կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-20 14:48
Քաղաքական

«Շատերը հարցնելու են` եթե հեղափոխությունը եղավ, որ մեր սոցիալական վիճակը լավանա, ինչո՞ւ է այն ավելի վատանում»

«Շատերը հարցնելու են` եթե հեղափոխությունը եղավ, որ մեր սոցիալական վիճակը լավանա, ինչո՞ւ է այն ավելի վատանում»

Քաղաքակիրթ աշխարհում ընդհանուր հարկումն ընդունված երևույթ է, բայց արդյո՞ք մենք հասել ենք այն չափանիշներին, որոնք գործում են քաղաքակիրթ երկրներում կամ արդյո՞ք արել ենք ստվերը դեպի լույս բերելու բոլոր հնարավոր քայլերը,  և մնացել է միայն տրանսֆերտները հարկելը. «Երկիր մեդիա»-ի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասաց ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Բագրատ Եսայանը` անդրադառնալով ՊԵԿ-ի` «խոպանչիներին հարկելու» գաղափարին:

Նրա խոսքով` գաղտնիք չէ, որ Հայաստանը լքում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները, տղամարդիկ, որոնք գնում են` իրենց ընտանիքի հացը վաստակելու ամենադժվար պայմաններում: Եսայանը նշեց, որ Ռուսաստանի  պայմանների մասին չի ուզում խոսել, քանի որ նրանք, ովքեր դրսում աշխատող ծանոթ ունեն, գիտեն, թե ինչ պայմաններում են աշխատում այնտեղ: «Անգամ իրենց իրավունքների ոտնահարման պայմաններում են աշխատում այդ մի կտոր հացի գումարն ու, իրենք իրենցից զրկելով, այն ուղարկում ընտանիքներին: Համահարթեցված հարկման մեխանիզմն ընդունված երևույթ է աշխարհի մի շարք երկրներում, բայց  մինչև հեղափոխությունը բոլոր ուժերը խոսում էին, որ Հայաստանում ստվերային տնտեսությունը բավականին բարձր մակարդակի վրա է, և այդ ստվերը օրինական դաշտ բերելով` հնարավորություն կտրվի սոցիալապես անապահով ընտանիքների հոգսը նախ մի փոքր թեթևացնելու և նոր միայն նրանց բերելու հարկային դաշտ»,-ասաց Եսայանը` հավելելով, որ այն գումարը, որը հոսում էր բյուջեի կողքով դեպի օլիգարխների գրպանը, շարունակում է իր հոսքը, և սրա ապացույցը 2019-ի բյուջեն է, որով չի նախատեսվում աշխատավարձերի, թոշակների բարձրացում:

Եսայանի խոսքով` ստվերային գործունեության դեմ պայքարը շրջվեց սոցիալապես անապահով ընտանիքների եկամուտները հարկելու ուղղությամբ, և բնականաբար, հաջորդ քայլը լինելու է օրենքը խախտողներին ի հայտ բերելը, տրանսֆերտների մեխանիզմների խստացումը: Ըստ նրա`այս ամենի արդյունքում տրանսֆերտների մեծ մասը կտեղափոխվի առձեռն փոխանցվող գումարների դաշտ, այսինքն` կբերվի ստվեր, որ խուսափեն 23 տոկոս հարկումից:

Եսայանի հավաստմամբ` խնդրին այս կերպ լուծում տալը միայն խնդրի` ավելի ցայտուն դարձնելուն է նպաստելու:«Շատերը հարցնելու են` եթե հեղափոխությունը եղավ, որ մեր սոցիալական վիճակը լավանա, ինչո՞ւ է այն ավելի վատանում: Այն ընտանիքները, որոնք իրենց առօրյա հացը վաստակելու խնդիրն ունեին և դրա համար դուրս եկան նախորդ իշխանության դեմ, ասելու են` ինչո՞ւ եք առավելություն տալիս առանց այն էլ ունևոր դասակարգին, իսկ մեր` սոցիալապես անապահով դասի խնդիրներով չեք զբաղվում: Հիմա զբաղվում են նրանց խնդիրներով, բայց` նրանց ստացած եկամուտներն ավելի նվազեցնելու ուղղությամբ»,- ասաց նա:

Եսայանը նշեց, որ դեռ նախորդ ընտրությունների ժամանակ առիթ է ունեցել ասելու, որ Հայաստանի անկախացումից հետո Հայաստանում իշխանության են եղել միայն լիբերալ ուժերը, և նրանք պաշտպանել են գործարարներ, խոշոր ընկերությունների շահերը: Այդ առումով, նրա գնահատմամբ, այսօրվա իշխանությունն առանձնապես նախորդ իշխանություններից չի տարբերվում: «Լեքսիկոնը տարբեր է` հայտարարել են կոռուպցիայի դեմ պայքարը, բայց դրա դեմ պայքարը միայն ձերբակալություններով ու պատժով չէ: Կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում է բավականին լուրջ մեխանիզմներ օրենսդրական դաշտում, այսինքն` եթե դու փորձում ես սահմանափակել կոռուպցիան, առաջին հերթին պետք է օրենսդրական կարգավորում տաս հարցերին: Կոռուպցիան առաջանում է այն տեղում, երբ հարցը կարգավորված չէ: Այսօր, ցավոք, առանց այս հարցերը կարգավորելու, հայտարարվում է կոռուպցիայի դեմ պայքար, որի երկրորդ կոմպոնենտն օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքն է: Հիմա այս և պատժի անխուսափելիության սկզբունքն առաջ մղելով` կարծես միայն այս ուղղությամբ են գնում»,- նշեց նա:

Սակայն, ըստ Եսայանի, կոռուպցիայի դեմ պայքարում կա երրորդ բաղադրիչը` պետական որոշումներին հասարակության մասնակցության ապահովումը, այդ մեխանիզմների ապահովումը, հասարակության առաջ պետական համակարգի թափանցիկության մեխանիզմների ստեղծումը:  «Ապրիլ-մայիս ամիսներին ժողովրդական շարժումից հետո պայմաններ ստեղծվեցին վերոնշյալ երրորդ բաղադրիչի իրականացման համար, սակայն այդպես էլ մնաց հրապարակի մակարդակի վրա: Ռեալ քայլեր այդպես էլ չարվեցին»,- ասաց նա: