Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
28-ամյա Էդիտան արդեն մեկուկես տարի է, ինչ կալանքի տակ է ու մեղադրվում է «Հայբիզնեսբանկ»-ից առանձնապես խոշոր չափերի` մոտ մեկ միլիոն դոլար հափշտակելու մեջ:
Համաձայն մեղադրանքի` Էդիտան, աշխատելով որպես «Հայբիզնեսբանկ»-ի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ և հասանելիություն ունենալով ավանդատուների բանկային տվյալներին, իր լիազորությունները հիշյալ ընկերության շահերին հակառակ օգտագործելով, ամուսնու` Տիգրանի հետ համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակել է 723.940 ԱՄՆ դոլար և 83.668.795 ՀՀ դրամ, ինչի հետևանքով բանկի համար առաջացել են ծանր հետևանքներ:
Էդիտային մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով (պատիժ է սահմանվում 300 հազար դրամ տուգանքից մինչև 4 տարվա ազատազրկում), և 181-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (պատիժ է սահմանվում 4-8 տարվա ազատազրկումը` գույքի բռնագրվամամբ կամ առանց դրա):
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող` «Բանդա-2»-ի գործով ամբաստանյալ է նաեւ նրա ամուսինը` Տիգրանը, որի հանդեպ ևս, որպես խափանման միջոց, ընտրված է կալանքը: Իսկ նրանց երեքամյա երեխան տատիկի` Էդիտայի մոր խնամքի տակ է: Մոր և հոր խնամքից զրկված լինելը, մոր անհետանալը խորը հոգեական ընկճվածության, տագնապների ու վախերի պատճառ է դարձել: Երեխան հոգեբանի և նյարդաբանի մշտական հսկողության տակ է: Նա վախենում է, որ մի օր, ինչպես մայրը, տատիկն էլ կհեռանա իր մոտից ու այլևս չի վերադառնա:
Երեկվա դատական նիստում Էդիտայի փաստաբան Սիմոն Ամիրխանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց` իր պաշտպանյալի հանդեպ կիրառվող խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով և սահմանել գրավի չափ: Նա դատարանին ներկայացրեց մի քանի բժշկական կենտրոններից ստացված համապատասխան թղթերը, որոնք վկայում են ամբաստանյալի երեք տարեկան երեխայի առողջության վատթարացման մասին, ինչպեսև «Աբովյան» ՔԿՀ-ի ղեկավարությունից ստացված` Էդիտայի դրական բնութագիրը:
Ս. Ամիրխանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը աջակցել է գործի քննությանը, տվել ինքնախոստովանական ցուցմունքներ, հայտնել, որ հանցագործությունը կատարել է մշտական սպառնալիքների, սարսափի ազդեցության տակ` փորձելով փրկել երեխային ու ամուսնուն` մարելով վերջինիս կուտակած պարտքերը:
Մյուս ամբաստանյալների փաստաբանները ևս միացան միջնորդությանը` հայտնելով, որ խափանման միջոց կալանքը վերացնելու հիմքերը կան, քանի որ դատարանում ևս արդեն հարցաքննվել են բանկից գումարներ հափշտակելու դրվագով անցնող բոլոր վկաները, և Էդիտան, ազատության մեջ գտնվելով, ցանկության դեպքում էլ չի կարող խոչընդոտել գործի քննությանը:
Միջնորդության դեմ առարկեց միայն մեղադրող դատախազ Ռ. Ղազինյանը: Նա իր խոսքում նշեց, թե հաճելի է, որ պաշտպանական կողմը միասնական է, և որ իրեն էլ անծանոթ չէ մարդկային որևէ բան, սակայն կատարվել է հանցագործություն, և այս դեպքում Էդիտային կալանքի տակ պահելու հիմքերը կան, և խափանման միջոցը չպետք է փոխվի:
Կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, անցավ խորհրդակցական սենյակ և մոտ մեկուկես ժամից հրապարակեց միջնորդությունը մերժելու մասին որոշումը: Էդիտան կշարունակի կալանքի տակ մնալ: