կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-08 11:18
Սպորտ

Հույզերս կդնեմ մի կողմ և կխաղամ ինչպես միշտ. Գաել Անդոնյան

Հույզերս կդնեմ մի կողմ և կխաղամ ինչպես միշտ. Գաել Անդոնյան

Հոկտեմբերի 7-ին Նիս քաղաքի «Ալյանս Ռիվիերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանի մամուլի ասուլիսը: Առաջինը լրագրողների հարցերին պատասխանեց Գաել Անդոնյանը: 

Նախորդ խաղում առաջին անգամ ձախից էիր խաղում: Ինչպիսի՞ն էր այդ փորձը, ավելի հարմար է խաղալ ձախի՞ց, թե՞ կենտրոնում:

 - Առաջին անգամ խաղացի ձախ եզրում Դանիայի հետ խաղում: Ասեմ, որ միշտ կանեմ առավելագույնը  հօգուտ մեր թիմի:

 Ի՞նչ է Ձեզ համար նշանակում խաղալ Ֆրանսիայից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ հաշվի առնելով այն, որ Դուք միշտ խաղացել եք Մարսելի «Օլիմպիկում»: Այժմ Հայաստանի համար խաղալը ի՞նչ նշանակություն ունի Ձեր համար:

 - Սա յուրահատուկ խաղ կլինի ինձ համար, քանի որ իմ ընտանիքի անդամները նույնպես կլինեն մարզադաշտում: Ես ծնվել եմ Ֆրանսիայում և գիտեմ, որ խաղի ընթացքում հատուկ ուշադրություն է լինելու իմ նկատմամբ: Բայց ամեն դեպքում խաղը մնում է խաղ, խաղալու ենք գերազանց հակառակորդի դեմ: Հույզերս կդնեմ մի կողմ և կխաղամ ինչպես միշտ:

 - Քո կարծիքը Ֆրանսիայի հավաքականի վերջին հանդիպումների մասին:

 - Չգիտեմ, թե ինչքանով է ճիշտ, որ ես կարծիք հայտնեմ Ֆրանսիայի հավաքականի լավ կամ վատ խաղալու մասին: Ես ծնվել եմ Ֆրանսիայում, բայց այժմ խաղում եմ Հայաստանի հավաքականում: Հնարավորություն չեմ ունեցել խաղերը դիտելու, սակայն մնում եմ այն կարծիքին, որ Ֆրանսիայի հավաքականում խաղում են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստները: Համոզված եմ, որ Ֆրանսիան ավելի ուժեղ է քան Պորտուգալիան: