կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-04 11:40
Քաղաքական

Տնտեսական հաջողությունները, ցավոք, չեն ազդել բարեկեցության բարելավման վրա. Հովիկ Աբրահամյան

Տնտեսական հաջողությունները, ցավոք, չեն ազդել բարեկեցության բարելավման վրա. Հովիկ Աբրահամյան

Այսօր կառավարության նիստի օրակարգի քննարկումից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց 2016թ. առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշների մասին: Նա նշեց, որ, հիմնվելով 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալների վրա, կարելի է փաստել, որ առկա են որոշակի հաջողություններ, անգամ` շարունակվող գնանկման համատեքստում 2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվեց 4.4 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար-հունիս ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ, աճեց 4.8 տոկոսով: 2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության և առաջ եկող խոչընդոտներին ժամանակին և արդյունավետ արձագանքման շնորհիվ այդ տարվա բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական: Ըստ փորձագիտական գնահատականների` 2015 թվականին տեղ գտած արտաքին ցնցումները, առանց կառավարության կողմից իրագործված քաղաքականության, կարող էին բնակչության եկամուտները նվազեցնել 20-30 տոկոսով:

Վարչապետի խոսքով՝ արդեն իսկ տեսանելի են կառավարության՝ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքները: Եվ կառավարության նպատակն է եղել խթանել տնտեսական աճն արտահանման աճի շնորհիվ՝ զուգակցելով այն արտաքին առևտրի հաշվեկշռի պակասուրդի կրճատմամբ: Արտաքին առևտրաշրջանառության աշխուժացման արդյունք է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը:

Միաժամանակ, վարչապետը նշեց, որ տնտեսության մեջ առկա խնդիրներն ու մարտահրավերները շատ են, դեռ անելիքներ կան, և նշված տնտեսական հաջողությունները չեն ազդել բարեկեցության բարելավման վրա, ուստի կառավարությունը պետք է գործադրի ջանքեր կյանքի բարելավման ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:

«Փոփոխություններն իրողություն դարձնելու համար ուշադրության կենտրոնում պետք է պահենք բոլոր այդ մարտահրավերները: Հանձնարարում եմ բոլոր նախարարություններին` կիսամյակի վերջում հանրությանը ներկայացնել ոչ միայն ձեռքբերումները, այլև կոնկրետ նախաձեռնությունները, կոնկրետ ծրագրերը` ներգրավելով դրանցում հանրությանը: Միայն թափանցիկ մասնակցությունն է, որը թույլ կտա բարձրացնել տնտեսության մրցունակությունն ու կենսունակությունը»,- ասաց վարչապետը: