կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-05 10:12
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանի գործերը կտրուկ վատանում են. «ՀԺ»

Հովիկ Աբրահամյանի գործերը կտրուկ վատանում են. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.com-ին հատնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի գործերը սկսել են վատանալ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի զգուշացումը Աբրահամյանին է փոխանցել պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը, առավել հայտնի «Կրակեմ Հրաչ» անունով: Վերջինս Աբրահամյանին հասկացրել է, որ քաղաքական հավակնություններ այլեւս պետք է չունենա, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ դրանց կարիքը Սարգսյանը չի ունենա: Դրանից առաջ էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցով էր զգուշացում փոխանցվել Աբրահամյաին (վերջիններս խնամիներ են), որը, կարծես թե, այնքան էլ արդյունավետ չէր եղել: Ահա այդ զգուշացումներից հետո էլ սկսվեց Աբրահամյանի բիզնեսի մասսայական վաճառքը:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից ամիսներ անց, մամուլում տարածվեցին տեղեկություններ, որ Աբրահամյանի մերձավորներն արտագաղթում են, վերջիններիս բիզնես գործունեությունը դադարեցվում է: Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ Աբրահամյանները վաճառել են «Արտֆուդ» ընկերությունում իրենց 50 տոկոս բաժնեմասը, գազալցակայանները: Ավելի վաղ տեղեկություն հրապարակվեց, որ Սամվել Ալեքսանյանն էլ գնել է Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան, որը նույնպես պատկանում էր Աբրահամյաններին:

Այսօր այցելեցինք Արարատի մարզ: Արտաշատ քաղաք տանող ճանապարհին՝ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի աջ եւ ձախ հատվածներում տեղակայված գազալցակայանները, որոնց մի մասը մինչեւ վերջերս պատկանում էին Հովիկ Աբրահամյանի ընտանիքին, առանձնապես շատ հաճախորդներ չունեին: Գազալցակայաններից մեկի վրա էլ մեծ տառերով գրված էր «վաճառվում է» եւ տակը հեռախոսահամարը:

Արտաշատ քաղաքի հենց կենտրոնում՝ հրապարակի հարեւանությամբ, վեր է խոյանում «Արտաշատ պլազա» առեւտրի կենտրոնը: Իրարանցում տեղի չէր ունենում առեւտրի կենտրոնի տարածքում՝ չնայած նրան, որ այն գտնվում է քաղաքի ամենաբանուկ հատվածում:

«Արտաշատ պլազա»-ն ժամանակին հիմնադրել էին Հովիկ Աբրահամյանի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը եւ Արտաշատի ներկայիս փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, որը Հովիկ Աբրահամյանի մորական կողմից ազգականն է: Ընկերության հիմնադրումից հետո Աբրահամյաննի հարազատները դուրս են եկել ընկերության բաժնետերերի ցանկից, սակայն այն շարունակում է մնալ իրենց ընտանիքինը:

Արտաշատ քաղաքից ուղեւորվեցինք Մխչյան՝ Հովիկ Աբրահամյանի ծննդավայր, որի ճանապարհին էլ տեղակայված է «Արտաշատ վինկոն» գինու-կոնյակի գործարանը: Գործարանի մոտ երկու մեքենա էր կայանված, որոնցից մեկը՝ պահակակետի մոտ, փակ էր «Արտաշատ վինկոն»-ի ֆիրմային խանութը: Տեղացի խաղողագործները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ մտավախություն ունեն, որ այս տարի այս գործարանը մթերում չի իրականացնելու: Պատճառը՝ ենթադրում են, որ Հովիկ Աբրահամյանն այլեւս իշխանություն չունի, բնականաբար՝ արտահանում էլ կդժվարանա կատարել, այդ իսկ պատճառով մթերման այս կետը խաղողագործները հանում են իրենց ցուցակներից:

Գործարանի կայքում նշված հեռախոսահամարները չէին գործում, ուստի հնարավորություն չունեցանք պարզել, թե արդյո՞ք ճիշտ են գյուղացիների ունեցած տեղեկություններ: Այդուհանդերձ՝ հետաքրքիր գրառումներ հանդիպեցին «Արտաշատ վինկոն»-ի կայքում: Նախ այն, որ փաստացի ընկերությունը ժամանակին պատկանել է անձամբ Հովիկ Աբրահամյանին, սակայն կայքում չէին թարմացրել Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ տեղեկությունները: «Արտաշատ վինկոն»-ի կայքում ՀՀ վարչապետը դեռ Հովիկ Աբրահամյանն է: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: