Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն աչքի է ընկնում համաշխարհային և հայաստանյան պրեմիերաների մեծ թվով։ Կազմակերպիչները, տարբեր կոմպոզիտորների սիրված գործերին զուգահեռ, հայ ունկնդրին հաղորդակից են դարձնում նոր ստեղծագործությունների։ Այդպիսին էր հոկտեմբերի 14-ի կամերային համերգը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։
Ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի 100-ամյակին նվիրված երեկոյի ընթացքում կատարվեցին Սվիրիդովի ստեղծագործությունները, այդ թվում՝ 2 հայաստանյան պրեմիերա` «Պետերբուրգյան երգեր» շարքը սոպրանոյի, մեցցո-սոպրանոյի, բարիտոնի, բասի և դաշնամուրային տրիոյի համար՝ Ալեքսանդր Բլոկի խոսքերով, և «Հայրերի երկիրը» պոեմը տենորի, բասի և դաշնամուրի համար՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով։
Համերգին ելույթ ունեցան Արամ Խաչատրյանի անվան տրիոն, Քրիստինե Սաֆարյանը (սոպրանո), Գրետա Բաղիյանը (մեցցո-սոպրանո), Գրիգոր Աբրահամյանը (բարիտոն), Հայկ Տիգրանյանը (բաս), Վասիլի Ռոլիչը (դաշնամուր)։
Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահար Արմինե Գրիգորյանը նշեց, որ արդեն երկրորդ տարին են մասնակցում Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին. «2014-ին մեր մասնակցությունը շատ հետաքրքիր էր. ելույթ ունեցանք երեք գործիքային կոնցերտներով, տրիոյի երաժիշտները հանդես եկան որպես մենակատար Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ հնչեցնելով Խաչատրյանի ջութակի, դաշնամուրի կոնցերտները և թավջութակի համար գրված կոնցերտ-ռապսոդիան։ Այս տարի արդեն կկատարենք Սվիրիդովի գործերը»,- ասաց նա:
Ջութակահար Կարեն Շահգալդյանը փառատոնի անցկացումը շատ լավ գաղափար է համարում: «Շնորհակալ եմ Սերգեյ Սմբատյանին, որ նրա մոտ նման ցանկություն է առաջացել։ Հայաստանում անցկացվում են հրաշալի համերգներ, սակայն Հայաստանի մշակութային կյանքը մշտական երաժշտական, համերգային գործունեության կարիք ունի տարբեր մակարդակներում՝ կամերային, սիմֆոնիկ երաժշտություն և այլն։ Կարծում եմ՝ փառատոնի հիմնական գաղափարը հենց դա է՝ ապահովել տարբեր ժանրերի երաժշտության ներկայացումները։ Ուրախ ենք, որ Խաչատրյանի անվան տրիոն հանդես է գալիս փառատոնի շրջանակներում հենց այս ծրագրով։ Սվիրիդովը մեծ կապ է ունեցել Հայաստանի հետ, հայտնի է, որ նա եղել է Ավետիք Իսահակյանի արվեստի երկրպագուն։ Ու պատահական չէ, որ այսօր ներկայացվելիք գործերից մեկը գրվել է հենց Իսահակյանի խոսքերի հիման վրա»,- ասաց ջութակահարը: