարչապետից պաշտպանության նախարար դարձած Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանը։ Ում անունը մոռացա նշել, թող ինձ ներեն։
 
Փայ մտնելու պատմություններով հայտնի և հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի թեմայով բազմաթիվ բամբասանքներ տարածած քաղաքական թիմը, ճակատագրի հեգնանքով, փայ մտավ պղնձամոլիբդենայինում, ու դա ՀՀ նորանկախ պատմության մեջ ամենաստվերային, ամենառեյդերական ու ամենացինիկ փայմտնոցին էր։ Դա արվեց ժողովրդի անունից, բայց իրականում ծառայելու է մի փոքրիկ խումբ մարդկանց անձնական շահերին, ավելի կոնկրետ՝ նրանց հարստացմանը։ Դե իսկ ժողովրդին բաժին կհասնեն միայն թանկացումները, մահերն ու զրկանքները։
 
Ամփոփեմ ելույթս դասականի ոճով։
 
Տիկնայք և պարոնա՛յք, 2021-ի բյուջեի կապակցությամբ երկու լուր ունեմ՝ մեկը լավ, մյուսը՝ վատ։ Լավ լուրն այն է, որ հաջորդ տարի ավելանալու են պաշտոնյաների գործուղումների և ներկայացուցչական ծախսերի համար տրվելիք միջոցները։ Բայց դա լավ լուր է այդ պաշտոնյաների՛, այլ ոչ թե հպարտ որակումը ստացած քաղաքացիների համար։ Վերջիններիս միայն վատ լուր ունեմ հայտնելու։
 
Նրանց համար թանկարժեք մեքենաներ պետբյուջեի հաշվին չեն գնվի։ Հպարտ քաղաքացիները չեն շահի նաև ասֆալտի տենդերները, նրանց պարգևավճարներ չեն հասնի։ Հպարտ քաղաքացիները ներկայացուցչական ծախսեր եթե անեն էլ, ապա միայն սեփական գպրանից, քանզի հպարտ քաղաքացին, դատելով ամենից, այս իշխանությունների համար միայն ու բացառապես տուգանքի մատերիալ է։
 
Հպարտ քաղաքացու համար մեկ այլ վատ լուր էլ ունեմ։ Թանկանալու է ջուրը։ Թանկացման հեռանկարի առաջ է հայտնվել էլեկտրաէներգիայի սակագինը։
 
Բայց այդ թանկացումների դեմ իբր կռիվ տվող ու հանուն 100-դրամանոց երթուղայինը 150 դրամ չդառնալու համար պայքարիստ աշխատող տղաներից այս մեկն, օրինակ, այլևս դրա դեմ չի ընդվզի։ Քանզի բախտի բերմամբ, թե պատահմամբ նա ու նրա ընկերները դարձել են պաշտոնյաներ։
 
Էլեկտրիկ Երևանի պայքարիստներն այլևս թանկացումների դեմ դուրս չեն գա, քանզի իրենք կամ իրենց ընկերներն են հիմա թանկացնողների դերում։ Իրենք հիմա պետական այրեր են դարձել, փոխել են հագուկապերը, թանկարժեք կոստյումների ու շորերի տեր են դարձել, թանկարժեք լողափերում են արևին տալիս իրենց հոգնատանջ մարմինները։ Ինչպես հասկանում եք, պադավատապետության դեմ պայքարողները դարձան պադավատապետության ջատագովներ։ Ինչպես որ Ջորջ Օրուելի հայտնի ստեղծագործության՝ Անասնաֆերմայի մեջ եղավ։
 
Ի դեպ, այս մարդկանց տեսակին ու գործելաոճին գնահատական է տվել մի նախկին հեղափոխական, որի ասածներին ավելացնելու բան չունեմ։
 
Արեգնազ Մանուկյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր