կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-03 18:18
Իրավական

16-ամյա պատանին կալանավորվել է երկու տարեց կանանց սպանության կասկածանքով

16-ամյա պատանին կալանավորվել է երկու տարեց կանանց  սպանության կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում Վարդուշ Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է նաև սպանության մեկ այլ դրվագ ևս:

Սպանության կասկածանքով ձերբակալված 16-ամյա երիտասարդը՝ Ն.Խ.-ն, նշված գործի շրջանակներում խոստովանական ցուցմունք է տվել, որ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19-ի  սահմաններում, Գոհար Բարսեղյանին ևս ինքն է սպանել:

2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19-ի  սահմաններում, ահազանգ է ստացվել, որ  Վայոց ձորի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչուհի, 1939 թվականին ծնված Գոհար Բարսեղյանի դին:

Դատաբժշկի կողմից ներկայացված մահվան վկայականի համաձայն՝ կնոջ մահվան պատճառը գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումն է, ինչը հետևանք է նշված գանգուղեղային վնասվածքի։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն:

Մշակվել է քննչական գործողությունների պլան, առաջ քաշվել հնարավոր վարկածներ:

Քանի որ նախաքննության մարմնի ուշադրությունից չէր վրիպել այն հանգամանքը, որ երկու դիակներից անհետացել են տուժողների ոսկյա ականջօղերը, առաջ քաշված վարկածներից ելնելով՝ հարցման և հարցաքննության են ենթարկվել մարզում ոսկյա զարդերի առուվաճառքով զբաղվող անձինք:

16-ամյա երիտասարդը ճանաչման է ներկայացվել Գ.Բարսեղյանի և Վ.Սիմոնյանի ոսկե ականջօղերը գնած ոսկերիչներին, ովքեր ճանաչել և հաստատել են, որ զարդերը վաճառելու նպատակով իրենց առաջարկել է հենց ճանաչման ներկայացված անձը:

Անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների պայմաններում անչափահաս Ն.Խ.-ի կողմից տրվել է խոստովանական ցուցմունք այն մասին, որ Գ.Բարսեղյանին ևս ինքն է սպանել:

Մասնավորապես՝ Ն.Խ.-ն 2015թ. հոկտեմբերի 24-ին՝ օրվա երկրորդ կեսին, հողագործական աշխատանքներ գտնելու նպատակով գնացել է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղ, մոտեցել իր հողամասում աշխատող Գոհար Բարսեղյանին և առաջարկել իր ծառայությունը: Ստանալով վերջինիս համաձայնությունը՝ սկսել է խնձոր քաղել, որի ընթացքում էլ տարեց կնոջ ականջներին նկատել է ոսկյա ականջօղերը:

Այնուհետև նշված ոսկե ականջօղերը հափշտակելու նպատակով ծառի մոտ դրված բահով հարվածել է Գ.Բարսեղյանի գլխին, որից հետո նրա ականջներից հանել է ականջօղերը և դիմել փախուստի: Պարզվել է նաև, որ կնոջ մատներին եղել են նաև ոսկյա մատանիներ, որոնք, սակայն, Ն.Խ.-ն չի հափշտակել:

Անչափահաս Ն.Խ.-ի մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ նա մատնացույց է արել Գ.Բարսեղյանի հողամասը և նկարագրել դեպքի բոլոր հանգամանքները:

2015թ. նոյեմբերի 2-ին Գ.Բարսեղյանի և Վ.Սիմոնյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթ և 16-ամյա Ն.Խ.-ին մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 8-րդ կետորով (Շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն):

Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Վայոց ձորի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ն.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: