կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-12 17:15
Քաղաքական

Անիմաստ զոհաբերում է իրեն. Կովալենկո Շահգալդյան

Անիմաստ զոհաբերում է իրեն. Կովալենկո Շահգալդյան

Կոտայքի ՀՀԿ-ական մարզպետ Կովալենկո Շահգադլայանը նորմալ է վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջին մարզպետների հրաժարականի վերաբերյալ, բայց, մյուս կողմից, հայտարարում է. «Իր գործն է, որ պահանջում է, բայց մենք իր պահանջը բանի տեղ դնո՞ւմ ենք»: Այս մասին ՀՀԿ-ական մարզպետն ասաց Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում, եւ երբ հետաքրքրվեցինք, թե ինչու «բանի տեղ չեն դնում», մարզպետը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ պետք է բանի տեղ դնենք»:

 

«Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է պահանջներ դնի, որոնց իրավունքն ունի, եւ որոնք հիմնավորված են: Հենց այնպես ես էլ կարող եմ պահանջել, որ Անգլիայում թագավորություն չլինի, է հետո՞...Ախր մարզպետի հրաժարականը պահանջելը ո՞րն է: Կարող է պահանջողներ լինեն, բայց մարզպետին նշանակում է ՀՀ կառավարությունը, ու հենց այդ կառավարությունն էլ մարզպետներին պաշտոնանկ է անում»,- հայտարարեց Շահգալդյանը:

 

-Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է, որ մարզպետներն էլ են կեղծել ընտրությունները:

-Գիտեք, Րաֆֆի Հովհաննիսյանի ասածը չգիտեմ` որ ոլորտից է, որեւէ հիմնավորում Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմով, իր կուսակիցներով չունի: Որեւէ բողոք չկա: Ոչ մի թերություն, ոչ մի սխալ չեն կարողացել արձանագրել: Ի՞նչ է նշանակում ընտրությունները կեղծված են: Կարելի է շատ բան ասել, բայց այդ ամենը պետք է հիմք ունենա:


-Պարո'ն Շահգալդյան, հիմա արդեն Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է ծայրահեղ քայլի` հացադուլի: Դուք ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

-Աստված իր հետ, իրեն առողջություն եւ դիմացկունություն եմ ցանկանում: Որոշում կայացնողն ինքն է. ուզում է հացադուլ անի, ուզում է չանի, ես դրա հետ ընդհանրապես որեւէ գործ չունեմ, որեւէ առնչություն չունեմ: Ես, որպես մարդ, կարծում եմ, որ ծայրահեղ քայլ է, նման բան պետք չէր անել: Ի՞նչ իմաստ ունի, որ մարդն անիմաստ զոհաբերում է իրեն:

 

-Հովհաննիսյանը հայտարարել է, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կերդվի միայն իր դիակի վրայով: Ինչ-որ բան պատրաստվո՞ւմ եք անել, որ մարդն «անիմաստ չզոհաբերի իրեն»:

Ծիծաղում է:

 

-Պարո'ն Շահգալդյան, բայց Րաֆֆի Հովհաննիսյանն ամենայն լրջությամբ է հայտարարել դա, ավելին` ընդգծել է, որ իր ասածն ուղիղ իմաստով հասկանանք:

-Դե, եթե ամենայն լրջությամբ է հայտարարել, Աստված իր հետ, եթե ինքը որոշում է կայացրել, ես գնամ իր որոշումները փոխե՞մ:

 

-Այսինքն` անկախ ամեն ինչից, երդման արարողություն կլինի՞:

-Իհարկե, որովհետեւ Սահմանադրության պահանջն է: Րաֆֆին ինչ կուզի` անի, դա արդեն իր խնդիրն է... Սաղ դուք (խմբ.-նկատի ունի ԶԼՄ-ներին) եք մեղավոր, ի՞նչ եք էդ մարդուն հրահրում, ինտրիգներ եք անում, էդ մարդն էլ ոգեւորվում, ոգեշնչվում ա: Րաֆֆիին մի' բորբոքեք, ինքը շատ հանգիստ մարդ ա, դուք եք իրան բորբոքում:

 

-Ուզո՞ւմ եք ասել` այս ամենի մեղավորը մամուլն է, երկրում ստեղծված իրավիճակի մեղավորները լրագրողնե՞րն են:

-Այո, նաեւ լրագրողները:

 

-Հետաքրքիր է, իսկ իշխանությունները մեղավոր չե՞ն:

-Իշխանությունները բացարձակապես ոչ մի մեղավորություն չունեն: Րաֆֆի Հովհաննիսյանը որեւէ հիմք չունեցող ինքնագործունեությամբ է զբաղված:

 

-Երեւի արտագաղթի եւ աղքատության մեծացող տոկոսների մեջ է՞լ իշխանությունները մեղքի բաժին չունեն:

-Մեկը մյուսի հետ կապ չունի: Համ էլ, հիմա որ Րաֆֆին հացադուլ է անում, արտագաղթ չի՞ լինելու: Նա պետք է տրամաբանության մեջ տեղավորվող առաջարկություններ անի: Անտրամաբանական առաջարկությունները, բնականաբար, մերժվելու են:

 

-Լավ, այս ամեն ինչպե՞ս կավարտվի, ըստ Ձեզ` ո՞րն է լինելու սրա վերջը:

-Ապրիլի 9-ին նախագահը երդում կտա, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ տուն կգնա:

 

Զրուցեց Ագնեսա ԽԱՄՈՅԱՆԸ