կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-18 18:25
Քաղաքական

Կաշառք բաժանելու անհրաժեշտություն չկա. Կովալենկո Շահգալդյան

Կաշառք բաժանելու անհրաժեշտություն չկա. Կովալենկո Շահգալդյան

Կոտայքի մարզում ընտրություններն անցնում են նորմալ, բնականոն հունով, ընտրախախտումներ էլ չկան: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում վստահեցրեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Ակտիվությունն, ըստ մարզպետի, մեծացել է 11:00-ից հետո, մարդկանց կուտակումներ, սակայն, չկան: Քաղաքացիական իր պարտքը Կոտայքի մարզպետն արդեն կատարել է Չարենցավան քաղաքում:

 

«Ես ընտրել եմ հանուն մեր ապագայի, մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի, ուզում եմ, որ մեր ժողովուրդն ապրի բարեկեցիկ եւ արժանավայել կյանքով»,- հայտարարեց նա:

 

Հարցին, թե, ըստ որոշ լուրերի, հենց Չարենցավան քաղաքում 7-10 հազար դրամ ընտրակաշառք է բաժանվել, մարզպետը պատասխանեց. «Մեկը մի հատ ինֆորմացիա է ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ ու գրել` Կոտայքի մարզում ոմն Արմենը կաշառք է բաժանում: Այդ նույն հաջողությամբ կարելի է գրել, որ, օրինակ, Ֆրանսիայում, Ճապոնիայում ընտրակաշառք է բաժանվում... Հիմքեր չկան»:

 

Մարզպետը հայտնեց, որ իրավապահ մարմինները Կոտայքի մարզից ընդամենը 5 տեղեկատվություն են սատցել, ոչ մեկն էլ հիմք չունի: Շահգալդյանը զարմացած է. «Ախր ինչի՞ պետք է ընտարակաշառք բաժանվի: Կաշառք բաժանելու անհրաժեշտություն չկա»:

 

Հարցին, թե շարունակում է վստահ լինել, որ Սերժ Սարգսյանը վերընտրվելու է, մարզպետը հայտարարեց. «Ես դրանում կասկած անգամ չունեմ: Անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Բագրատյանը դրանում չեն կասկածում, ես ո՞նց կարող եմ կասկածել»: