կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-09 18:06
Իրավական

Նոր մանրամասներ Վայոց ձորում տարեց կանանց սպանության վերաբերյալ. դրդողը այլ անչափահաս էր

Նոր մանրամասներ Վայոց ձորում տարեց կանանց սպանության վերաբերյալ. դրդողը այլ անչափահաս էր

ՀՀ քննչական կոմիտեի  Վայոց Ձորի մարզային  քննչական վարչությունում Վարդուշ Սիմոնյանի և Գոհար Բարսեղյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել են նոր հանգամանքներ. տարեց կանանց սպանությանը դրդելու մեղադրանք է առաջադրվել նույն մարզի մեկ այլ անչափահասի:

Ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում  պարզվել է, որ Եղեգնաձոր  քաղաքի անչափահաս բնակիչ, 1998թ. ծնված Ս.Զ.-ն համոզելու միջոցով դրդել է համաքաղաքացի, անչափահաս Ն.Խ.-ին ապօրինաբար կյանքից զրկել Եղեգնաձոր քաղաքի բնակչուհի Վարդուշ Սիմոնյանին և Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի բնակչուհի Գոհար Բարսեղյանին և հափշտակել նրանց ոսկյա ականջօղերը:

Նախնական քննության տվյալներով՝ Եղեգնաձոր քաղաքի անչափահաս բնակիչ Ս.Զ.-ն  2015 թվականի հոկտեմբերի 20-ին` ժամը 12:00-13:00-ի սահմաններում,  Ն.Խ.-ի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, գնացել է Եղեգնաձոր քաղաքի  Իսակովի փողոցի թիվ 25 հասցեում  գտնվող Վարդուշ Սիմոնյանի առանձնատուն, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղում գտնվող Գոհար Բարսեղյանի տուն:

Ըստ դերաբախշման՝ Ն.Խ.-ն մտել է տարեց կանանց տները, իսկ Ս.Զ.-ն հսկել է դրսում:

Վարդուշ Սիմոնյանից և Գոհար Բարսեղյանից հափշտակված ոսկյա ականջօղերը նրանք հետագայում վաճառել են ոսկու առուվաճառքով զբաղվող կետերում, իսկ վաճառքից ստացված գումարը՝ տնօրինել երկուսով:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2015թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Իսակովի 25 հասցեում գտնվող տան բակում հայտնաբերվել է նույն տան բնակչուհի, 1924թ. ծնված Վարդուշ Սիմոնյանի դին, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչուհի, 1939 թվականին ծնված Գոհար Բարսեղյանի դին:

Դիակների արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի  Վայոց Ձորի մարզային  քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարդուշ Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 16-ամյա Ն.Խ.-ն խոստովանական ցուցմունք էր տվել, որ Գոհար Բարսեղյանին ևս ինքն է սպանել:

Կատարված քննչական փորձարարությունների ժամանակ նա նկարագրել էր երկու սպանության դեպքերի հանգամանքները:

2015թ. նոյեմբերի 2-ին Գ.Բարսեղյանի և Վ.Սիմոնյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթ, և 16-ամյա Ն.Խ.-ին մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 8-րդ կետորով (Շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն):

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2015թ. նոյեմբերի 4-ին Ս.Զ.ն ձերբակալվել է, իսկ 2015թ. նոյեմբերի 7-ին՝ ներգրավվել որպես մեղադրյալ. նրան  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով:

Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` Ս.Զ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական  միջոցառումներ՝ դեպքի բոլոր  հանգամանքները պարզելու ուղղությամբ։