կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-02 11:20
Տնտեսական

Հովիկ Աբրահամյանը արդեն չի խոստանում բարեկեցության աճ

Այսօր կառավարությունը ԱԺ-ին է ներկայացնում 2016թ. պետական բյուջեի նախագիծը:

Ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և, ներկայացնելով բյուջեի նախագիծը, նշեց, որ դրա հիմքում դրվել են իրատեսական ու կայունության դրույթներ: Նրա խոսքով՝ անկախ տարաբյութ տնտեսական զարգացումներից,՝ ստանձնած պարտավորությունները կառավարությունը պետք է իրականացնի:

«2016թ. պետական բյուջեն ևս ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային և առողջապահական ոլորտի ծախսերը»,- ասաց վարչապետը:

«Հարկաբյուջետային զարգացումները ողջ տարածաշրջանում վկայում են մի բանի մասին, որ գլոբալ կառուցվածքային փոփոխությունների, լարված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տնտեսական աճի, հանրային բարեկեցության բոլոր ասպեկտներում անմիջական բարելավումներ խոստանալը ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտեցում է»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ բազմաթիվ միջազգային փորձագետներ 2015-ի տարածաշրջանային զարգացումները գնահատում են ավելի ծանր, քան 2008-2009թթ. միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը, և նման պայմաններում Հայաստանում ինը ամիսների ընթացքում գրանցված 3,6 տոկոս տնտեսական աճը կառավարության մոտեցման արտացոլումն է անբարենպաստ արտաքին քաղաքական զարգացումներին:

Վարչապետը խոսեց նաև հարկային նոր օրենսգրքի մասին, որը կսկսի գործել 2018-ից: Նա հրավիրեց պատգամավորների՝ սկսել լայն քննարկումներ հարկային նոր օրենսգրքի շուրջ: Մանրամասները՝ տեսանյութում: