Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարությունը ԱԺ-ին է ներկայացնում 2016թ. պետական բյուջեի նախագիծը:
Ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հարց ուներ հիմնական զեկուցող՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանին: Նա նախ ափսոսանք հայտնեց, որ իր հարցը հնչեցնելու պահին վարչապետն արդեն դահլիճում չէ: Հրանտ Բագրատյանը նշեց, որ արդեն չորրորդ տարին է, ինչ ինքը ներկա է բյուջեի նախագծի քննարկմանը, և տնտեսական աճի մասին խոսելիս անընդհատ կրկնվում է հետևյալ միտքը, որ տնտեսական աճի ցածր տեմպերը պայմանավորված են համաշխարհային տնտեսության աճի անկմամբ:
Բագրատյանն իր կարծիքը ներկայացրեց, որ, 2012-ից սկսած, Հայաստանին օդի պես անհրաժեշտ է 7 տոկոս տնտեսական աճ, որպեսզի միգրացիայի ցուցանիշը նվազի: Եվ հակառակը՝ որքան տնտեսական աճը նվազում է, միգրացիայի ցուցանիշներն աճում են, և այս տարին Հայաստանը կարող է փակել կես միլիոն արտագաղթած մարդկանց ցուցանիշով:
«Դուք ասում եք ՝մյուս տարի վատ է լինելու, դրա համար էլ կանխատեսվում է 2,2 տոկոս տնտեսական աճ: Նայենք, թե որտե՞ղ է վատ լինելու: Աշխարհում հաջորդ տարի սպասվում է 3,8 տոկոս տնտեսական աճ, ինչը 17 տարվա մեջ երրորդ լավ ցուցանիշն է: Աշխարհի համար սա չտեսնված ցուցանիշ է: Հայաստանի հիմնական գործընկերներն ունենալու են 3,2 տոկոս տնտեսական աճ, հարևաններից՝ Իրանը՝ 4,4 տոկոս տնտեսական աճ, Թուրքիան՝ 3,5 տոկոս, Ադրբեջանն ու Վրաստանը ունեն 3 տոկոս: ԵՄ-ն առաջին անգամ 17 տարվա մեջ ունենալու է 2,1 տոկոս: Ռուսաստանում մի քանի թիվ կա՝ եթե նավթի գինը մնա 45 դոլար, ապա կունենան 0,5 տոկոս, եթե նավթի գինը բարձրանա 55 դոլար, կունենան 1,5 տոկոս տնտեսական աճ: Մենք ինչի՞ հիմա վրա ենք ասում, որ վատանալու է, և ինչո՞ւ պետք է Հայաստանի թիվը իջնի: Տնտեսական աճը վերաբերում է ներդրումներին: Է, ներդրումներ արեք, թող տնտեսական աճը բարձրանա: Բա դրա համար է իշխող կուսակցությունը իշխող համարվում, որ ներդրումներ անի: Բա աճեցրեք տնտեսություն, ինչո՞ւ եք պարտվողական ցուցանիշ դնում: Հանրապետության սահմաններից դուրս է միայն վիճակը լավ, և միայն հանրապետության սահմանների ներսում է ամեն ինչ վատ, և հիմարն ու անճարն է, ինձ հետ միասին, որ մնացել են հանրապետությունում»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ եթե 7 տոկոս տնտեսական աճ են ցանկանում, ապա 7-ը բազմապատկում են 3-ով և 21 տոկոս ներդրումներ անում:
Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ կարևոր են Ռուսաստանի ու ԵՄ-ի ցուցանիշները, որտեղ վատ է վիճակը, և եթե այնտեղ վատ է վիճակը, ապա Հայաստանում չի կարող վիճակը լավ լինել: Նրա խոսքով՝ կառավարությունը պրագմատիզմի տեսանկյունից ելնելով է կանխատեսել 2,2 տոկոս տնտեսական աճ, և եթե կանխատեսածից բարձր կլինի, ավելի լավ, ոչ թե սկզբից բարձր ցուցանիշ կանխատեսեն ու արդյունքում չհասնեն դրան:
Հրանտ Բագրատյանը արձագանքեց՝ ասելով, որ ԵՄ-ն ու Ռուսաստանը ավելացրել են իրենց տնտեսական աճը: Նա հավելեց, որ Հայաստանի կառավարութունը չունի տրանսֆերտների կառավարման մենեջմենթ: «Մենք ուզում ենք, որ ժողովորդը մեզանից մենակ աշխատավարձ պահանջի: Ես ատում եմ այդ մոդելը, մինչդեռ՝ մեր ժոովուրդը պետք է հիմնական ներդրողը լինի: Դուք գլոբալ պարտվել եք, տնտեսությունը կանգնեցրել եք աղետի առաջ, այն չի աճում ու չի էլ աճելու»,- ասաց նա:
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ միջազգային հանրությունը ժպտում է հայերին, բայց չի ցանկանում, որ հայերը հաջողություններ գրանցեն իրենց տնտեսության մեջ, որովհետև եթե հայերի վիճակը վատ լինի, ավելի շատ կխնդրեն միջազգային հանրությունից: «Այս ամենը անհանդուժելի է, մենք գլոբալ ֆինանսատնտեսական աղետի մեջ ենք»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Պավել Սաֆարյանը համաձայնեց, որ Հրանտ Բագրատյանը կարևոր դիտարկումներ է անում, կառավարությունը շարունակելու է մտածել ներդրումների մասին: