կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-21 15:29
Տնտեսական

Հովիկ Աբրահամյանը խոստանում է օգնել գինեգործներին

Հովիկ Աբրահամյանը խոստանում է օգնել գինեգործներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներին և քննարկել ոլորտի զարգացման ուղղությունները, հնարավորություններն ու հեռանկարները:

 

«Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսության զարգացմանը: Մենք պետք է կանգնենք գյուղացու կողքին: Համոզված եմ, որ ունենք մեծ հնարավորություն՝ գյուղը զարգացնելու համար: 2015 թվականի պետական բյուջեն մշակելիս կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու նաև ենթակառուցվածքների զարգացմանը, որպեսզի ներդրողների համար հնարավորություն ստեղծենք աշխատելու գյուղերում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

 

Գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները՝ ոլորտի զարգացման նպատակով:

 

Մասնավորապես, անդրադառնալով տնտեսվարողների բարձրացրած «Ակցիզային հարկի մասին» օրենքում առկա որոշ հարցերի՝ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներին աշխատել գինեգործների միության հետ՝ քննարկելու նշված օրենքը փոփոխելու հնարավորությունը՝ տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:

 

Հովիկ Աբրահամյանը կառավարության աջակցությունն է հայտնել գինեգործներին՝ գործարանները նորագույն տեխնոլոգիաներով համալրելու, նոր շուկաներ մուտք գործելու, բարձրակարգ սարքավորումներով լաբորատորիա հիմնելու և մասնագետների վերապատրաստման գործում: Միաժամանակ վարչապետը հորդորել է նրանց խաղողի մթերման աշխատանքները կազմակերպել բարձր մակարդակով՝ գյուղացիներին անհարմարություններ չպատճառելու համար:

 

Քննարկվել են նաև մթերվող խաղողի գինը, տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, արտահանման ուղղությամբ առաջացած խնդիրները, մասնավորապես Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը:

 

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Վերին Լարսի խնդրի մասին զրուցել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, ՀՀ և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել լուծել բնակլիմայական պայմանների հետևանքով հաճախակի առաջացող ձնակույտերի և սողանքների խնդիրը, որը բացասաբար է ազդում բեռնափոխադրումների ծավալի վրա: Հարցը վարչապետը կքննարկի նաև առաջիկայում Ռուսաստան նախատեսվող այցի ժամանակ: